Դասադուլը շարունակվում է. ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն ուսանողների նամակին չի պատասխանել
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլը շարունակվում է: Նոյեմբերի 20-ին ուսանողները նամակ էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին, որում մասնավորապես ասվում էր, որ ակնկալում են նրա աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց համալսարանում:
Երեկ լրացել է օրենքով սահմանված՝ նամակին պատասխանելու համար անհրաժեշտ 3 աշխատանքային օր ժամկետը:
«Նամակի պատասխանը չեկավ: 3 աշխատանքային օր սպասել ենք, դասադուլ չենք արել: Մեր խնդրանք-պայմանը չբավարարվեց, և մենք վերսկսել ենք դասադուլը: Պահանջները նույնն են՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով պետք է պարտադիր լինեն Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները: Դասադուլն անժամկետ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գյուլումյանը:
Ուսանողները շարունակում են պահանջել նաև հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Գևորգ Գյուլումյանը պնդում է՝ հանդիպումը պետք է Համալսարանում լինի, իրենք փոքր խմբով նախարարություն չեն գնալու:
Դասադուլի դադարեցման օրը դասախոսները մեզ հետ զրույցում ասել էին, որ ողջունում են ուսանողների՝ իրենց պահանջները գրավոր ձևակերպելու և լսարաններ վերադառնալու քայլը, սակայն վերադարձը կարճ տևեց:
«Դասախոսները ողջունում են մեր պայքարը, սակայն ուզում են մեզ լսարաններում տեսնել, քանի որ իրենք երկար տարիների դասախոսներ են և ցավով են նայում դատարկ լսարաններին»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խումբը շարունակում է նաև հանդիպումները ֆակուլտետների դեկանների հետ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ