Բաժիններ՝

«Խնդրող խաղաղությունը բացառել եմ իմ կյանքից, ես ատում եմ դա». Ջիվան Ավետիսյանը՝ իր ուղու և բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին նոր ֆիլմի վերաբերյալ

«Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերով հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը վերջերս ներկայացրեց Արցախյան պատերազմին նվիրված հերթական՝ «Դրախտի դարպասը» նոր ֆիլմը: Հիմա արդեն աշխատանքներ են տարվում ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին պատմող «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի հետ կապված: Հիշեցնենք՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերն Ադրբեջանի իշխանությունների կողմից հետախուզվող Ալեքսանդր Լապշինը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվեց։ Ադրբեջանը նրան մեղադրում էր Արցախ այցելելու համար:

Ռեժիսորի հետ զրուցել ենք սպասվող ֆիլմի, Արցախի հարցի լուծման՝ իր պատկերացման, ապրած և չապրած տարիների և այլ հարցերի շուրջ:

Ես այդ գաղթը երբեք չեմ մոռանա

– Հայրս, նախքան իմ ծնվելը, հրավիրվել է Գյումրի՝ տեքստիլ կոմբինատում աշխատելու, և մեր ընտանիքը 1980 թվականին տեղափոխվել է այնտեղ: Ես ծնվել եմ 1981 թվականի նոյեմբերի 19-ին: Ապրել ենք Շիրակացի փողոցում գտնվող մեր տանը՝ եղբորս, քրոջս, մորս և հորս հետ: Լավ հիշում եմ՝ Շիրակացի 21 շենք, բնակարան 46: Հաճախել եմ թիվ 37 դպրոց, իսկ այն չարաբաստիկ օրը՝ դեկտեմբերի 7-ին, եղել եմ առաջին դասարանում և լավ հիշում եմ, որ ուսուցչուհին գրատախտակին գրում էր մեծատառ «Ձ», փոքրատառ «ձ», երբ սկսվեց ամեն ինչ… ու այդ վայրկյանից ամեն ինչ փոխվեց: Ես հասունացա, չգիտեմ, գուցե 100 տարով: Կորցրեցի շատ բան, իհարկե, գտա նաև ավելին: Երկրաշարժն իմ մանկության առաջին մեծ ցնցումն էր: Ընտանիքիս անդամներն այդ օրը հազիվ գտան միմյանց: Մորս վիճակը շատ ծանր էր: Երկրաշարժից հետո մորս տեսել և ժամերով չեմ ճանաչել, ամբողջ մարմինը վիրակապերի մեջ էր, բժիշկներն ապրելու հույս չէին տալիս: Քրոջս ոտքն էր ջարդվել: Դպրոցականները երկրորդ թե երրորդ հարկից թռել էին: Գիշերը հավաքվել էինք ավտոտնակների մոտ, կրակ վառել, իսկ մայրս ցավերի մեջ պառկած էր: Հետո տեղափոխվեցինք Երևան՝ հորեղբորս տուն, ապա գնացինք Արցախ: 1989 թվականի փետրվարին հաճախեցի Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոց: Դեռ մորս վերքերը չէին լավացել, ընտանիքիս անդամները դեռ չէին կազդուրվել, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, և բոլորս մտանք խորը, ծանր պատերազմի մեջ:

Կարդացեք նաև

Շատ գունեղ եմ հիշում իմ մանկությունը մինչև 1988 թվականը, իսկ պատերազմից հետո հիշում եմ բոլոր օրերը, բայց դա մանկություն չի համարվում:

Այնուամենայնիվ, կար մանկություն… զինվորական հագուստներ հագնել, «պատրոն» տրաքացնել, անտառից ուսին դրած փայտ բերել, խիստ ձմռանը տաք ձմեռային կոշիկ չունենալ… Հագնում էինք կարկատած ծնկներով շալվարներ, մեծ եղբոր, հարևանի տղայի զինվորական հագուստ: Բոլորս հասկանում էինք, որ պատերազմի մաս ենք կազմում: Երկու տարի դպրոց եմ հաճախել ձմեռային զինվորական կոշիկներով, ոչ այն ճանապարհով, որ, ի փառս Աստծո՝ հիմա հաճախում են երեխաները: Գնում էինք ամենամութ, խուլ անկյուններով, որ հանկարծ մեզ չտեսնեին ու կրակեին:

…Եկան հաղթանակի օրերը, ու հաղթանակը դիմավորեցինք «խորը ծերության» մեջ, որովհետև շատ էինք մեծացել, իմաստնացել: Հաճախ դասընկերներիս, մանկության ընկերներիս երբ հանդիպում եմ Ստեփանակերտում, զրուցում ենք տարատեսակ հարցերից, որոնց նայում ենք մի այլ տեսանկյունից, որովհետև բոլորս ապրում ենք մեր երիատասարդությունը, բայց «խորը ծերության» մեջ: Սարսափելին այն չէ, որ ամեն վայրկյան կարող ես կորցնել ամենահարազատ մարդուն, կյանքդ նույնպես հարցականի տակ է. հարց է՝ օրը կլուսանա՞, թե՞ ոչ: Սարսափելին այն չէր, որ հաց, տաք անկողին, հագուստ չունես, սարսափելին այն էր, որ հույս չկար: Հիշում եմ, որ Շուշիի մի շարք շրջանների ազատագրումից հետո խորը հուսահատություն եկավ, դա այն ժամանակ էր, երբ Շահումյանից, Մարտակերտից գաղթեցին: Ես այդ գաղթը երբեք չեմ մոռանա: Անհուսության մատնված մարդկանց շղթան երկար ձգվում էր: Գիշերում էին այնտեղ, որտեղ պատահում էր, վաճառում էին այն, ինչն այդ պահին ունեին, որպեսզի հաջորդ օրն առաջ շարժվեն, ուտելիք ունենան: Սարսափելի էր… այդ ժամանակ շատ անծանոթ մարդիկ էին գիշերում մեր տանը, որովհետև հայրս նրանց չէր կարողանում թողնել դրսում: Իսկ առավոտյան մարդիկ գնում էին դեպի անհայտը, դեպի հեռուն:

«Վերջին բնակիչը» վաճառվել է HBO ընկերությանը

– Երազում էի դառնալ ռեժիսոր ու արվեստը ծառայեցնել այն ամենին, ինչի միջով անցել եմ ես, իմ ընտանիքը, իմ ընկերները, ուսուցիչները: Գիտե՞ք, թե որքան դժվար էր 1992-94թթ. երեխաներին ստիպել, որ դաս անեն: Առաջին անգամ՝ 2007թ. երբ արտերկիր՝ Չեխիա մեկնեցի, ժամեր շարունակ ասում էի՝ շնորհակալություն քեզ, Աիդա Երվանդովնա: Նա իմ ռուսերենի ուսուցչուհին էր: Ես հասկացա, որ, եթե այդ տարիներին, երբ ամենուր ռմբակոծում էին, նկուղում դաս չանեինք, ես կկորչեի, կխճճվեի այդ մեծ քաղաքում: Գոնե ռուսերեն կարողանում էի խոսել, ինչի շնորհիվ գտա ինձ համար անհրաժեշտ հասցեն:

…Ֆիլմերում մարդիկ նկարում են այն, ինչը գուցե չեն տեսել: Օրինակ՝ նկարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմ, որը երբեք չեն տեսել: Բայց ինձ շատ է օգնում այն ամենը, ինչ տեսել եմ: Այդ ամենն ինձ ուժ, էներգիա, խոհեմություն է տալիս, որ պատմեմ եղածը, գնահատեմ այն առավոտը, որը որ արդեն այսօր բացվել է: Այո՛, ինձ օգնում են իմ ապրածը, իմ մանկության և պատանեկության դժվար օրերը: Մենք այսօր ունենք երեք ֆիլմ՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»: «Թևանիկը» ցուցադրվել է աշխարհի ավելի քան 100 քաղաքներում, «Վերջին բնակիչը», որը դերասանական երևելի կազմ ունի, ստեղծագործական երևելի թիմ: Ֆիլմը վաճառել ենք HBO ընկերությանը՝ Արևելյան Եվրոպայում ցուցադրելու պայմանով: Սա փոքրիկ քայլ է, բայց մեծ հաջողություն: Ունենք երրորդ ֆիլմ, որն 8 երկրների համատեղ արտադրություն է, և աջակցում են ամերիկյան ու եվրոպական կողմերից: Հրաշալի դերասանական կազմ, ու ստեղծագործական թիմի մասին էլ չխոսեմ:

Կնկարահանվի Սև ցուցակ» («Black list») ֆիլմը, որը պատմում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին

– Մենք պետք է Արցախի թեման բերենք այն հարթակներ, որտեղ մարդկանց առաջադեմ հատվածը խոսում է ապագա տարիների մասին: Փառատոներին մասնակցելը շատ կարևոր է: Եթե ունես ասելիք, համամարդկային արժեք ներկայացնող ֆիլմ, պետք է լինես այնտեղ:

Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք մենք մեր մասին մտածում, այլև այն, թե ի՞նչ են օտարները մտածում մեր մասին: Մեր թիմը փորձում է ֆիլմի միջոցով ճանապարհ գտնել, քանի որ, առաջին հերթին՝ պետք է կարողանաս քո մասին առկա մտածողությունը փոխել, որը ոչ թե խոսքով, այլ ասելիքով է արվում՝ պարզ, հասարակ 90 կամ 10 րոպեանոց ֆիլմով: Արտասահմանյան դերասանները դիտել են մեր նախորդ ֆիլմերը, ընթերցել սցենարը, արժեքավորել են, եղել է նաև խանգարող հանգամանք, որովհետև, ի վերջո, սա կոնֆլիկտի մասին է, ու իրենք ակամայից դառնում են կոնֆլիկտի կողմ, սակայն արվեստի միջոցով կարողանում ես դիպչել տվյալ դերասանի սրտին, մտածողությանը ու քո ստեղծագործության մաս դարձնել, որովհետև ճանապարհը սա է՝ լավ սցենարը:

Հիմա աշխատանքներ ենք տանում՝ չորրորդ լիամետրաժ ֆիլմի հետ կապված և փորձում ենք կառուցել մի պատմություն՝ այնքան զորեղ և զգացմունքային, որից ցանկացած մտածող էակի սիրտը կդողա: Սրան զուգընթաց՝ նաև զարգացնում ենք պատմություն՝ 5-րդ «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի հետ կապված, որը պատմում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին: Դերասանական կազմի մասին դեռ մտածում ենք: Պատմությունը զարգացնում ենք. ֆիլմում լինելու է Իսրայել-Ադրբեջան զեքի վաճառքի մասին, բացահայտվելու են շերտեր, որոնց մասին հանրությունը դեռ չի կարդացել: Անելու ենք ուժեղ ֆիլմ: Լապշինն իր բլոգում գրել է, որ ֆիլմը նման է «Կեսգիշերային ճեպընթաց»-ին: Այո՛, մենք դրա մասին խոսել ենք: Մտածում ենք հայտնի անունների ֆիլմում ընդգրկելու մասին: Փորձում ենք համագործակցել միջազգային տարբեր կառույցների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Մեծ է Ազգային կինոկենտրոնի դերն իմ արած աշխատանքներում:

Մենք կարևորում ենք պետական աջակցությունը, բայց, եթե անկեղծ ասեմ, ամենադժվար, ամենապատասխանատու կերպով ծախսվող գումարն է, որովհետև այն ՀՀ քաղաքացիների, հարկատուների գումարն է: Միշտ մտածում եմ, թե արդյո՞ք տվյալ հարկատուները համաձայն են ինձ հետ, որ այդ ֆիլմը նկարահանեմ: Մեծ հույս և հավատ ունեմ, որ այդ հարկատուների գոնե կեսը ծառայել է Արցախում և կարևորում է ֆիլմերը, որ ստեղծում ենք: Մենք, ի վերջո, փորձում ենք ծառայել ամենաթանկ, բաղձալի երազանքին:

…Ֆիլմերի ստեղծման ընթացքում խոսում ենք քաղաքագետների, հոգեբանների հետ: Նրանք սցենարն ընթերցելուց հետո հավաքվում, քննարկում, քննադատում ենք, իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում, առաջարկներ անում, գովեստի խոսքեր ասում: Իմ թիմում մարդիկ են՝ տարբեր բնագավառներից: Մեր ֆիլմերի հաջողությունը նաև թիմային համատեղ աշխատանքի արդյունքով է:

Ես պարտադրող խաղաղության կողմնակից եմ

– Ֆիլմերն օտարների, ինչպես նաև ադրբեջանցիների համար են: Փորձում եմ ֆիլմերի միջոցով դիալոգ ստեղծել: Թող դիտե՛ն այս ֆիլմերը, որոնք շուտով տարբեր օնլայն հարթակներում կլինեն: Այո՛, թող նաև հայհոյեն, բայց ես իրենց մեջ տեսնում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են գալ, նստել-խոսել: Ես թույլ բարեկամության կողմնակիցը չեմ, ես ուժեղ, պարտադրող բարեկամության, խաղաղության կողմնակից եմ: Խնդրող խաղաղությունը ես բացառել եմ իմ կյանքից: Ես ատում եմ դա: Արցախյան պատերազմի ժամանակ մենք խաղաղություն պարտադրեցինք: Պետք է պարտադրենք, որ բարին գործեն, մնան չափի մեջ:

Եվ այն, ինչ ձեռք ենք բերել, ամեն կերպ փորձում եմ պահել իմ արվեստով, աշխատանքով:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս