Բաժիններ՝

«ԿԳՄՍ նախարարը լարված էր և բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան

ԵՊՀ Հայոց լեզվի և պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ողջունում է ուսանողների որոշումը՝ 3 օրով դադարեցնել դասադուլը: Դասախոսն ասում է՝ դասադուլն ինքնանպատակ չի կարող լինել, ուսանողները ճիշտ են կողմնորոշվել:

«Ճիշտ որոշում է, կարծես տարակարծություններ առաջացրած հանդիպումը ԿԳՄՍ նախարարի հետ նաև դրական ազդեցություն ունեցավ: 15 օր հետո Կրթության մասին օրենքի հիմնական, աշխատանքային տարբերակը կլինի e-draft.am-ում: Մի շարք կետեր նախարարությունն արդեն փոխել է, կարծում ենք՝ դեռ էլի փոփոխություններ կլինեն: Ճիշտ կողմնորոշվեցին ուսանողները, որ իրենց պահանջները գրավոր ձևակերպեն ու նամակի տեսքով ուղարկեն ռեկտորին»,- ասաց Նարինե Դիլբարյանը:

2 օր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդիպմանը Նարինե Դիլբարյանը ևս մասնակցել էր, ասում է՝ նախարարը բարեկամաբար չէր տրամադրված:

«Շատերը մեզ ամբաստանեցին, որ մենք խեղճացած էինք, թշվառ էինք, չպաշտպանեցինք մեր դիրքորոշումները: Ես կարծում եմ, որ բոլոր մտահոգող հարցերը հնչեցին: Ավարայրի ճակատամա՞րտ էր ակնկալվում, մենք ճակատամարտի դուրս չէինք եկել:
Նախարարը լարված էր և բարեկամական դիրքորոշում չուներ: Այդ քննարկման ժամանակ ինքն ասաց, որ իր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել, ես պնդում եմ՝ համապետական հարցերը պետք չէ անձնավորել և կուսակցականացնել:  Քննարկումը վերածվեց խոսքամարտի երկու կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և «Իմ քայլի» միջև, փոխադարձ ամբաստանությունների, որը պատեհ չէր: Առաջարկում եմ ավելի ջերմ և կառուցողական վերաբերմունք որդեգրել և ավելի տեղեկատվական»,- ասաց Նարինե Դիլբարյանը:

Քննարկման ժամանակ նախարարը կոչ էր արել դասախոսներին «լեզու գտնել» իրենց գործընկերների հետ, համոզել նրանց, որ Հայոց լեզուն, գրականությունը և Հայոց պատմությունը ոչ մասնագիտական ֆակուլտետների համար պարտադիր են: Նարինե Դիլբարյանը պնդում է՝ դա իրենց խնդիրը չէ:

«Մենք, իհարկե, կարող ենք ծրագրային հարցերում ինչ-որ բաներ համոզել մեր գործընկերներին, բայց հայոց լեզվի՝ իբրև պետական լեզվի դասավանդումը լավ կառուցված չէ, և դա միայն բանասերների խնդիրը չէ,  լիազոր մարմինների խնդիրն է»:

Նարինե Դիլբարյանը վստահ է՝ Հայոց լեզուն, Գրականությունն ու Հայոց պատմությունը պետք է պարտադիր դասավանդվեն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս