«Մինսկի խումբն ընդհանուր հայտարարություններով ավելի է խրախուսում ադրբեջանական՝ պատերազմով հարցը լուծելու դիրքորոշումը». Գրիգորի Այվազյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանն անդրադարձավ  սոցցանցի ադրբեջանական տիրույթում օրերս ակտիվ շրջանառվող մի տեսանյութի, որում Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում հավաքվել էին ադրբեջանցիներ և, իբրև  թե մտադիր էին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ պաստառներով շարժվել դեպի Արցախի սահման՝ նպատակադրվելով հատել այն:

«Այդ ֆլեշմոբը հսկայական սադրանք է, որն օրերս տեղի ունեցավ: Այսպես կոչված՝ ադրբեջանցի փախստականները և խաժամուժը փորձեց ներխուժել հայկական դիրքեր: Դա առաջին փորձը չէ,  Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված  գործողություն է, քանի որ այդ երկրում  նման գործողություններն ինքնաբուխ չեն կարող տեղի ունենալ: Նման սադրանք փորձել են կատարել Ֆիզուլիի, Աղդամի ուղղությամբ և հիմա հասել են Մարտակերտի սահմանագծին: Այս սադրանքը լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Չպատասխանել այսպիսի սադրանքին և թույլ տալ այս ամբոխի ներխուժումը՝ հայկական կողմը չի կարող, իսկ պատասխանելիս՝ Ադրբեջանն իր համար պատրանք  կստեղծի, թե՝ տեսե՛ք, հայկական կողմը կրակ է բացել խաղաղ բնակչության ուղղությամբ, ռազմական գործողություններ է վերսկսում: Այնպես որ, մենք գտնվում ենք պատերազմի նախաշեմին, և ինչքան գնում է՝ խաղաղության հեռանկարները մշուշոտ են դառնում:

Այս ժամանակահատվածում տարածաշրջանային այցով Հայաստան են եկել Մինսկի խմբի համանախագահները, բայց, ինչպես միշտ, իրենց չեզոք, ոչ հասցեական հայտարարություններով՝ փոխանակ կոնկրետ հասցեավորեին՝ ասելու, թե ում ագրեսիվ գործողություններն են դատապարտում, ում են հանդարտության, խաղաղության նախապատրաստման կոչ անում: Ընդհանուր հայտարարություններով ավելի են խրախուսում ադրբեջանական այն դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի  պատերազմի ճանապարհով, և դրա համար միջազգային հանրությունը իրենց չի դատապարտի»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս