«Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են…». Վոլոդյա Հովհաննիսյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր շարունակում էին իրենց բողոքի ակցիան Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջև: Նրանք պահանջում են կատարել ՍԴ որոշումը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրել: Ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ասում է՝ ինքը եկել է պաշտպանելու ոչ թե Ռոբերտ Քոչարյան անձին, այլ երևույթը:

«Ես աջակցում եմ ոչ թե Ռոբերտ Քոչարյան անձին, այլ Ռոբերտ Քոչարյան երևույթին, որը մեր պետությանը, մեր ժողովրդին հաղթանակ բերած, զարգացում ապահոված անձ է: Ինձ այստեղ բերել է այն վիրավորանքն արդարադատության նկատմամբ, երբ առաջին անգամ անզեն ոստիկանների վրա կրակելու հրաման տվող Նիկոլ Փաշինյանը և զինված ընդդիմություն կերտած Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր շինծու և հակասահմանադրական մեղադրանքով կալանավորել և կալանքի տակ են պահում Ռոբերտ Քոչարյանին, ով մեծ ներդրում ունի Արցախի և Հայաստանի անկախության կերտման և հզորացման գործընթացում: Ես վիրավորված եմ նրանից, որ սահմանադրական կարգի դեմ գործած մարդիկ այսօր, ուզուրպացնելով ժողովրդի հոգեկան պոռթկումը, եկել են իշխանության գլուխ և իրավական գործընթաց են սկսել, որ ծածկեն, կոծկեն և պատմության մեջ մոռացության մատնեն իրենց կատարած ոճրագործություններն ու հանցագործությունները: Նրանք 2008թ. ամբոխին զինել էին  մահակներով, սուր, կտրող գործիքներով և մոլոտովյան կոկտեյլներով, և ծեծվում էին, ջարդվում էին, այրվում էին ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանական տեխնիկան, երբ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին անվանեց «ղզիկ ոստիկաններ», և ասաց, որ մենք հիմա ոստիկաններին ողջույններ կուղարկենք, և հենց իր կանգնած տեղից կրակեցին ոստիկանների ուղղությամբ: Ես ուզում եմ պատմական արդարություն,  իրական արդարադատություն: Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, բայց իր կատարած չարագործությունները մեր ազգի և պետականության հանդեպ մահացու հարված են հասցրել մեր ազգային հզորությանը, և այսօր վտանգված է մեր անկախ պետականության գոյությունը: Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իր կատարած ոճրագործությունից և մեղքը գցել անմեղ մարդու վրա, դա ազգակործան ուղի է, որը նա իրականացնում է հանուն իր սորոսյան մի քանի գրոշի»:

Ակցիան համակարգող Գագիկ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք երեկ էլ մինչև կեսգիշեր մնացել են դատարանի բակում: Կապ են հաստատել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ, ասել, որ անհապաղ է պետք նիստ գումարել, սակայն պատասխանը ակցիայի մասնակիցներին չի գոհացրել:

«Մենք տիկին Դանիբեկյանին մեր հորդորները հղեցինք, բայց պատասխանից բավարարված չենք: Պատասխանը հետևյալն էր՝ սեպտեմբերի 12-ին նշանակված է նիստի օր, և այդ օրը քննության կառնենք: Հիմա այսօր էլ ենք փորձելու մեր բողոքը հայտնել, քանի որ, ըստ մեզ, անգամ մի ժամը Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու՝ օրենքի խախտում է, ՍԴ որոշման չկատարում է, ընդհանուր իրավասության դատարանի կողմից անգործության դրսևորում:

Դատարանի նկատմամբ ճնշումներ կան, որը մենք, 1 տարուց ավելի է՝ տեսնում ենք, հատկապես Ռոբերտ Քոչարյանի գործը ուղղորդվում է անձամբ վարչապետի սենյակից, անձամբ վարչապետի կողմից»:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին է միացել նաև «Ռեֆորմիստներ» կուսակցությունը: Վահան Բաբայանն ասում է՝ իրենք աջակցում են այս գործընթացում իրավական արդար որոշումներին:

«Մենք սատարում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավական այս գործընթացի դեմ պայքարին, հատկապես որ, կա ՍԴ որոշումը, վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դատական նիստերին մասնակցի՝ ոչ որպես կալանավոր: Մենք որպես երկրի ապագայով մտահոգ մարդիկ՝ պետք է թացը չորից տարբերենք և հասկանանք, որ իրավական պետության կառուցման ճանապարհին մենք պետք է շարժվենք ոչ թե սիմպատիաներով և անտիպատիաներով, այստեղ քաղաքական խնդիր չէ, իրավական է, անկախ նրանից՝ ով է սիրում Ռոբերտ Քոչարյանին, ով չէ, պետք է երկրում պահպանվի արդարությունը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս