Ինչ է կատարվում վրաց-ադրբեջանական սահմանին, և ինչով է այն վտանգավոր Հայաստանի համար

Լրագրողական հետաքննություններով զբաղվող բրիտանական Bellingcat կայքը գրում է, որ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող, ընդհանուր առմամբ, շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ: Bellingcat-ի փոխանցմամբ, այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Բաբաքյար լեռան վրացական հատվածում: Bellingcat-ի հրապարակած արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերն առնվազն չորս նոր հենակետ են ստեղծել այս հատվածում, որոնք 140-370 մետր հեռու են Ադրբեջանի բուն տարածքից և փաստորեն գտնվում են Վրաստանի Քվեմո-Քարթլի երկրամասում` Կիրաչ-Մուղանլո գյուղի դեմ դիմաց: Ավելին, ըստ Bellingcat-ի հոդվածագրի, Վրաստանի տարածքում ստեղծված ադրբեջանական հենակետերից մեկը Բաքու-Գյանջա-Թբիլիսի մայրուղու վրա գտնվող վրացական «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետից ընդամենը 380 մետրի վրա է` գերիշխող բարձունքի վրա:

«Այս նոր տարածքներն Ադրբեջանին մարտավարական առավելություն էին տալիս Հայաստանի հանդեպ: Հետագայում, սակայն, հայկական կողմը ևս հայտարարեց, որ պետական սահմանի այս հատվածում կարողացել է 140 հեկտար հավելյալ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանել, ինչը չեզոքացրեց ադրբեջանական առաջխաղացումը»,- գրում է Bellingcat-ը` նշելով, որ հայկական ուժերը ևս առաջացել են Բաբաքյար լեռան գագաթի ուղղությամբ: Օգոստոս ամսին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ զինուժը բարելավել է իր դիրքերը Տավուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, բայց թվային տվյալներ հայտնելուց զերծ էր մնացել: Սակայն այս թեման բավականին լայն քննարկումների առիթ էր դարձել հայաստանյան մամուլում: Արձագանքներ վրացական կողմից մինչ այժմ չկան:

168.am-ի հետ զրույցում Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի առաջատար վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների պաշտոնական արձագանքի բացակայությունը՝ կարելի է ասել, որ դրանք պարզապես խոսակցություններ են:

«Այսինքն՝ լրջորեն խոսել այն մասին, որ Վրաստանից տարածք են խլել, առանց կոնկրետ փաստերի, վաղը նույնությամբ կարելի է գրել, որ մեզնից հայերն են ինչ որ բան վերցրել, մենք դա քննարկելո՞ւ ենք: Մենք ունենք իշխանություններ, ոչ կառավարական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ: Նման տեղեկություններ ոչ մի կողմից չի ստացվել, այսինքն՝ չկա որևէ արձագանք, ուստի խոսել այն մասին, որ ինչ-որ լրատվամիջոց արտասահմանում ինչ-որ բան է գրել, լուրջ չեմ համարում: Եթե իշխանությունը ոչինչ չի ասում, ոչ կառավարական սեկտորը՝ ևս, և, երբ հայկական կողմից է գալիս նման տեղեկատվություն, որ Ադրբեջանն ինչ-որ բան է գրավել, դժվար է մեկնաբանել: Մեր ոչ կառավարական սեկտորը բավականին լավ է զարգացած, որը լիովին մոնիտորինգի է ենթարկում իրավիճակը, բոլոր սահմանները, ԶԼՄ-ները ևս լավ են աշխատում, եթե նման բան լիներ, այդ ահազանգն առաջինը մեր ԶԼՄ-ները կբարձրացնեին, եթե նույնիսկ դա իշխանությունները չանեին, փորձեին լռել: Չխոսենք արդեն ընդդիմության մասին: Նման տեղեկատվությունն այս իրավիճակում մեկնաբանելը բավականին բարդ է: Վաղը կարող է նման տեղեկատվություն հրապարակվել Հայաստանի մասին և մեզ կարող են զանգահարել Ադրբեջանից»,- ասաց Վասաձեն:

Իր հերթին՝ մեկ այլ վրացի փորձագետ՝ Իրակլի Մենագարիշվիլին, մեզ հետ զրույցում մեկնաբանեց հարցը, թե որքանով էր հնարավոր, որպեսզի նման բան տեղի ունենար Թբիլիսիի լուռ համաձայնությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև կա մեկ այլ կռվախնձոր Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ:

Վերլուծաբանն ասաց, որ նման բան հնարավոր չէ, քանի որ, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ՝ Հայաստանը Վրաստանի համար կարևոր և վստահելի հարևան պետություն է: Ավելին, ըստ նրա՝ Վրաստանի դիրքորոշումը հայտնի է թե Հայաստանին, թե Ադրբեջանին, Վրաստանը ԼՂ հակամարտության առկայության համատեքստում չի կարող որևէ քայլի դիմել իր հարևաններից որևէ մեկի դեմ:

«Վրաստանը չէր կարող թույլ տալ իր տարածքների հաշվին կողմերից՝ հարևաններից մեկի առավելություն մյուսի նկատմամբ, և նման տեղեկություններ պարբերաբար տարածվել են, սակայն չեն հաստատվել Վրաստանի ներսում հիմնավորվածության բացակայության պատճառով»,- ասաց Մենագարիշվիլին:

Նա նաև ընդգծեց, որ, եթե դա չհաստատեր իշխանությունը, ապա ընդդիմությունը, ընդդիմադիր մամուլը նման փաստի առկայությունը կօգտագործեր իշխանության դեմ, և դա փակ թեմա չէր կարող մնալ:

«Կարծում եմ՝ այս ամենը կարելի է դիտարկել տեղեկատվական պատերազմի շրջանակում: Վրաստանը ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը և ոչ կողմերից մեկի առավելության հաստատմանը մյուսի նկատմամբ: Պետք է ընդունել նաև, որ սա զգայուն հարց է, ինչը յուրաքանչյուր կողմ շրջանառում է այնպես, ինչպես ցանկանում է: Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի տարածքից իր որևէ հարևան չի կարող զգալ սպառնալիք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս