Ինքնաբացարկի միջնորդություն՝ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին գործով որպես մեղադրող դատախազ ներգրավվելու միջնորդություն հայտնեց դատախազ Կարեն Բիշարյանը:

Դրան միանգամից հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդությունը՝ դատախազ Բիշարյանին ինքնաբացարկ հայտնելու մասին:

«2018 թվականի փետրվարի 23-ին դատախազ Բիշարյանն ԱԺ ամբիոնից Քոչարյանի վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս գեներալների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան»,- միջնորդությունը ներկայացնելիս՝ ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ դրանից հետո փաստական հանգամանքներ չեն ավելացել: Հետևաբար՝ տարիներ առաջ պնդել մի բան, իսկ այսօր դատարանում հայտարարել, թե ցանկանում է մեղադրանքը պաշտպանել, Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանական կողմի համար անհասկանալի է:

Ըստ Խուդոյանի՝ դատախազ Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և չի կարող գործով ներգրավվել որպես մեղադրող:

Հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ գործով դատախազ Բիշարյանի ներգրավմամբ կխախտվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ և 18-րդ հոդվածները, քանի որ, ըստ փաստաբանի, Բիշարյանը կանխակալ վերաբերմունք է ունեցել  մեկ տարի առաջ, երբ ԱԺ-ում նման հայտարարություն էր արել, կամ հիմա, երբ ասում է, որ ցանկանում է պաշտպանել Քոչարյանին տրվող մեղադրանքը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Ռուբեն Սահակյանը ևս միացավ միջնորդությանը:

«Հիմա ի՞նչ փոխվեց, որ պարոն Բիշարյանի դիրքորոշումը փոխվեց: Իրավական ոչինչ չի փոխվել: Պարզապես կա քաղաքական պատվեր»,- ելույթն ավարտելիս ասաց Ռուբեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ժամը 13:10-ից մեկնարկել էր Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս