«Նա պիտի ընդունի, որ ինձ օրինական են նշանակել». Կոնստանտին Օրբելյանը՝ դատական հայցերի մասին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի։
Աշխարհահռչակ դիրիժորը վարչական դատարան է դիմել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Կոնստանտին Օրբելյանը դիմել է նաև քաղաքացիական հայցով՝ իրավունքը ճանաչելու, հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և պարապուրդի գումար վճարելու պահանջով:
Հիշեցնենք` Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան Մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։
Թատրոնի կոլեկտիվն ապրիլի 1-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Կպ;առավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել՝ ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։
168.am-ի հետ զրույցում Կոնստանտին Օրբելյանը խոսեց դատական հայցերից, դատարանից ակնկալիքների մասին, անդրադարձավ թատրոնի կառավարման խորհրդում Նազենի Ղարիբյանի ընտրության հարցին։
– Դուք դատական հայց եք ներկայացրել ընդդեմ Մշակույթի նախարարության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ի՞նչ եք ակնկալում դատարանից։
– Արդարություն։
– Մասնավորապե՞ս։
– Որ հաղթանակի արդարությունը. նա պիտի ընդունի, որ ինձ օրինական են նշանակել: Նախկին կառավարությունը չուներ պատճառներ ինձ անօրինական նշանակելու համար՝ ինչպես իրենք ողջ ժամանակ ասում են։
– Նազենի Ղարիբյանը Ձեզ հետ սկանդալի ֆոնին ընտրվեց Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Այդ խորհուրդը չունի մեծ գործառույթներ՝ այն առումով, որ այնտեղ Մշակույթի նախարարության կողմից տրամադրվող բյուջեի հետ կապված աշխատանքներն են քննարկվում։
Ընդհանրապես, եթե նայեք խորհրդի կազմին, այն քիչ է առնչվում թատրոնին, որովհետև թատրոնից այնտեղ 2 մարդ կա, նախարարությունից՝ 5 մարդ։ Այնպես որ, հակակշիռն ակնհայտ նախարարության կողմն է։ Ու թե ինչո՞վ իրենք պիտի զբաղվեն, նույնպես անհասկանալի է։
Եթե այդ խորհուրդը պետք է ներկայացնի թատրոնը, ուրեմն թատրոնը պիտի մասնակցի, թատրոնի ներկայացուցիչները, եթե ինչ-որ արմատական փոփոխություններ քննարկվեն, պիտի խորհրդակցեն թատրոնի աշխատակազմի հետ։ Այդ խորհուրդը թատրոնի գեղարվեստական մասի հետ ընդհանուր ոչ մի բան չունի։ Խորհուրդներ շատ կան ու շատ տեղերում է Նազենի Ղարիբյանը գլխավորում դրանք. այս առումով նա շատ զբաղված մարդ է։
–Դուք և մի քանի արտիստներ հայտարարել էիք, որ վարչապետ Փաշինյանն իրավունք չուներ Մշակույթի նախարարի ժամանակավոր պարտականությունները հանձնել Նազենի Ղարիբյանին, քանի որ նա այլ երկրի քաղաքացի է։ Վերջինին ի պատասխան՝ մամուլում տարածվեց այն հանգամանքը, որ Ղարիբյանը երկքաղաքացի է։ Ի՞նչ կասեք սրա մասին։
– Հենց երկքաղաքացիությունը չի թույլատրվում՝ երկրորդ քաղաքացիություն ունենալ նախարարին։ Նույնը նախագահի պարագայում է, երբ նախագահին նշանակեցին, Արմեն Սարգսյանը տվեց, չէ՞, իր անգլիական անձնագիրը, նույն օրը: Քաղաքացիական ծառայողն այս շրջանակում իրավունք չունի ունենալ երկքաղաքացիություն։ Դա Սահմանադրություն է, դա օրենք է։
Զարուհի Դիլանյան