«Եթե հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվում, նշանակում է՝ մեր երկրում արդարադատություն չկա». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ի մասին

Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը թեև տեղյակ չէ, թե երեկ ԱԱԾ-ն ինչ գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը, սակայն, նրա խոսքով՝ շատ հանգիստ կարող է ասել, թե ինչ խնդիր կա՝ կապված ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի հետ:

«Բոլորին էլ հայտնի է, որ Հրանյր Թովմասյանն առանց իր մանդատը վայր դնելու՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, նշանակվել է ՍԴ նախագահ: Այս ամբողջ շտապողականությունը, այդ թվում՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի վաղաժամ պաշտոնից հեռացնելը եղել է Սերժ Սարգսյանի կողմից կոորդինացված: Այս ամենը եղել է մեկ նպատակով, որպեսզի Հրայր Թովմասյանը նշանակվի ՍԴ նախագահ մինչև 2030  թվականը»,- նշեց Լ. Զուրաբյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԱԾ-ի գործողություններին, որոնք տեղի են ունեցել Հ. Թովմասյանի հայրական տանը:

Ըստ նրա, արդեն չորս ամիս է՝ խոսում են այն մասին, որ այս հանցագործությունը պետք է քննվի, և դրա պատասխանատուները պատժվեն:

«Մի շարք բարձրաստիճան անձինք ներգրավված են եղել այդ հանցագործության մեջ, և, եթե այդ հանցագործությունը չի բացահայտվում, և դրա համար քրեական պատասխանատվության չեն կանչվում, այն մարդիկ, որոնք դավադրություն են կազմակերպել հայ ժողովրդի թիկունքում, ապա մենք չունենք արդարադատություն մեր երկրում»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հայրական տանը, որը գտնվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, մոտավորապես մեկ ժամից ավելի գործողություններ է իրականացրել և ամբողջ գործողության ընթացքում հետաքրքրվել է միայն տան կտուրից, թե այն ե՞րբ են վերանորոգել ու որքա՞ն գումար են ծախսել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս