«Թշնամին գիտի՝ բա որ մենք հանկարծ դուրս գանք Քուռի ափ… 27 կամուրջ է, եթե ոչնչացնենք՝ Ադրբեջանը կկիսվի երկու մասի». Արա Պապյան

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

«2016թ. ապրիլյան պատերազմից հետո ես բերել եմ 1982 թվականի Իսրայելալիբանանյան  պատերազմի օրինակը, որտեղ Իսրայելը համեմատաբար շատ զոհ տվեց: Այդտեղ 64 հանձնաժողով ստեղծվեց, ուսումնասիրում էին տարբեր ոլորտներ՝ սկսած  զենքի տեսակից, որն իրեն չէր արդարացրել: Դա հանգեցրեց գլխավոր շտաբի պետի հրաժարականին, գեներալների ձերբակալության:  Դրանից Իսրայելը  ոչ թե ավելի թուլացավ, այլ, ընդհակառակը, ուժեղացավ, որովհետև դու զննում ես, քննում և մաքրում»,- մեզ հետ զրույցում ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝  հարցը պետք է լինի ազնիվ և պրոֆեսիոնալ ու հանկարծ հաշվեհարդարի չվերածվի:

«Օրինակ, երբ տարիներ առաջ ԱԳՆ-ում որոշեցին ատեստացիա անել, որպեսզի անարժաններին դուրս թողնեն, ես դեմ էի դրան, որովհետև չէին թողնելու ազնվորեն անեին, ու դուրս էին մնալու նրանք, ովքեր տեր չունեին: Այդպես էլ եղավ: Մարդիկ, ովքեր ավելի քիչ միավոր էին հավաքել՝ մնացին: Նրանցից մեկն անգամ այսօր դեսպան է: Հիմա  հարցը հետևյալն է. եթե մենք պետք է քննենք ու արդարացի պատիժներ տանք կամ ճիշտ եզրակացություն անենք՝ համաձայն եմ, բայց, սա հանկարծ չպետք է վերածվի՝ «ո՞ւմ ենք պատժում»-ի»,- հավելեց նա:

Դիվանագետը չի կարծում, որ ստեղծված իրավիճակից թշնամին կօգտվի:

«Ես այն մարդկանցից չեմ, ով մտածում է, որ թշնամին գործողությունները մեզանով է պայմանավորում: Հենց հարձակվեց՝ բոլոր խնդիրները դնելու ենք մի կողմ ու միավորվելու ենք: Հայ ժողովուրդը հետաքրքիր հոգեբանություն ունի: Մեր ազգը ճգնաժամային ազգ է: 90-ականների նման իրավիճակ երկու օր ես տեսել եմ Կանադայում, երբ լույսերը հանգան, լուսացույց չկար… ընդամենը երկու օր:  Այդ երկիրը քաոսի վերածվեց, քաղաքացիական պատերազմի շեմին էր կանգնած: Խանութներն էին թալանում, որովհետև ճգնաժամային երկիր չէ, գոյատևում է, քանի որ ամեն ինչ լավ կարգավորված է, բայց մի պահ խառնվեց՝ իրենց կորցրեցին:

Թշնամին գիտի, որ մենք պատերազմի մեջ հաղթող, խաղաղության մեջ պարտվող ժողովուրդ ենք, դրա համար ինքն այդքան հեշտ պատերազմի չի գնա:  Իմ կարծիքով՝ ադրբեջանական ստրատեգիան հետևյալն է. մշտապես պահել պատերազմի վտանգը, սահմանի վրա փոքր բախումներ անել: Ինքը մաշեցման քաղաքականություն է տանում, որովհետև եթե պատերազմի, բա որ մենք հանկարծ դուրս գանք Քուռի ափ… 27 կամուրջ է, եթե դրանք ոչնչացնենք՝ Ադրբեջանը կկիսվի երկու մասի: Դա դժվար չէ: Ամենալուրջ պատերազմը դա օրորոցների պատերազմն է: Իրենք ունեն բնակչության աճ, մենք՝ անկում: Իրենք ո՞ւր շտապեն… ասում են՝ մի 50 տարի էլ կսպասենք, ի՞նչ է եղել:

Այստեղ մեկ այլ հարց էլ կա. նայենք Ալիևի տեսակետից: Ինչ-որ մի գեներալ, ով տեսնում է, որ բանակում ազդեցություն ունի, ասում է՝ ես ինչի՞ պետք է իրեն ենթարկվեմ: Ալիևը հասկանում է՝ եթե հաղթեց, հաղթող գեներալն է գալու իրեն գցի, եթե պարտվեց՝ պարտվողն է գալու, դրա համար ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն Ալիևի համար լավագույնն  է: Ինքը ճնշում է սեփական ժողովրդին ու  դա հիմնավորում է Արցախի հակամարտությամբ, ուտում է այդ փողերը: Միակ հաղթանակի ձևն Ադրբեջանի տրոհումն է, որի դեպքում դեմոգրաֆիական առավելությունը կդառնա մերը»,- նշեց Արա Պապյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս