«Ես ընդունում եմ, որ միգուցե օրենքը խախտել եմ, բայց ես չեմ գնացել որևէ մեկի դեմ, ես չեմ գնացել որևէ մեկի օգտին: Ես գնացել եմ ի շահ պետության». Հակոբ Ճաղարյան

Երեկ irakanum.am-ի տաղավարում «ՖլայՄի» ավիաընկերության հիմնադիր-օդաչու Դավիթ Սարգսյանը և նույն ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Էդգար Անդրեասյանը պատմում էին իրենց նկատմամբ ՀՀ վարչապետի ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի կողմից իրականացված ճնշումների ու ընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա ամեն կերպ խոչընդոտելու մասին:

«Մենք մեր ինքնաթիռը նորմալ ձեռք ենք բերել ու Ֆրանսիայից բերել ենք, իրականացրել ենք գրանցում: Այս պահին գիտենք, որ կան գրանցման տարբեր աստիճաններ՝ մասնավորով գրանցում, իսկ եթե պետք է ուսումնական թռիչքների համար ուսանողների վերապատրաստեինք, դա գրանցման այլ տեսակ է ենթադրում: Այսինքն՝ պետք է անցնեինք վերագրանցում և նոր սերտիֆիկատներ ձեռք բերեինք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Էդգար Անդրեասյանը:

Ըստ նրա՝ հենց այս սերտիֆիկատների ձեռքբերման ընթացքում էին նրանց մոտ անընդհատ խնդիրներ առաջանում, բայց իրենց խնդիրը միայն դա չի եղել:

«Հիմնական խնդիրը դրանց առաջացման ինչ-որ սուբյեկտիվ օժանդակությունն է»,- նշեց իրավաբանը:

Մեր հարցին, թե հարցազրույցի ընթացքում նշում էիք ինչ-որ բողոքարկման մասին, ինչի՞ մասին էր խոսքը, Էդգար Անդրեասյանը պատասխանեց, որ հայտարարվել էր ինքնաթիռի վարձակալության գնում, այն պարամետրերով ինքնաթիռի, որն իրենք ունեն, սակայն իրենք այդ գործընթացին կարող էին մասնակցել միայն սերտիֆիկատի առկայության պայմաններում:

Նա նշում է, որ բոլորը, այդ թվում և՝ Քաղավիացիայի վարչությունում, և ինքը՝ Հակոբ Ճաղարյանը, գիտեին, որ վարձակալողը սպասում է իրենց սերտիֆիկատին, որ տեսնեն, թե ով է հարմար տարբերակ առաջարկում:

«Սերտիֆիկատի ձեռքբերման գործընթացում անընդհատ ձգձգումներ էին լինում, և երբ հասել էր արդեն այն կետին, որ այսօր-վաղը մեր սերտիֆիկատը պետք է լիներ, միանգամից գնում են հայտարարում, որպեսզի 3 օրում չհասցնենք սերտիֆիկատ ունենալ, հաղթող չլինի, և ինչպես ես իմ հարցազրույցում էի ասում, դա պայմանավորված էր նրանով, որ պարոն Ճաղարյանն արդեն իսկ գտել է և պայմանավորվել ինչ-որ ընկերության հետ, որ այս գնումները ոչինչ են, այս ամնեը ֆիկտիվ է, 75 000 դոլարով ինքը վարձակալության իրավունքը կտա այդ ընկերությանը: Մենք բողոքարկում էինք այդ գործընթացը»,- ասաց Էդգար Անդրեասյանը:

Մեր հարցին, թե Հակոբ Ճաղարյանն ի պաշտոնե իրավունք ունե՞ր այդ գործընթացին միջամտելու, Էդգար Անդրեասյանը պատասխանեց, որ որևէ պաշտոնատար անձ այդ իրավունքը չուներ:

«Հակոբ Ճաղարյանն ասաց, որ ավիացիոն ոլորտի պատասխանատուն ինքն է, այս ամենն իրեն են հանձնարարել, որ կազմակերպի, բայց մենք վստահ ենք, որ ինքը վարչապետի հանձնարարությամբ չէր այդ ամենն իրականացրել, այլ իր անձնական մղումով»,- շեշտեց «ՖլայՄի» ընկերության իրավաբանական բաժնի ղեկավարը՝ չմեկնաբանելով, թե ինչն էր Հակոբ Ճաղարյանի անձնական մղումը:

Ըստ իրավաբանի՝ նա կամ պետք է կատարեր հանձնարարական, ինչը բացառվում է, կամ իր անձնական ոլորտին առնչվող գործողություն է, այսինքն՝ որևէ անձնական նկատառում կա:

«Այդ կազմակերպության հետ առնչություն ունի, սեփականատիրոջից այլ, իրավական թե հակաիրավական ակնկալիք ունի, բայց ամեն դեպքում՝ ոչ որպես պաշտոնատար անձի ակնկալիք է, ոչ պետական շահի ակնկալիք»,- իր նկատառումները ներկայացրեց ընկերության իրավաբանը:

Նա նաև տեղյակ չէր, թե այս իրավիճակի մասին տեղյա՞կ են արդյոք Քաղավիացիայի կոմիտեում, բայց ողջամտորեն ենթադրվում է, որ ինֆորմացիայի փոխանակում պետք է որ եղած լինի: Էդգար Անդրեասյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տեսանյութում՝ 9.21 րոպեից երևում է, որ Հակոբ Ճաղարյանը թղթի վրա նշումներ է կատարում և փոխանցում ավիաուսումնական կենտրոնի ներկայացուցիչ հանդիսացող, սակայն Քաղավիացիայի կոմիտեի գնումների աշխատակցին:

«Չգիտեմ, թերևս կամ հուշում էր, կամ ինչ-որ նշում, բայց անկախ ամեն ինչից՝ չի կարելի նման վարքագիծ դրսևորել»,- եզրափակեց Հակոբ Անդրեասյանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի՝ ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը սույն մեղադրանքներին կտրուկ արձագանքեց՝ սուտ է:

«Նախ, երկրորդ ընկերություն առայժմ չկա, և երկրորդ՝ հայտարարված է օդանավի տենդեր: Այստեղ գլխավոր խոսքն օդանավն է: Գնման գործընթացը կատարվում է կոմերցիոն ավիաընկերության, օդանավի հետ, որը համապատասխանում է որոշակի պահանջների: Օդանավը պետք է ունենա համապատասխան փաստաթղթեր: Դա Չիկագոյի կոնվենցիայի պահանջն է: Նույն կոնվենցիայի 29-րդ հոդվածի պահանջին համապատասխան՝ Հայաստանն ունի «Արմէյր օփս» փաստաթուղթը, որտեղ կոնկրետ գրված է՝ ինչ փաստաթղթեր պետք է լինեն»,- ասաց վարչապետի խորհրդականը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ, եթե մրցույթ հայտարարում է օդանավի մասին, չի կարելի բերել աղբի մեքենա կամ տրակտոր ու ասել՝ ես մասնակցում եմ մրցույթին ու մրցույթի պահանջները բողոքարկում եմ:

Հակոբ Ճաղարյանն ասում է, որ ինքը դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել է գործընթացը, դիմել է վարչապետին ու խնդրել գումար հատկացնել, որ այս 6 հոգին, որոնց վրա արդեն իսկ ահռելի գումար է ծախսվել՝ 474 միլիոն դրամ, ինչն արդեն իսկ փոքր թռիչքաժամերը և կրթական ժամերը տալու համար հսկայական գումար է, ավարտին հասցնեն գործընթացը:

«Իրենց օդանավը չունի օդանավ լինելու համապատասխան փաստաթուղթ, տենդերին մասնակցելու համար տեխնիկական բաղադրիչները չեն բավարարում: Չիկագոյի կոնվենցիայի 29-րդ կետը, որին նաև Հայաստանն է մասնակից, պարզ ասում է, թե ինչ փաստաթղթեր պետք է ունենա օդանավը՝ գրանցման վկայական, համապատասխան գործունեության համար թռիչքային պիտանելիության վկայական, ռադիոկայանների վկայական, աղմուկի վկայական: Բացի դրանից, ընկերությունը պետք է համապատասխանի որոշակի պահանջների և ունենա համապատասխան տեխնիկական սպասարկում սերտիֆիկացված ընկերության կողմից, կամ ունենա պայմանագիր սերտիֆիկացված ընկերության հետ»,- նշեց վարչապետի խորհրդականը:

Վերջինս նկատում է, որ «ՖլայՄի» ընկերությունն այդ պահանջներից ոչ մեկին չի համապատասխանում, իրենց օդանավը կոմերցիոն օդանավ չէ:

«Ես ընդունում եմ, որ միգուցե ես օրենքը խախտել եմ, եթե իրավաբանն ասում է, բայց ես չեմ գնացել որևէ մեկի դեմ, ես չեմ գնացել որևէ մեկի օգտին: Ես գնացել եմ ի շահ պետության: Ես գնացել եմ, որ այդ 474 միլիոն դրամը չկորչի, և ես գնացել եմ ի շահ անվտանգության, որովհետև համապատասխան ուսանողական թռիչքները պետք է կատարվեն համապատասխան օդանավով, որը համապատասխանում է օդանավ լինելու՝ միջազգայնորեն ընդունված պահանջներին և միջազգային օրենքների տեղայնացված տարբերակին: Իմ գնալու առիթը դա է եղել»,- պնդում է Հակոբ Ճաղարյանը:

Նա շեշտում է, որ չկա ուրիշ մասնակից, որին ինքը պետք է լոբբինգ աներ, ինքն ընդհանրապես լոբբինգ չի անում:

168.am-ի հարցին, թե չի՞ եղել խոսակցություն այն մասին, թե կա ուրիշ մասնակից, որը 75.000 դոլարով այդ գնումը կիրականացնի, վարչապետի խորհրդականը պատասխանեց, որ խոսքն «ուրիշ մեկի մասին չէ»:

«Ես ասել եմ, որ այդ օդանավերի մեկ ժամի արժեքը մաքսիմում 300 դոլար է, և վարչապետին ներկայացրած իմ զեկուցագիրը պարունակում է հենց այդ հաշվարկը: Ես ոչ թե ասել եմ, որ կա ընկերություն, որը դա կանի, այլ հաշվել եմ, որ կա 201 թռչելու մնացորդ, 201 ժամը 300 դոլարով՝ կազմում է 60200 դոլար: Դրանից բացի, օդանավը թռիչքներ կատարելիս նավիգացիոն և թռիչք-վայրէջք ծախսերի համար է վճարում, բացի դրանից, օդանավը կարող է տեղափոխվել ուրիշ տեղից: Այն ժամանակ, երբ մի քանի ամիս առաջ ես վարչապետին դիմել եմ, Հայաստանում դեռևս ոչ մի օդանավ չկար, որը կարող էր գնալ, մասնակցել»,- ասաց Հակոբ Ճաղարյանը:

Հարցին, թե այս միջադեպից վարչապետը տեղյա՞կ է արդյոք, Հակոբ ճաղարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, և եթե ինքն ինչ-որ լիազորություն է վերազանցել, դա ինքն է արել, և վարչապետը դրանից տեղյակ չէ:

«Ես թույլտվություն չեմ խնդրել վարչապետից՝ այդ պրոցեսին մասնակցելու: Ես փաստաթղթեր եմ ներկայացրել, ասել եմ, որ վարչապետի խորհրդականն եմ»,- նշեց Հակոբ Ճաղարյանը՝ հավելելով, որ ի սկզբանե ինքը խնդրել է, որ այդ գործընթացի կուրացիան ինքն իրականացնի: Ինքը պատասխան չի ստացել, և այս ամենն իր անձնական նախաձեռնությունն է:

«Հասկանալի է, չէ՞, որ մարդիկ ինձ մեղադրում են: Եթե ես շահադիտական նպատակներ ունենայի, իմ անձնական օդանավերից մեկը չէի թողնի ու գայի, պետական պաշտոն զբաղեցնեի: Այս ընթացքում և ընդհանրապես որևէ բիզնես գործունեություն չեմ ծավալել»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս