«Հայաստանը շատ ուժեղ խաղաքարտ ունի». Արման Եղոյանը՝ ԵԽ ընտրությունների մասին
Եվրախորհրդարանի ընտրություններից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հետ կապված խնդիր չի ակնկալում։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այն վավերացվում է ազգային պետությունների խորհրդարաններում ու, թեև այս ընտրությունները որոշել են ԵԽ կազմը, բայց ազգային խորհրդարանների կազմը նույնն է, ինչ 1-2 տարի առաջ. «Մնացել է 10-ից քիչ ավելի երկիր, որ պետք է վավերացնեն, և որևէ խոչընդոտ մենք չենք ակնկալում»։
ԵԽ-ի հետ հետագա համագործակցության վերաբերյալ Ա.Եղոյանը նշեց, որ հստակ միտումենր կան, որ չի կարելի չնկատել.
«Այո, պահպանողական ուժերն այս անգամ ստացել են ավելի շատ ձայներ, քան նախորդ ընտրություններում, իսկ նախորդ ընտրություններում ստացել էին ավելի շատ, քան դրա նախորդ ընտրություններում, այսինքն՝ պահպանողականների առավելությունը եվրոպական քաղաքականության կոնտեքստում նշանակում է ավելի զգուշավոր ընդլայնման, արտաքին ու ինտեգրացիոն քաղաքականություն։
Նրանք դեռ այնքան շատ ձայներ չեն ստացել, որ վստահ մեծամասնություն վերցնեն, կամ Եվրահանձնաժողով ձևավորեն, բայց իրենց ձայնն արդեն այնքան ծանրակշիռ է, որ որոշակի ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր ԵՄ արտաքին քաղաքականության վրա, առնվազն հնարավոր չի լինի հաշվի չառնել այլևս։
Հայաստանն էլ ԱԼԳ երկիր է և, եթե քաղաքականության փոփոխություն լինի, բնականաբար, մենք դա կզգանք։ Տարիներ առաջ սկսված գործընթացների ընթացքը չի կարող փոխվել քաղաքական փոփոխությամբ, ուղղակի հետագա զարգացումների քաղաքական աուրան որոշակիորեն կփոխվի, այսինքն՝ արտաքին քաղաքական տրամադրությունների փոփոխություն կարող է տեղի ունենալ»։
Ա.Եղոյանի խոսքով՝ վիզաների ազատականացման հարցը մեծապես կախված կլինի նոր Եվրահանձնաժողովի դիրքորոշումից, ինչն էլ իր հերթին կախված կլինի նոր ԵԽ դիրքորոշումից. «Անկեղծ պետք է ասել, որ սա քաղաքական որոշման հարց է, այսինքն՝ ԵՄ-ի՝ որպես մեկ ամբողջության և որպես 28 պետությունների արտաքին քաղաքականությունների հանրագումար, քաղաքական որոշելիքն է։
Եվրահանձնաժողովի ներկա ղեկավար պարոն Յունկերն ասել է, որ ՀՀ-ն տեխնիկապես պատրաստ է դրան, այսինքն՝ չկան տեխնիկական խոչընդոտներ՝ բիոմետրիկ անձնագրերի ներմուծում, սահմանային անցակետերի վիճակ և այլն։ Առաջիկա օրերին, երբ տեսնենք, թե ովքեր են հայտ ներկայացնում Եվրահանձնաժողով ձևավորելու, այդ ժամանակ պարզ կլինի»։
Ա.Եղոյանը նշեց, որ կան որոշ երկրներ, որոնք խնդիրներ են տեսնում վիզաների ազատականացման հարցում, իսկ այդ հարցը լուծվում է կոնսենսուսով, բայց Հայաստանը շատ ուժեղ խաղաքարտ ունի՝ 2017թ-ի համեմատ 2018 թ-ին ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցողների թիվը 30%-ով նվազել է՝ 6800-ից հասնելով մոտ 4800, այսնինք՝ սա հստակ մեսիջ է, որ Հայաստանը չի կարող հարուցել այն մտահոգությունները, ինչից անհանգստանում էին որոշ երկրների ազգային կառավարությունները. «Այս տարվա թվերն էլ, հուսով եմ, կլինեն ավելի պակաս և այդ դինամիկան շատ հստակ կարող ենք մատնանշել՝ որպես ՀՀ առավելություն»։