Բաժիններ՝

Կոստանտին Օրբելյանը Հայստանում չէ, բայց  ուրախությամբ է արձագանքել իր հայցի բավարարման մասին լուրին

Դատարանը բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը՝ անվավեր ճանաչելով մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը:

Հիշեցնենք, որ մայիս ամսին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի մշակույթի նախարարության, քանի որ մարտի 26-ի երեկոյան Մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ դադարեցվել են նրա լիազորությունները տնօրենի պաշտոնում։ Ըստ Կոնստանտին Օրբելյանի և Օպերային թատրոնի աշխատակիցների մեծամասնության՝ նրան պաշտոնից հեռացնելն անօրինական է, ուստի պետք է շարունակի իր լիազորությունները տվյալ պաշտոնում։

168.amը Կ. Օրբելյանի պաշտպան Տիգրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի հանգուցալուծում պետք է ակնկալել այս վճռից հետո:

«Հայցը բավարարվել է, սակայն դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց 30 օր հետո, և չի բացառվում, որ պատասխանող կողմից վերաքննիչ բողոք ներկայացվի. սա դեռևս առաջին ատյանն է և հնարավոր է՝ դատական գործընթացը երկարի»:

Անդրադառնալով Կ. Օրբելյանի՝ պաշտոնում վերականգնվելու հարցին՝ փաստաբանը նշեց. «Երբ հայց էինք ներկայացնում, ներկայացրել ենք նաև միջնորդություն՝ արգելել նախարարությանը՝ Օպերային թատրոնում նշանակել տնօրենի մրցույթ, որովեհտև հույս ունենք, որ պարոն Օրբելյանը կվերականգնվի իր պաշտոնում: Մեր միջնորդությունը բավարարվել է»:

Ի դեպ, Տ. Մարտիրոսյանը հավելեց նաև, որ Կ. Օրբելյանը Հայաստանում չէ, բայց  նրան տեղեկացրել է հայցի բավարարման մասին:

Հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել՝ նա պատասխանեց. «Իհարկե ուրախացել էր»:

Հիշեցնենք, որ Կ. Օրբելյանը վարչական դատարան է դիմել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի  իր լիազորությունները դադարեցնելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։

Կոնստանտին Օրբելյանը դիմել է նաև քաղաքացիական հայցով՝ իրավունքը ճանաչելու, հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և պարապուրդի գումար վճարելու պահանջով:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս