Արցախի հակամարտության կարգավորման ինչպիսի՞ ժառանգություն է ստացել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ին ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանն անդրադարձավ Արցախի հիմնախնդրին՝ ընդգծելով, որ չափազանց դառնացած է այն իրավիճակով, որով որպես վարչապետ՝ ժառանգել է Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Արցախի հարցի միջազգային ընկալումը։
«Նախորդ տարի ԱԳՆ-ում առիթ ունեցել եմ ասելու և այժմ էլ հարկ եմ համարում կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև ինքներս մեզ համար, երբեմն կորցնում ենք Արցախի հակամարտության ծագման պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը։ Եվ այս երևույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Արցախի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ՝ նույնիսկ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ վարելիս։ Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում Արցախի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը, որովհետև հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարիների ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և, որ ավելի վատ է, նենգափոխվում: Եվ մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին և հետևողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս:
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրեցի, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի և Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձեւը: Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:
Եվ չափազանց կարևոր է այդ խնդիրների հսկայական տարբերությունն ի ցույց դնել, ինչի արդյունավետության մեջ ինքս համոզվել եմ մի քանի կոնկրետ դեպքերում»,- իր ելույթում նշեց վարչապետը։
168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ՀՀ ներկայիս վարչապետն Արցախի հակամարտության կարգավորման ինչպիսի՞ ժառանգություն է ստացել։
«Կարծում եմ՝ ճիշտ չէ այդ հարցն ինձ ուղղել։ Ես կարող եմ մի բան ասել՝ վարչապետն իր խոսքում ասաց, որ պետք է տեղեկատվական դաշտում ակտիվացնեն աշխատանքները, այդ գործընթացը մենք միշտ կարևորել ենք, քանի որ իրազեկվածությունից շատ բան է կախված։ Յուրաքանչյուր ժամանակահատված իր պահանջներն է ներկայացնում, այժմ լիակատար տեղեկատվական դարաշրջան է, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա՝ ճիշտ չէ միջամտել Հայաստանի ներքին խնդիրներին, կարևոր է համառորեն շարունակել Հայաստանի շահերի պաշտպանությունը՝ եռամիասնության մոտեցման ներքո՝ Հայաստան-Արցախ-սփյուռք, դրան զուգահեռ՝ Արցախի հիմանախնդրի և առհասարակ Արցախի մասին ավելի մեծ տեղեկատվություն տարածելով աշխարհում։
Հարցին՝ Արցախի Հանրապետությունն ինչպե՞ս է գնահատում հիմնախնդրի հետ կապված՝ հայկական կողմի նախկինում իրականացրած աշխատանքները միջազգային ասպարեզում, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ հարցին պետք է միշտ համախմբված մոտենան։
«Եթե նույնիսկ շատ բան է արվել, պետք է մտածենք, որ ավելի շատ պետք է անենք։ Ներհայկական տեղեկատվական, քաղաքական դաշտում կա յուրահատկություն, ի տարբերություն Ադրբեջանի, որն իր տեղեկատվության գրեթե 95 տոկոսն ուղղում է հենց հակահայկական խնդիրներին՝ լինի Արցախի հիմնախնդիրը թե Հայաստանի հետ կապված։ Մեզ մոտ այլ հարցերի վրա ենք ռեսուրսներ և էներգիա ծախսում, իհարկե, սա ինչ-որ տեղ պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը տոտալիտար երկիր է, և այնտեղ չկա ազատություն, այդ պատճառով էլ նրանց պարտադրում են խաղի նման կանոններ։ Մենք շատ կարևոր խնդիրներ ունենք, որոնց վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնենք, միշտ ասել ենք, որ կա չորս համազգային խնդիր, որոնց վրա է պետք է կենտրոնանալ՝ Արցախի հիմնահարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Սևանի հարցը և հայ ինքնության պահպանությունը սփյուռքում։ Այս հարցերը պետք է կիզակետում լինեն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան