Շի Ջինփինը և Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն տարիներ շարունակ խորքային քննարկումներ են ունեցել Խորհրդային Միության փլուզման պատճառների շուրջ

Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չինաստանի ղեկավար Շի Ջինփինը և Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուն տարիներ շարունակ խորքային քննարկումներ են ունեցել Խորհրդային Միության փլուզման պատճառների շուրջ՝ փորձելով հասկանալ, թե ինչ ճակատագրական սխալներ է թույլ տվել Կոմկուսն ու հենց Միխայիլ Գորբաչյովը։

Նրանց դիտարկումները հետաքրքիր են հատկապես այն առումով, որ դրանք հիմնված էին պատճառահետևանքային զարգացման (path dependency) տրամաբանության վրա․ այսինքն՝ ինչպես մեկ ռազմավարական սխալը հաջորդի համար ստեղծում է նոր նախադրյալներ և, ի վերջո, ամբողջ համակարգը տանում դեպի փլուզման։

Ինչպես հետագայում հիշում էր Լի Կուան Յուն, նրանց գլխավոր եզրակացություններից մեկն այն էր, որ Գորբաչյովը նախ թուլացրեց քաղաքական վերահսկողությունը հասարակության նկատմամբ, իսկ միայն հետո ձեռնամուխ եղավ տնտեսության բարեփոխմանը։ Այսինքն Գլասնոստը պիտի հաջորդեր Պերեստրոյկաին, և ոչ հակառակը։ Միաժամանակ, ըստ նրանց, Գորբաչյովն և իր նախորդները թույլ տվեցին, որ Կոմկուսը վերածվի կոռումպացված և գաղափարապես դատարկ կառույցի։

Սակայն ամենավճռորոշ սխալներից մեկը, նրանց գնահատմամբ, խորհրդային բանակի «պետականացումն» էր։ Երբ զինվորականներից պահանջվեց հավատարմության երդում տալ ոչ թե Կոմկուսին և նրա առաջնորդին, այլ պետությանը, կուսակցությունը փաստացի զրկվեց իր հիմնական ուժային հենարանից։ Շի Ջինփինի ձևակերպմամբ՝ երբ համակարգի ընդդիմախոսները դուրս եկան այն տապալելու, այլևս չգտնվեց մեկը, ով «բավականաչափ հաստատակամ կլիներ կանգնելու և դիմադրելու»։

Ինչպես հիշում էր Լին, Շին նաև նկատում էր, որ 1989 թվականի Տյանանմենի իրադարձություններից հետո Չինաստանը որոշ ժամանակ վտանգավոր չափով մոտեցել էր Գորբաչովյան ուղուն։ Այդ ժամանակաշրջանի գլխավոր կարգախոսը դարձավ «հարստանալը փառավոր է»։ Արդյունքում, կուսակցական, պետական և ռազմական բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակեցին զգալի կարողություններ ու շքեղություն, որը ոչ միայն չէր թաքցվում հանրությունից, այլ հաճախ հատուկ ցուցադրվում էր։ Սա, ըստ Շիի, լրջորեն հարվածեց չինական Կոմկուսի բարոյական հեղինակությանը և հանրային վստահությանը։
Նրա խոսքերով․ «Գաղափարական հավատի տատանումը ամենավտանգավոր տատանումն է։ Ցանկացած քաղաքական կուսակցության անկումը սովորաբար սկսվում է հենց գաղափարական հավատի [իդեալիստական համոզմունքների] կորստից»։

Սինգապուրի նախկին ղեկավարը նաև նշում էր, որ Շին շատ լավ հասկանում էր՝ ցանկացած գերագույն առաջնորդի իշխանության իրական հիմքը հրամանատարական այն շղթան է, որտեղ նրա հրամանը վերջնական հաշվով կկատարվի` կարիքի դեպքում ընդհուպ մինչև զինվորի հրաման` կրակել սեփական երկրի քաղաքացու վրա։ Այս համատեքստում նրանք կրկին անդրադարձել էին Գորբաչովի որոշումներին։

Լիի հիշողությամբ՝ «Այն օրը, երբ Գորբաչովը Մոսկվայում հավաքված մարդկանց ասաց. «Մի՛ վախեցեք ԿԳԲ-ից», ես խոր շունչ քաշեցի։ Նա նստած էր այն համակարգի գագաթին, որն ամբողջ կառույցը միասին էր պահում, և ինքն էր ասում մարդկանց՝ մի՛ վախեցեք դրանից։ Այդ պահին հասկացա, որ նա նետվել է խորը ջուրը՝ դեռ լողալ չսովորած»։

Շիի հետ գորբաչյովյան սխալների վերաբերյալ հերթական քննարկման ավարտին Լի Կուան Յուն, հղում անելով Մաքիավելլիին, ասել էր մի միտք, որը, նրա համոզմամբ, պետական իշխանության բնույթի մասին կարևոր դաս էր պարունակում. «Սիրելի լինելն, իհարկե, ցանկալի է, բայց եթե պետք է ընտրել սիրո և վախի միջև, ապա հակված եմ կարծելու, որ Մաքիավելլին ճիշտ էր։ Եթե ինձնից ոչ ոք չի վախենում, ապա ես որևէ իմաստ չունեմ»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031