Կարող եք կեղծել, պարոնայք
Այսպիսով, ինչպես երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև հակամարտություն չկա: Չնայած Գալուստ Սահակյանը սիրում է արտասովոր ու յուրօրինակ հայտարարություններ անել, սակայն, կարծում ենք, սա այդ դեպքը չէ: Ճիշտ հակառակը` սա քաղաքական իրողությունների շատ հստակ արձանագրում է և, ինչ-որ իմաստով, «ուղերձ»` առաջիկա քաղաքական աշնանից ու դրան հաջորդելիք նախագահական ընտրություններից առաջ:
Այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ, ըստ էության, փակում է դեռևս անցած տարվա աշնանից սկսված քաղաքական շրջափուլը: Մոտավորապես մեկ տարի առաջ, խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի դիրքավորման գործընթացը սկսվեց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հիման վրա: Քաղաքական ուժերի ու մամուլի ուշադրության կենտրոնում մի քանի ամիս շարունակ այդ հակամարտությունն էր, սկսած ընտրություններին երկու կուսակցությունների` միասնական ցուցակով մասնակցելու մասին խոսակցություններից՝ մինչև առճակատման հնարավորությունների քննարկում բուն ընտրությունների ժամանակ: ԱԺ ընտրություններն անցան հենց այդ մթնոլորտում, ինչին մեծապես նպաստեցին նաև ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», որոնք բոլորն էլ` իհարկե, տարբեր կողմերից, «խաղում» էին այդ հակասության վրա: Ի վերջո, դա հանգեցրեց նրան, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, իրար մեջ կիսեցին խորհրդարանը, և մնացած ուժերը ԱԺ-ում ստացան ընդամենը բուտաֆորիկ ներկայություն: Խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության թեման սահուն կերպով մարեց. ԲՀԿ-ն հրաժարվեց անգամ իրեն ընդդիմություն հայտարարել, ՀՀԿ-ն սկսեց ՏԻՄ ընտրություններում պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուներին, և այլն: Հենց այս համատեքստում էլ Գալուստ Սահակյանի հայտարարությունն այդ հակամարտության «շոուն» եզրափակելու իմաստ է ստանում: Իսկ դրա արդյունքն այն էր, որ կոալիցիոն իշխանությունը վերջին հաշվով վերարտադրվեց և հիմա ընդամենը հանդես է գալիս ոչ կոալիցիոն կամ «այլընտրանքային» ձևաչափով:
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի «ուղերձին», ապա այն առաջին հերթին՝ ուղղված է երկու կուսակցությունների շարքերին, որոնք առաջիկա նախագահական ընտրություններից առաջ երկփեղկված վիճակում են: «Մեր մեջ պրոբլեմ չկա»` Գալուստ Սահակյանի շուրթերով ընտրությունների ժամանակ «աշխատողներին» ասում է իշխանությունը:
Իհարկե, ամենևին բացառված չէ, որ նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտության» թեման կրկին ակտիվացվի, և, ասենք, նույն Գալուստ Սահակյանը հայտարարի, որ այդ հակամարտությունը բնական է քաղաքական ուժերի համար: Եթե իշխանությունն այդպիսով կարողացավ վերարտադրվել խորհրդարանական ընտրություններում, ապա նույն մեթոդը կարող է կիրառել նաև նախագահականի ժամանակ: Իհարկե, շատերը կհարցնեն` իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը: Խնդիրն էլ հենց այն է, որ այս` «հակամարտություն» օպերացիայի» կողմերից մեկն էլ, հնարավոր է, հենց նա է: