Համապետական սադոմազոխիզմ

Ամերիկյան համալսարաններից մեկի հետազոտության արդյունքների համաձայն՝ ՀՀ իշխանությունները տառապում են մազոխիզմով: Իհարկե, ամերիկացի հոգեբանները ուղղակիորեն չեն ուսումնասիրել հայ պաշտոնյաների վարքագիծը, սակայն, եթե նրանց հետազոտության արդյունքները պրոյեկտենք մեր իրականություն, ապա այդ պնդումը միանգամայն իրական կդառնա: Եվ այսպես, ԱՄՆ Ինդիանայի Notre Dame համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Անիտա Քելլի գլխավորությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ազնվությունը կարող է կտրուկ բարելավել ֆիզիկական և մտավոր առողջությունը: Շուրջ երեք ամիս տևողությամբ 18-71 տարեկան 110 մարդկանց մասնակցությամբ ստի դետեկտորով թեստեր են անցկացվել, ինչի արդյունքում պարզվել է մեծ և փոքր ստերի կապը առողջության հետ: Կախված ստելու հաճախականությունից և ստի «ծանրության աստիճանից»` մարդկանց առողջությունը վատացել է: Եվ հակառակը, որքան նվազել է ստելու քանակը և ստի «ծանրությունը», մարդկանց ինքնազգացողությունը բարելավվել է: Հոգեբանները հանգել են այն եզրակացության, որ առողջական վիճակի վրա ստի ազդեցությունը պայմանավորված է ստի հետևանքով առաջացող սթրեսային իրավիճակով:
Իսկ ի՞նչ կապ ունի այս հետազոտությունը Հայաստանի իշխանությունների հետ: Ուղղակի: Դժբախտաբար, մեր իշխանությունների ընդհանրական և առանձին պաշտոնյաների անհատական ստերի մասնագիտացված մոնիտորինգ չի իրականացվել: Սակայն, անգամ առանց դրա էլ՝ մեր պաշտոնյաների ազնվության մասին հարցադրումն անգամ ծիծաղ է առաջացնում, քանի որ գրեթե ամեն օր մեր հասարակությունն իշխանությունների կողմից ստանում է ստի բավական մեծ չափաբաժին: Դրան, ի դեպ, հատկապես վերջին շրջանում մեծապես նպաստում են նաև քարոզչական տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած սուտ ներկայացնել ճշմարտության փոխարեն: Այսպիսով, մեր պաշտոնյաներն ամեն օր ապրում են սթրեսային վիճակում, ընդ որում, դա սկսվում է իշխանության ձևավորման առաջին իսկ օրվանից: 1991 թվականից հետո Հայաստանում ոչ մեկը չի հավատում ընտրությունների արդյունքներին: Անգամ այդ արդյունքներով իշխանության եկածները խոստովանում են դա: Խոստվանում են, ու ըստ ամերիկացիների՝ փաստորեն, ընկնում են սթրեսի մեջ: Ու նրանց սթրեսային կյանքը շարունակվում է մինչև հաջորդ ընտրություն: Այս հարցումների արդյունքների հիման վրա կարելի է կազմել անգամ ամենասթրեսային պաշտոնյաների վարկանիշային աղյուսակը: Եթե առաջնորդվենք ստի «ծանրության ցուցանիշով», ապա ցանկը, թերևս, կգլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը, «հաճախակի ստելու» ցուցանիշով էլ, ամենայն հավանականությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԿԸՀ նախագահին և Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարներին այս ցանկից կարելի է հանել, քանի որ սուտը նրանց ամենօրյա աշխատանքի հիմքն է:
Ինչպես նշեցինք, սուտն իշխանությունների ամենօրյա գործունեության բաղադրիչն է: Եվ, որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք նաև այսօրվա ամենամեծ սուտը: Պարզվում է, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ավելացել են սոցիալ-տնտեսական պայմաններից գոհ քաղաքացիները: «2010-ի նոյեմբերին  բնակչության մոտ 45%-ն էր  Հայաստանում ամեն ինչից  բավարարված, 2011-ին նրանց թիվը հասել է  47,6 տոկոսի»,- այսօր կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել «Այ Փի Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը` ներկայացնելով 2000 քաղաքացիների շրջանում անցկացված իրենց սոցհարցումների արդյունքները: Սույն փորձագետը ներկայացրել է «բավարարվածության աճը» հիմնավորող մի շարք այլ ենթացուցանիշներ, բայց դա արդեն կարևոր չէ: Ամերիկացի հոգեբանների ուսումնասիրությունը վերհիշելուց առաջ՝ տեղեկացնենք, որ այս հարցումն իրականացվել է ՀՀ կառավարության պատվերով: Հայաստանյան իրականությանը ու հատկապես սոցիալ-տնտեսական վիճակին ծանոթ մեկի համար նման տվյալները եթե վիրավորական չեն, ապա առնվազն ծիծաղելի են: Ամբողջ հասարակությունը խոսում է ամեն օր ավելացող արտագաղթի մասին, արտերկրյա աշխատանքի տեղավորող գրասենյակների մոտ հերթեր են գոյանում, լրահոսը հեղեղված է ինքնասպանությունների` գրեթե ամենօրյա քրոնիկայով… ու պարզվում է, մեր հասարակության շրջանում ամեն ինչից բավարարվածների թիվն ավելացել է: Փաստորեն, կամ մեր հասարակությունն է գտնվում ոչ թե սթրեսային, այլ արդեն հոգեկան որևէ հիվանդության բարդ ստադիայում, կամ այս հետազոտության պատվիրատուներն են տառապում մազոխիզմով: Թեև, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` սադոմազոխիզմ, քանի որ իշխանական մազոխիզմի արդյունքում տուժում են քաղաքացիներն ու պետությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս