40 ժամ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացնելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ունի մոտ 40 ժամ  խորհրդակցական սենյակում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը քննելու  և որոշում կայացնելու համար:

Այսօր ժամը 13:00-ից մեկնարկած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանական կողմը կրկին միջնորդություն ներկայացրեց Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին:

Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած դատական նիստին Քոչարյանը ներկա չէր հետվիրահատական փուլում գտնվելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով այդ հանգամանքը և դրա հետևանքով գործի քննության շարունակության անհնարինությունը, հետաձգել էր դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր հոկտեմբերի 9-ին: Լրագրողների հետ զրույցում  Լևոն Քոչարյանը նշեց, որ հայրը բարորակ ուռուցք է ունեցել, որը հեռացվել է վիրահատության ընթացքում:

Նիստին ներկա էին նաև գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:

Դատական նիստին այսօր ներկա չէր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Դատարանը որոշեց առանց նրա  շարունակել դատական նիստը, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դեմ չէին:

Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Արամ Վարդևանյանը՝ մեջբերելով առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի սեպտեմբերի 20-ի որոշումը՝  ընդգծեց, որ ազատության մեջ գտնվելիս  Ռոբերտ Քոչարյանը թաքնվելու փորձ չի կատարել, քննությանը չի խոչընդոտել: Պաշտպանը միջնորդության հիմքում դրել էր նաև Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի 1480 որոշումը:

Պաշտպանները նշեցին՝ քանի որ դատարանի սեպտեմբերի 20-ի որոշումը չեն վիճարկել ոչ դատախազները, ոչ էլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, իսկ որոշումը հրապարակելուց  հետո էլ նրանք որևէ հայտարարություն չեն արել, հետևաբար՝ համամիտ են եղել դատարանի որոշման հետ այն մասով, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ եղած 5 ամսվա ընթացքում քննությունից թաքնվելու փորձ չի արել, չի խոչընդոտել քննությանը և գործով անցնող վկաների վրա ներգործելու որևէ փորձ չի արել:

«Մեր միջնորդությունը հիմնված է լինելու Ձեր որոշման վրա, ոչ թե հակասելու է դրան»,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ ուղիղ մեջբերումներ անելով դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ին կայացրած որոշումից:

Պաշտպանները գրավի չափ չնշեցին, թողնելով դատարանի հայեցողությանը:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 2019 թվականի սեպտեմբերի  20-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ հակադարձելով պաշտպանների պնդմանը, թե՝ եթե չեն վիճարկել դատարանի սեպտեմբերի 20-ի որոշումը, ուրեմն համամիտ են նշված փաստերի հետ, ասաց, որ չվիճարկելու պատճառը ոչ թե եղել է այն, որ իրենք լիովին համամիտ են եղել որոշման մեջ ներկայացված բոլոր դիրքորոշումներին, այլ որովհետև որոշման պատճառաբանական մասը վիճարկելու հնարավորություն չկա:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ առկա է քննությունից թաքնվելու հիմք, և ռիսկ կա, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է ոչ միայն թաքնվել քննությունից, այլև ազդել գործով անցնող վկաների վրա: Ըստ դատախազի՝ 5 ամիս ազատության մեջ լինելն ու քննությունից չխուսափելը դատախազության համար որևէ հիմք չի հանդիսանում:

Դատախազության համար հավանական է, որ Քոչարյանը կարող է դուրս գալ ՀՀ-ից, քանի որ տևական ժամանակ ապրել է Հայաստանից դուրս և դրսում կապեր ունի:

Դատախազությունն առարկեց միջնորդությունը՝ դատարանից խնդրելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց թողնել կալանավորումը:

Տուժող կողմի դիրքորոշումը ներկայացրեց փաստաբան Սեդա Սաֆարյանը: Փաստաբանը մեջբերեց «Մարտի 1»-ի գործի փաստերը: Սաֆարյանը հիշեց 2008 թվականի փետրվարի 23-ի խորհրդակցությունը, որին ներկա չէր եղել Մանվել Գրիգորյանը, հիշեցրեց մի դեպքի մասին, երբ աշխատանքից ազատել էին հրամանատարին, հեգնելով՝ «էնպես չի, որ Բելլա Քոչարյանը նրան աշխատանքից ազատեց»: Հենց այս արտահայտությունը ստիպեց պաշտպանական խմբին՝ առանց խոսելու իրավունք խնդրելու՝ Սեդա Սաֆարյանին լռելու կոչեր անել:

Ելույթի ավարտին Սաֆարյանը հաստատեց, որ պաշտպանում է դատախազության հիմնավորումը, հայտարարելով, որ «գրավի կիրառությունն անթույլատրելի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»:

Ելույթով հանդես եկավ գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեծ հարգանք տածելով դահլիճում նստած այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց հարազատներին կորցրել են մարտի 1-ին, պետք է ասեմ հետևյալը: Գրավի քննությունը կապ չունի որևէ տուժողի հետ: Եթե խոսում ենք մարտի 1-ի իրադարձության մասին, ապա այն հիմնված է հանրապետության 3 նախագահների գործունեության վրա: Մեկ նախագահն ընտրվել էր, մյուս նախագահը չէր ընդունում, և երրորդ նախագահը պետք է կարգ ու կանոն հաստատեր հանրապետությունում և այդ ամենը ինչ-որ մի կերպ փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: Այս պայմաններում ես, հարգանք տածելով մյուս նախագահների նկատմամբ, գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված տեղեկատվական այն մեծ իրադրությունը, որ կարծես թե բոլորը կողքից նայում են և հրճվում, թե ինչպիսի պայմաններում է գտնվում հանրապետության երկրորդ նախագահը»,- Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին խոսելիս դատարանում ասաց Սեյրան Օհանյանը:

Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալիս հայտարարեց, որ այսօր կան միայն արդարադատության «սիմվոլները», բայց չկա արդարադատությունը: Նա համոզմունք հայտնեց, որ դատական նիստերի դահլիճում նստած յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ իր նկատմամբ չկան կալանքի տակ պահելու ո՛չ հիմքեր, ո՛չ պայմաններ:

«Սա ուղակի հետևանք է մի գործընթացի Հայաստանում, որն ինձ թիրախավորել է՝ որպես նշանակված մեղավոր այս ամբողջ գործընթացում: Ես հասկանում եմ, թե այս դեպքում  ինչ վիճակում են հայտնվել դատավորները: Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դնում են իրենց խոցելիությունն իշխանությունների առջև, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ Ֆեմիդայի կշեռքի մյուս կողմի վրա դնում է իր արժանապատվությունը, իր արհեստավարժությունը, իր խիղճը»,- ասաց Քոչարյանը:

«Իմ համար մի քիչ տհաճ է կանգնել այստեղ և փորձել համոզել, որ ես փախչելու մտադրություն չունեմ, խոչընդոտելու մտադրություն չունեմ: Ուղղակի իմ կենսագրությանը դա չի համապատասխանում: Ես ստիպված պետք է կրկնեմ, թե չեմ խոչընդոտելու, ես ամենից շատն եմ շահագրգռված այս դատավարության մեջ»,- ասաց Քոչարյանը:

Կալանքը գրավով փոխարինելու Քոչարյանի պաշտպանների միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս