«Եթե նոր իշխանությունները համարում են, որ նույն թիմի կազմում այլ կարծիք ունենալն անթույլատրելի է, ապա դա քաղաքական կարճամտություն է, եթե ոչ՝ ավելի խիստ». Գառնիկ Իսագուլյան

Մեր զրուցակիցն է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

Պարոն Իսագուլյան, նոր եք վերադարձել Արցախից, ի՞նչ վիճակ է տիրում այնտեղ՝ հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց մեղադրեց Արցախի Հանրապետության իշխանություններին իր և ՀՀ իշխանությունների դեմ դավադրության կազմակերպման, ըստ էության, նույնն  է թե՝ դավաճանության մեջ։

– Հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում էմոցիոնալ հայտարարություններով, որոնց հետ կապված հենց ինքը հետագայում որոշակի պարզաբանումներ է տալիս՝ մեղմացնելով իր իսկ ասածները կամ ուղղակի պնդելով, որ իրեն ճիշտ չեն հասկացել, չէի ցանկանա գույներն այդքան խտացնել՝  չնայած այն հանգամանքին, որ բառացի ասվել է այն, ինչ դուք մատնանշում եք։ Մյուս կողմից՝ կարծում եմ, բոլոր նման հարցադրումների կամ արտահայտությունների ամենաճիշտ ու հավասարակշռված պատասխանը հնչել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից, որում մասնավորապես Արցախի նախագահը նշել է. «Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք:

Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ՝ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Կարդացեք նաև

Եթե Ն Փաշինյանի պարագայում որոշ արտահայտություններ ու ասածներ էմոցիոնալ դաշտից են, ապա ինչպե՞ս հասկանալ նրա թիմի բազմաթիվ ներկայացուցիչների նմանատիպ մեղադրանքները շատերի հասցեին, որից զերծ չեք մնացել նաև Դուք։  

– Այս երևույթին ևս կարելի է ըմբռնումով մոտենալ, քանզի նրանցից շատերը փորձառություն չունեն, կամ նրանց ուսանած դասընթացներում առկա է եղել կոնկրետ երևույթներին արձագանքելու հստակեցված մոդել, որից նրանք չեն կարողանում շեղվել, նույնիսկ այն պարագայում, երբ իրավիճակը պահանջում է միանգամայն այլ մոտեցում։ Իմ պարագայում՝ ես դրան ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, քանզի ինձ համար կան շատ ավելի առաջնային խնդիրներ ու ազգային արժեքներ, և ես դրանք փոխելու կամ ինչ-որ ուժերի թելադրանքով այլ արժեքների դավանելու պարտադրանքը չունեմ։ Այո՛, ես երբեմն խոսում եմ շատ խիստ, կտրուկ, բայց վստահաբար կարող եմ ասել՝ նպատակային, ընդ որում՝ բոլոր դեպքերում տոնայնության փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, երբ հասցեատերը չի ընկալում մինչ այդ ավելի մեղմ տարբերակով իրեն հասցեագրված խոսքը։

Միաժամանակ բազմիցս շեշտադրել ու շեշտադրում եմ, որ ինձ համար Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և առհասարակ հայության մեջ չկան հակառակորդներ ու թշնամիներ, նրանք բոլորն էլ մեր հայրենակիցներն են, և մենք պարտավոր ենք այդ տեսանկյունից միասնաբար, թեկուզ՝ տարբեր մոտեցումներով, գնալ խնդիրների լուծմանը՝ ելնելով բացառապես մեր ազգային ու պետական շահերից, և այս տեսանկյունից է, որ շատ դեպքերում անհասկանալի է լինում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց թիմակիցների արտահայտած մտքերն ու գործողությունները, որոնք ոչ միայն չեն բխում մեր ազգային ու պետական շահերից, այլև հակառակ են դրան։

Այս դեպքում չարձագանքելը շատ ավելի վատ է ու վնասակար, քան խիստ արձագանքման պարագայում պիտակավորվելը։ Ցավալի է, որ նոր իշխանությունները նման արձագանքները դիտարկում են՝ որպես թշնամանք իրենց նկատմամբ, բայց դա այլ խնդիր է և իրենց անձնական գործը։ Եվ եթե նոր իշխանությունները համարում են, որ նույն թիմի կազմում այլ կարծիք ունենալն անթույլատրելի է, ապա դա քաղաքական կարճամտություն է, եթե ոչ՝ ավելի խիստ։ Մեր պարագայում մենք նման խնդիր չունենք. որոշում կայացնողը, ով էլ նա լինի, պետք է լսի ամենատարբեր, նույնիսկ միմյանց նկատմամբ ծայրահեղ տեսակետներ, ընդ որում՝ բարձրաձայն։ Իմաստունը նա է, ով նման պարագայում է կայացնում ճշմարիտ որոշում։ Ուստի նաև հորդորս սկսնակ քաղաքական գործիչներին ու նորաթուխ պաշտոնատար անձանց՝ Իսագուլյանը միշտ խոսում է իր անունից ու իր փոխարեն, դավադրություններ փնտրել պետք չէ։

– Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Դուք և այլք գործում եք բացառապես ինքնուրույն, և այդ ամենը չի համակարգվում։ 

– Ես արդեն իսկ նշեցի, որ նույն թիմում կարող են լինել տրամագծորեն հակառակ տեսակետներ, և այդ տեսակետներ կրողները կաշկանդված չեն դրանք բարձրաձայնելու, իսկ խորագետ որոշում կայացնողը հենց այդ բազմազանության մեջ է ամբողջացնում ընդհանրական ու բացառապես ազգային ու պետական շահից բխող որոշումը, և ոչ՝ հակառակը, այսինքն՝ ինչ-որ մեկն ի վերուստ որոշում է, մնացածը՝ նախօրոք ծրագրավորված ձևերով դա իրականացնում։ Ցավով պետք է նշեմ, որ նոր իշխանությունների մոտ առկա է երկրորդ մոտեցումը, որը ոչ թե մտքերի գեներացիա է, այլ ընդհակառակը՝ ինչ-որ մեկի մտքի, հիմնականում՝ սխալ, պարտադրանք մյուսներին։ Բերեմ պարզ օրինակ․ երբ ասում են՝ ժողովուրդն է այդպես ուզում, բայց մեզ հայտնի է, որ մինչև ժողովրդի «ուզելը» երկու անգամ արդեն էմիսարներ են ուղարկել։ Հետևությունը պարզ է, որ ժողովրդի հետին թվով ցանկությունը հարմարեցված է իրենց նախանշած ծրագրին։ Վկա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

Այսի՞նքն։

– Կարծում եմ՝ հասկացողը հասկացավ։

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս