«0038 հրամանի և 2008թ. մարտի 1-ին զորք ներգրավելու փաստերի մասին քննության անհրաժեշտություն առաջացել է 2018թ. ԱԺ լսումներից հետո». դատախազ Կարեն Բիշարյան

«Դատախազին կարելի է «մեղադրել» կողմնակալության մեջ, եթե «մեղադրողը» փաստացի կներկայացնի կողմնակալության հիմքերը»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը՝ անդրադառնալով պաշտպանների՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:

Պաշտպանական կողմի՝ ինքնաբացարկի միջնորդությանն անդրադառնալիս նա ասաց, թե որոշակի դիրքորոշման փոփոխությունն այլ է:

Անդրադառնալով 2018 թվականի փետրվարի 23-ի Ազգային ժողովի լսումներում իր ելույթներին՝ ասաց, թե ինքը ոչ թե իմպերատիվ դիրքորոշում է արտահայտել, որ չկա Քոչարյանին որպես վկա հարցաքննելու անհրաժեշտություն, այլ գրեթե բառացի ասել է, որ ցանկացած անձի, նաև Ռոբերտ Քոչարյանին, հարցաքննելը չպետք է լինի աննպատակ:

Դատախազը գրեթե հիշում է, որ ավելի քան մեկ ու կես տարի առաջ խոսելիս չի ասել, որ այլևս չեն հարցաքննելու Քոչարյանին:

Անդրադառնալով պաշտպանական խմբի հարցին, թե ինչ էր փոխվել ելույթից չորս ամիս անց, Բիշարյանը պատասխանեց, որ 4 ամիս 10 օր հետո փոխվել են գործով ձեռք բերված տվյալները:

Ելույթում Բիշարյանը նաև ասաց, որ  0038 հրամանը քրեական գործում չկա, և ինքը նման հրամանի քրեական գործում չի հանդիպել: Ավելին, Բիշարյանը հայտնեց, որ 0038 հրամանի մասով քննություն սկսելու անհրաժեշտություն առաջացել է ԱԺ լսումներից հետո:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազն անդրադարձավ նաև գործում զորքի ներգրավման մասին փաստական հանգամանքների առկայությանը: Նա ասաց, որ քրեական գործի նյութերում զորքի ներգրավման մասին փաստական հանգամանք չի եղել ու այդ մասով քննություն սկսելու անհրաժեշտություն կրկին առաջացել է ԱԺ լսումներից հետո:

«Երբևէ կողմնակալ չեմ եղել, որևէ դիրքորոշում չեմ հայտնել, որը հիմնված չի եղել փաստական տվյալների հիման վրա, անկախ նրանից՝ ում համար դա կարող է հաճելի լինել, ում համար՝ տհաճ»,- ելույթն ավարտելիս ասաց դատախազ Կարեն Բիշարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս