Ըստ մեղադրանքի՝ Մեսրոպ Գրիգորյանին ծառայակիցը սպանել է իր տեսանկարահանող հեռախոսը չվերադարձնելու համար
Փետրվարի 11-ին ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանի սպանության գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գործով մեղադրյալն Աշոտ Կիրակոսյանն էՙ N զորամասի զինծառայող:
Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Կիրակոսյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային, 2019 թ. հունվարի 31-ից զորամասի հրամանատարի հրամանով ստանձնել է «Զավախք» մարտական դիրքում մարտական հերթապահությունը: Տվյալ դիրքում նույն դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանը նրա «Այֆոն 5Ս» տեսակի բջջային հեռախոսը չի վերադարձրել և այդ պատճառով առաջացած վրեժի շարժառիթով, 2019 թ. փետրվարի 11-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մեսրոպ Գրիգորյանին դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրով մտել է դիրքի կացարան, դիմելով ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանին’ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել իր կողմից մոր հետ խոսելուն խոչընդոտողի հասցեին, լիցքավորել գնդացիրը, զենքի փողն ուղղել կացարանում գտնվող, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանի ուղղությամբ և արձակել է նպատակային կրակահերթեր ու բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելով՝ սպանել վերջինիս:
Աշոտ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, Կիրակոսյանը կալանավորված է:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ 14.08.2018թ. թիվ 858 հրամանով «ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու» կանոնակարգի համաձայն՝ տեսանկարահանող սարքով համալրված հեռախոսների օգտագործումը զինված ուժերում արգելված է: