«Կարծում եմ, որ ՊԵԿ-ը հիմա հանրությանը պիտի բացատրություն տա, թե ինչ գործի մասին է խոսքը, և ինչ հիմքեր կան». Դավիթ Խաժակյան
Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության տնօրեն, սեփականատեր Նիկոլաս Էլ Թավիլը, ինչպես հայտնի է՝ օրեր առաջ հրաժարվեց Թբիլիսիում ասուլիս հրավիրելու մտքից, և երեկ Երևանում ընթացող ասուլիսին միացավ «Սկայպով»:
Նա ներկայացրեց ընկերության մտահոգությունները ՝ «Սանիթեքի» նկատմամբ հարուցված քրեական գործի, աղբահանության խնդիրների ու քաղաքային իշխանությունների հետ երկխոսության բացակայության շուրջ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, սակայն, ասուլիսը ժամանակավրեպ է համարում. «Այն ինչ ներկայացվեց, ըստ էության, ամառվան նախորդ շրջանին էր վերաբերում, և դրանից հետո երկու ամիս և ավել ոչինչ չի փոխվել, դրա համար, կարծում եմ, այդ մտահոգությունների բարձրաձայնումը պետք է տեղի ունենար գարնանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Դ. Խաժակյանն անդրադարձավ նաև ասուլիսում բարձրաձայնված խնդիրներին, քաղաքապետարանի աշխատանքներին և աղբահանության խնդրի քաղաքականացմանը:
– Պարոն Խաժակյան, ընկերության կողմից ասուլիսում հնչեցված արդարացումները հիմնավո՞ր էին:
– Ինչ վերաբերում է հիմնավորումներին իրավական մասով՝ պետք է ասեմ, որ այն մտահոգությունը, որ մենք ներկայացնում էինք, որ Թբիլիսիում ասուլիս անցկացնելը ավելի շատ պետությանը, երկրին, քաղաքին ճնշելուն էին ուղղված՝ հեղինակության առումով, քան սեփական ասուլիսը լսելի դարձնելուն, որովհետև չներկայացվեցին այնպիսի հիմքեր, որոնք խոչընդոտում էին պարոն Նիկոլաս Էլ Թավիլի՝ Հայաստանում գտնվելուն և անձամբ ներկայացնելուն:
Ինչ վերաբերում է տեխնիկական մասին՝ մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ քաղաքապետարանը, չտիրապետելով խնդրի տեխնիկական կողմին համակողմանիորեն, ըստ էության, նաև պատճառ է հանդիսացել այդ բանակցությունների ձախողման, և բանակցությունների անարդյունք լինելու մեղքի զգալի բաժինը պատկանում է նաև քաղաքապետարանին»:
– Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում ստեղծված իրավիճակում, ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պիտի անի պետությունը՝ հաշվի առնելով, որ խոսքը խոշոր ներդրողի մասին է:
– Ես կարծում եմ, որ պետությունը և համայնքը պետք է ավելի թափանցիկ գործեն, որովհետև այն, որ ՊԵԿ-ը փետրվար ամսին նման քրեական գործ էր հարուցել, դրա մասին հանրությունը պետք է իմանար՝ ինչո՞ւ, որովհետև մենք խոսում ենք աղբահանություն իրականացնող օպերատորի մասին, և նույնիսկ քաղաքապատերանը, իմ տպավորությամբ, տեղյակ չէր, որ նման գործ է հարուցվել:
Սա նշանակում է, որ եթե ՊԵԿ-ը գնար իր վարչարարության իրականացմանը՝ առանց քաղաքապետարանին տեղեկացնելու, կարող էր այնպես ստացվել, որ վարչական գործողություններ իրականացներ աղբահանություն իրականացնող օպերատորի նկատմամբ և պարալիզացներ նրա աշխատանքը:
Դրա համար, կարծում եմ, որ ՊԵԿ-ը հիմա հանրությանը պիտի բացատրություն տա, թե ինչ գործի մասին է խոսքը, և ինչ հիմքեր կան և պատասխանի «ՍանիՏեքի» կողմից հնչեցված մեղադրանքներին, որոնք ես միանշանակ չեմ ընդունում, բայց, այդուհանդերձ, ՊԵԿ-ը պիտի դրանց պատասխանը տա:
– Իսկ ո՞ւմ էր ձեռնտու հարցի քաղաքականացումը, նախկին իշխանությունների հետ խնդրի շաղկապումը:
– Ամենահեշտ և ընկալելի քաղաքական տեքստը կարող է լինել՝ ասել, որ օրինակ՝ Տարոն Մարգարյանն այդ մեքեաններն իր հետ տարել է, հիմա դրանք իր ավտոտնակում կանգնած են, որպեսզի խնդիրը բարդել ամբողջությամբ այլ կողմի վրա քաղաքապետարանի տեսանկյունից և չկրել պատասխանատվություն այս տասը ամիսների համար:
Մենք արձանագրում ենք, որ որևէ գնում, որևէ որոշում, որևէ գործընթաց չէր կարող ավելի երկար տևել, քան տասը ամիսը, ուստի մենք խոսում ենք քաղաքապետարանի չկատարած աշխատանքների մասին:
Զարուհի Դիլանյան