«Այս ամենի նպատակը միանշանակ սադրանքն է». Փորձագետը՝ սահմանում ադրբեջանցիների ակցիայի մասին
Երկու օր է՝ Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն։ Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանական սոցցանցերից, որտեղ հրապարակվել է տեսանյութ։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, նման դեպք եղել է այս տարվա գարնանը և սեպտեմբերին։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ արդեն երկրորդ օրն է, որ ադրբեջանցիներն իրականացնում են այս ակցիան։
«Դատելով նրանից, թե ինչպես է այն կազմակերպված՝ միանման դրոշներով, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանական կուսակցության դրոշները, կարող ենք ասել, որ, ամենայն հավանականությամբ, սա Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված քարոզչական ակցիա է։ Այս ակցիան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարության էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Ադրբեջանցիները հիմա այդպես քարոզարշավ են սկսել, թե «Արցախն Ադրբեջան է», սա այդ քարոզարշավի դրվագներից մեկն է։ Այդ ակցիային մասնակցում են նաև դպրոցականները, այսինքն՝ այն կազմակերպված բնույթ ունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ ակցիայի մասնակիցները չեն կարող մոտենալ սահմանին միայն նրա համար, որ կան բազմաթիվ ականապատ տարածքներ։ «Իսկ եթե նման բան անեն, ապա այն Ադրբեջանի կողմից մեծ սադրանք կլինի՝ ուղղված հայկական կողմին, որպեսզի հետագայում աղմուկ բարձրացնեն»,- եզրափակեց նա։
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ ակցիան կազմակերպված բնույթ է կրում։
«Այնպիսի տպավորություն եմ ստացել, որ այս անգամվա ակցիան կազմակերպված էր պետական մակարդակով, ավելին, ակցիայի կարգախոսը վերցված էր Ալիևի կարգախոսից, թե «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ակցիային երիտասարդների առկայությունը փաստում է նրա մասին, որ այստեղ պետական մակարդակով է ամեն ինչ կազմակերպվել։ Այս ամենի նպատակը միանշանակ սադրանքն է, որպեսզի հայկական կողմից հարկ եղած դեպքում կրակեն, իսկ Ադրբեջանը հայտարարի, թե կրակել են խաղաղ բնակչության վրա»,- շեշտեց նա։
Զվարթ Խաչատրյան