«Մենք այսօր ունենք այսպիսի երկիր, որ կարելի է նստել, որովհետև ինչ-որ մեկի ընկերն ես». Տիգրան Աթանեսյանը՝ Նորայր Փանոսյանի գործի մասին

«Մենք այսօր ունենք այսպիսի երկիր, որ կարելի է նստել, որովհետև ինչ-որ մեկի ընկերն ես»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի պաշտպան փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հիշեցնենք, որ Ն. Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է: Մեկ շաբաթ առաջ դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

«Ցավոք սրտի, մեր դատական համակարգը ոչ միայն վերադարձել է իր վատագույն ավանդույթներին, այլ մի բան էլ ներքև է իջել: Վաղուց մարդուն Հայաստանում չէին հետապնդել զուտ իր ընկերական կապերի համար: Ունենք ակնհայտ անմեղ մարդու քրեական հետապնդում և կալանավորում»,- ասաց Տ. Աթանեսյանը՝ հավելելով, որ գործում չկա որևէ նկարագրություն, թե ինչ է արել Ն. Փանոսյանը:

Փաստաբանը մանրամասներ ներկայացրեց գործից՝ նշելով, որ խոսքն Առաջին նոտարական գրասենյակի տարածքի սեփականաշնորհման մասին է, որը Երևանի քաղաքապետարանը փորձել է վաճառել այն զբաղեցնող նոտարներին: Նոտարները, սակայն, պահանջել են տարածքներն իրենց տրամադրել՝ առանց վաճառքի, բայց դատարանը վճռել է, որ նոտարները որևէ իրավունք չունեն այդ տարածքի նկատմամբ:

Ըստ Տ. Աթանեսյանի՝ տեսնելով, որ նոտարները չեն գնում, քաղաքապետարանն աճուրդով վաճառել է այդ տարածքը, իսկ գնորդը Փանոսյանի քեռու որդին է եղել և վճարել է 160 հազար դոլար՝ նոտարներին առաջարկվող 80 հազարի փոխարեն:

Փաստաբանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինն այստեղ խնդիրներ է տեսնում, մինչդեռ, ըստ նրա՝ քրեական գործը դատարկություն է.

«Ես համոզված եմ, որ այս ամենն ունի այլ նպատակ. քրեական գործն ամբողջությամբ դատարկություն է, զրո, և նաև հաշվի առնելով այն, որ բոլոր նյութերում, բոլոր հարցաքննության արձանագրություններում կարմիր թելով անցնում է մեկ հարց՝ բոլորին հարց են տալիս, թե ինչ կապ ունի այդ տարածքի մասնավորեցման և վաճառքի հետ Հրայր Թովմասյանը: Միայն այդ հարցն է հետաքրքրում քննությանը, ընդ որում՝ ըստ մեզ հասանելի նյութերի՝ ոչ մի դրական արձագանք չեն ստանում»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, թեև սույն գործում ներգրավված չէ որևէ կարգավիճակով, բայց իրավական տեսանկյունից անդրադարձավ խնդրին՝ նկատելով, որ առկա մի շարք հիմնավորումներ կան, որոնք վկայում են, որ գործընթացներն ուղղորդվում են Հրայր Թովմասյանի դեմ.

«Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի սեփականություն հանդիսացող թերթը, երբ հրապարակում էր Նորայր Փանոսյանի մասին տեղեկությունը, ոչ թե հրապարակել էր անուն-ազգանունով, այլ վերնագրել էր, որ Հրայր Թովմասյանի սանիկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ Հրայր Թովմասյանի լուսանկարներով»:

Ըստ նրա՝ սույն գործի հանդեպ կա ընդհանուրից տարբերվող մոտեցում, ինչը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով.

«Մենք և այլ իրավապաշտպան կառույցներ հարցը ներկայացնելու ենք միջազգային իրավապաշտպան կառույցներին, դա ցավով ենք անում, ամենևին հաճելի չէ ներկայացնել այս խնդիրները, բայց ստիպված ենք, քանի որ մեր ներպետական ընթացակարգերը բարձր արդյունավետությամբ օժտված չեն՝ այն դեպքերում, երբ իշխող քաղաքական ուժն իրականացնում է պատվերով կամ քաղաքական հետապնդում: Թե ինչու արդյունավետ չէ՝ արգելափակվող դատարանների պարագայում դժվար է ակնկալել, որ ուղղորդված իրավիճակներում դատարանները (չեմ ասում՝ իրավապահ մարմինները) միասին կկարողանան բարձր պահել արդարադատություն իրականացնողի կոչումը»:

168.amի հարցին՝ արդյոք կատարվածին արձագանքե՞լ է ՀՀ փաստաբանների պալատը՝ հաշվի առնելով, որ Նորայր Փանոսյանը նաև փաստաբան է, Տ. Աթանեսյանը պատասխանեց. «Նրանք ենթարկվում են քաղաքական կոնյունկտուրայի և սպասում են, որ ինչ-որ նոր տեր ունենան նոր իշխանություններից: Ոչինչ չեն արել և ավելի լավ է չանեն, որովհետև միայն վնաս կպատճառեն»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս