Ֆինանսական աջակցություն` Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից առաջ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Եվրոպական ներդրումային բանկի արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի` «Բագրատաշեն», «Բավրա», և «Գոգավան» անցման կետերի արդիականացում»՝ 30 միլիոն 316 հազար եվրո, և «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» 6.5 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերը: Ինչպես համաձայնագրերի ստորագրումից հետո լրագրողներին ասել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, դրանք շատ կարևոր փաստաթղթեր են, քանի որ փոքր գյուղական համայնքների ջրային ծրագրով հնարավորություն կստեղծվի 300 հազար բնակչի համար նորոգել ջրային գծերը, որն իրականացնելու է «Հայջրմուղ կոյուղի» ընկերությունը: Ինչ վերաբերում է սահմանային անցակետերի արդիականացմանը, ապա դրա արդյունքում, ըստ նախարարի, կհեշտանա քաղաքացիների տեղափոխումը սահմանի այս կողմից այն կողմ: Հեյնս Օլբերսն էլ, իր հերթին, կարևորելով վարկային համաձայնագրերի ստորագրումը` հայտարարել է, որ հետագայում բանկը կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։ Առաջին հայացքից սովորական արարողակարգային այս միջոցառումը բավական ուշագրավ է դառնում այս օրերին քաղաքական, հատկապես` արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում: Խոսքը վերաբերում է Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ ակտիվացած քննարկումներին, դրանց արդյունքում` վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին և ընդհանրապես ռուսական կողմից աճող ճնշումներին: Այս պայմաններում` հենց այսօր Եվրոպական ներդրումային բանկի կողմից վարկային համաձայնագրի ստորագրումն ինչ-որ իմաստով խորհրդանշական է դառնում: Եվրոպական ներդրումային բանկն, իհարկե, դե յուրե ապաքաղաքական կառույց է, միջազգային ֆինանսական կառույցներից մեկը: Բայց, ինչպես մյուս ֆինանսատնտեսական միջազգային ինստիտուտները` Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և այլն, բնականաբար, իր գործունեության մեջ առնվազն հաշվի է առնում կառույցի հիմնադիր պետությունների, քաղաքական կենտրոնների շահերը: Ավելի պարզ ասած, Եվրոպական ներդրումային բանկի կողմից որևէ վարկային համաձայնագրի հաստատում իրականում հանդիսանում է Հայաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականության «ֆինանսական դրսևորումը»: Իհարկե, 37 միլիոն եվրոն նման հարցերում առանձնապես մեծ գումար չէ, սակայն, տվյալ դեպքում, ինչպես նշեցինք, սա ավելի շատ խորհրդանշական ժեստ է: Այս օրերին, երբ Հայաստանի քաղաքական երկնքում սրի պես կախված է Եվրասիական միությանն անդամակցության պարտադրանքը, այս համաձայնագիրը կարելի է դիտարկել մի կողմից՝ որպես բարոյական աջակցություն ՀՀ իշխանություններին, մյուս կողմից՝ հերթական ակնարկ, որ եվրոինտեգրացիոն կուրսի շարունակությունը կունենա նաև շարունակական ֆինանսական հետևանքներ: Բացառված չէ, իհարկե, որ Եվրասիական միության շուրջ ծավալված քննարկումների օրերին ու Սերժ Սարգսյանի այցի նախօրեին այս համաձայնագրերի կնքումը պատահականություն է: Թեև, ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Հատկապես՝ մեծ քաղաքականության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս