«Գիտեինք, որ սրիկայից սրիկայություն սպասելն առնվազն ժամանակի խնդիր է». Պանրագործների միության նախագահ
Հուլիսի 27-ից սկսած կսահմանափակվի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող կաթնամթերքը։ Այս մասին հուլիսի 24-ին հայտնել էր Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։
«Ռոսսելխոզնադզորը», հիմք ընդունելով 2026 թվականի հուլիսի 14-21-ը Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները, դիմել է Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27-ից դադարեցնել Հայաստանի բոլոր կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի համար ռուսական հասցեատերերին մատակարարումների անասնաբուժական սերտիֆիկատների տրամադրումը։
Մինչ այս սահմանափակվել էր նաև Հայաստանից պտուղ-բանջարեղենի, ծաղիկների արտահանումը դեպի ՌԴ շուկա։
Ի՞նչ խնդրի առջև կարող են կանգնել կաթնամթերք արտադրող հայ տնտեսվարողները, արդյո՞ք այս պահին, բացի ռուսական շուկայից, հայկական կաթնամթերքն արտահանվում է նաև այլ շուկաներ։
«Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս խնդրի առնչությամբ որևէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ իր համար էլ դեռևս շատ հարցեր պարզ չեն։
«Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև լրիվ չեմ տիրապետում տեղեկատվությանը։ Ճիշտ է՝ կարդացել եմ, թե ինչ են գրել, բայց ինձ համար մութ տեղեր դեռևս շատ կան, Էկոնոմիկայի նախարարության հետ ճշտեք, թե ինչ է կատարվել։ Ես էլ պետք է գնամ նախարարություն և ճշտեմ, թե ինչո՞ւ է այդպես եղել։ Հարցեր կան, որոնք ինձ համար էլ պետք է պարզեմ»,- հակիրճ նշեց Խաչատուր Պողոսյանը։
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով՝ Հայաստանի պանրագործները, ի տարբերություն մյուս ոլորտների ներկայացուցիչների, արտահանման հարցերում թրծված են, փորձ ունեն։ Հայաստանի պանրագործների համար տեղի ունեցածն անակնկալ չի եղել։
«Մենք գիտեինք, որ սրիկայից սրիկայություն սպասելն առնվազն ժամանակի խնդիր է։ «Ռոսսելխոզնադզորը» դեռև 2000-ականներից սկսած՝ միշտ էլ հայ պանրագործի «արյունը խմել» է, չեմ ուզում շատ քաղաքականացնել, բայց մենք միշտ էլ տուժողի դերում ենք եղել։ Նույնիսկ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանի պանրագործությունն այնպիսի մեծ վնաս է կրել, որ կարող ենք միլիարդներով չափել։ Կարճ ասած՝ մենք արդեն փորձ ունենք ու ճանապարհ ենք անցել Ռուսաստանի հետ կապված առևտրային հարաբերություններում։ Քանի որ այդ փորձը կար, քայլ առ քայլ ոչ հեշտ ճանապարհով փորձել ու փորձում ենք այլընտրանքային շուկաների հետ աշխատանքներ տանել։ Վերջին ժամանակներս Պանրագործների միությունն այս հարցում ավելի է ակտիվացել, արտահանումներ կան Միացյալ Նահանգներ, փոքր քանակով արտահանվում է արաբական երկրներ, և այդպես շարունակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գիգոյանը։
Նրա խոսքով, կան հայ պանրագործներ, որոնք մինչև այս պահն ուղղվածությունը պահպանել են ռուսական շուկայում աշխատելու մասով և այսօր հայտնվել են անհարմար վիճակում։ Այն փաստի առաջ, որտեղ հիմա կանգնել են այդ պանրագործները, և վնասները, որոնք կրելու են՝ բավականին զգալի են։
«Ափսոսանք կարող ենք միայն հայտնել, բայց փաստը մնում է փաստ, որ ոլորտի մի շարք աշխատողներ սկսել են աշխատանքներ այլ շուկաներ դուրս գալու համար։ Ունե՞նք լավ ցուցանիշներ, թե՞ ոչ, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց աշխատանքները տարվում են։
Այս աշխատանքները չենք կարող վերագրել մեկ սուբյեկտի, պետությունն իր հերթին է աշխատել, մենք՝ մեր։ Կարող էինք պետության մասով ավելի շատ աշխատանք ակնկալել, պետությունն էլ կարող էր մեզանից ակնկալել շատ աշխատանք, բայց ամեն դեպքում, լավ թե վատ, աշխատանք եղել է։ Պետության հիմնական դերակատարումն այն է եղել, որ աջակցել են ցուցահանդեսներում հայ արտադրողներին ներկայացնելու մասով։ Իսկ մենք անձնական ու տարբեր կապերով պոտենցիալ հաճախորդների ենք գտել, ուղղորդել դեպի ցուցահանդեսներ, և այլն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հայ պանրագործները կարողանո՞ւմ են մեծ ծավալով արտադրանք ապահովել և՛ ներքին, և՛ արտաքին շուկաների համար, Արմեն Գիգոյանը նախ պատասխանեց, որ Պանրագործների միությունը ձևավորվել է ոչ թե արտահանման կարիքները բավարարելու համար, այլ առհասարակ ոլորտում առկա հարցերի կարգավորման նպատակով։
«Այդ պահին Հայաստանում արտահանումը պանրագործության ոլորտում առաջնային չէ, որովհետև մենք ապրում ենք անցումային ժամանակաշրջան՝ հումքի, կաթի արտադրության մասով։ Սա ուղիղ կապ ունի տեղական կաթի վերամշակման համար, այսինքն՝ կարող ենք շատ բան պլանավորել, բայց եթե հումքի հետ կապված խնդիր կա, դա կարող է պլաններն առնվազն զսպել։
Հիմա մենք ունենք շատ մեծ դեֆիցիտ կաթի արտադրության մասով, անցումային ժամանակաշրջանն ավելի է ձգձգվում, քան կարող էինք պլանավորել, բայց հուսանք՝ սա ժամանակի հարց է և տեսանելի ապագայում կկարգավորվի»,- նշեց Ա. Գիգոյանը։
Մեր զրուցակիցը միաժամանակ ասաց, որ հայ պանրագործների թիվը վերջին ժամանակահատվածում նվազել է, ինչը պայմանավորված է շուկայի կարգավորմամբ։ Նախկինում անկանոն մասնակիցների թիվը շատ էր, այժմ աստիճանաբար կարգավորվում է։
«Իհարկե, կան գործոներ, որոնք վերջին 5-6 տարում քանակի առումով թվի աճ են ապահովել, բայց այդ ամենը պանրագործության հետ կապված շատ քիչ աղերս ունի, դրանք պանրամթերք արտադրողներն են, որոնց չի կարելի անվանել պանրագործներ։ Մարդիկ կան՝ պանրագործության ոլորտում հաջողել են, մարդիկ կան՝ հակառակը, ցանկացած բիզնեսի շահավետ լինելը կախված է նրանից, թե դրա կատարողն ով է»,- ընդգծեց Արմեն Գիգոյանը։

