«Դժգոհությունը ԿԳՄՍ նախարարից տեղին է». Աղասի Ենոքյան

«Սա սխալ որոշում է»,- խոսելով Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների՝ բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելու օրենքի նախագծի մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով՝ քանի մեր դպրոցներում հայոց լեզվի ուսուցումը բարձր մակարդակի վրա չէ, դա պետք է լրացվի բուհերում:

«Նիկոլ Փաշինյանը, խոսելով այս մասին, ասում էր, որ խոսքը մոդեռնիզացիայի մասին է: Ցավոք, մոդեռնիզացիա ասելով՝ հասկանում են Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելը: Հայոց լեզվի իմացությունը մեր բուհերում շատ ցածր մակարդակի վրա է, դա առաջին հերթին՝ դպրոցների խնդիրն է, որոնք բավականաչափ գիտելիքներով ուսանողներ չեն տալիս համալսարաններին: Կարելի էր ասել՝ եկեք այս առարկաները հանենք, դրա փոխարեն՝ դպրոցներում ուժեղացնենք, բայց դա չես կարող մեկ օրում անել, այդտեղ անհրաժեշտ է ֆինանսավորման փոփոխություն, կադրերի նախապատրաստում, դասագրքերի փոփոխություն և քաղաքականության, տեսլականի ստեղծում, համաձայն որի՝ դպրոցականները բավականաչափ հայոց լեզվի կտիրապետեն»,- ասում է նա:

Աղասի Ենոքյանն ավելի քան երեսուն տարի դասավանդում է և՛ հայկական, և՛ արտասահմանյան բուհերում: Ասում է՝ գրավոր քննությունների ժամանակ ուսանողներն այնպիսի սխալներ են անում, որ դժվար է հասկանալ անգամ միտքը:

«Այս առումով դպրոցում բաց թողածը բուհում լրացնելն օրախնդիր է: Անհրաժեշտ է ըստ որոշակի մասնագիտությունների՝ անհրաժեշտ լեզվամտածողության ստեղծումը, տերմինաբանության ծանոթացումը, այս խնդիրը դպրոցները չեն կարող լուծել: Սա ընդհանուր կրթության խնդիր է, դու նեղ մասնագիտացված հաստոցի ինժեներ չես պաստրաստում, դու պատրաստում ես լայն սպեկտրի մասնագետ, ինչի համար անհրաժեշտ է հումանիտար կրթության լրացումը:

Օրինակ, ամերիկյան համալսարաններում անգամ ամենատեխնիկական մասնագիտությունների ուսանողները պարտավոր են հումանիտար ժամեր ունենալ, և՝ հակառակը»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Ըստ քաղաքագետի՝ մեր երկրում ամենամեծ խնդիրը ոչ թե կոռուպցիան կամ դատական համակարգն են, այլ կրթությունը: Նա պնդում է՝ ԱՄՆ-ում դպրոցն ավարտած յուրաքանչյուր մարդ հստակ պատկերացում ունի իր երկրի Սահմանադրության մասին:

«Մենք այսօր տեսնում ենք, որ մեզ մոտ ամենաբարձր ռանգի քաղաքական գործիչները չեն հասկանում՝ ի՞նչ է սահմանադրությունն ընդհանրապես, ո՞րն է նրա նպատակը, և կարող են ցանկացած պահի ոտնահարել այն: Սա հայրենասիրական կրթության բացն է, որը պետք է լրացնել գոնե Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների ուսուցմամբ:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի կողմից, օրինակ, Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմին կամ «Հուզանք ու Զանգ» պերֆորմանսին տրամադրված գումարներին, ապա, ըստ Աղասի Ենոքյանի՝ այստեղ տեսանելի է քաղաքականության բացակայությունը:

«Շատերն այստեղ դավադրապաշտություն են տեսնում, ասում են՝ ուզում են ազգայինը հանել, ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը հստակ չմշակված քաղաքականությունն է: Պաշտոնյաները լսում են ինչ-որ բառեր, օրինակ՝ մոդեռնիզացիա, և այդ բառի տակ հասկանում են, օրինակ, սեռափոխված ծանրամարտիկի մասին ֆիլմ նկարելը: Վատ միտում չեմ տեսնում, անգիտություն եմ տեսնում: Մոդեռնիզացիայի տակ հասկանում են «Հուզանք ու Զանգ» անճաշակությունը, պերֆորմանսը, որը ոչ մի դրական, էական բան չի տալիս: Լսել են, որ այս ձևը լավ ձև է, հետաքրքիր ձև է, ասել են՝ եկեք փորձենք: Շատ լավ, թող փորձեն, բայց թող գտնեն իրենց համար ուրիշ ֆինանսավորում, ինչ-որ սրահում դա անեն, բայց դա չանեն հանրայնորեն՝ պետական փողերով»:

Պետբյուջեի գումարները նման միջոցառումներին ուղղելու փաստն Աղասի Ենոքյանը պայմանավորում է ուղենիշերի բացակայությամբ:

«Դա զարմանալի չէ, ասել էին, որ «իզմեր» չեն լինելու, այսինքն՝ գաղափարախոսություն չի լինելու, չի լինելու քաղաքականություն: Շատ անգամ իրենք ինչ-որ քայլեր չեն անում, դրա համար նրանց մեղադրում են սաբոտաժի մեջ, իսկ երբ անում են՝ տեսնում եք՝ ինչ է ստացվում»,- ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս