Բաժիններ՝

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ տուրք. փոփոխություն նախագծում

ՀՀ կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություն է կատարել Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծում` առաջարկելով տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ:

Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարար  Խաչատրյանը նախ ներկայացրեց այն սկզբունքները, որոնց հիման վրա մշակել են առաջարկները: Առաջարկի հիմնական սկզբունքն է՝ պահպանել մրցակցային գնային միջավայր, որ ներմուծողները կարողանան ցեմենտը վաճառել նույն կերպ, ինչպես արտադրողները:

«Առաջարկում ենք, որ ներկրվող ցեմենտի համար սահմանվի 14 հազար դրամ տուրք: Սա էապես տարբերվում է 22 հազար դրամից: Երբ մենք սկսել էինք քննարկումները, և կառավարությունն ԱԺ-ին ներկայացնում էր իր հաշվարկը, այն կառուցված էր այն հիմնական թվերի վրա, որոնք վերաբերում էին խոշոր արտադրողի` նախորդ տարվա ընթացքում ունեցած արտադրական ինքնարժեքի թվերին: Եվ մենք այն ժամանակ 1 տոննայի համար  ունեինք 37 հազար դրամ: Հետագայում, երբ լրացուցիչ տեղեկություններ ստացանք  արտադրողից  վերջին ամիսների արտադրական գործունեության վերաբերյալ, նաև ՊԵԿ-ը մեզ ներկայացրեց տեղեկություններ և իր մոտեցումները, ստացվեց, որ արտադրական ինքնարԺեքը մոտ է 31 հազար դրամին»,-ասաց նախարարը:

Նախարարը նկատեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ հաշվի չէին առել, որ արտադրական ինքնարժեքն ու վաճառքի գինը շատ չեն տարբերվում:

Խաչատրյանը նաև ներկայացրեց գների մոտավոր հաշվարկները: Ներկրվող մեկ տոննա ցեմենտը ձեռք է բերվում մոտ 9000 դրամով, մաքսավճարներ և մաքսատուրքեր են վճարվում 800 դրամի չափով, բարձման հետ կապված ծախսերը` 700 դրամի չափ, տոննայի տեղափոխման համար ծախսը 12 հազար դրամ է: Առաջարկվող 14 հազար դրամ պետական տուրքի, իրացման 500 դրամ ծախսերի արդյունքում հանրագումարը մեկ տոննայի համար ստացվում է 37 հազար դրամ: Եվ ավելացված արժեքի հարկը,  5 տոկոս շահութաբերություն դիտարկելու դեպքում արտադրանքը կարող է Երևան հասցվել և վաճառվել տոննան 47 հազար դրամով: Իսկ տեղական արտադրանքը վաճառվում է ներկայում մոտ 40 հազար 300 դրամով:

Նախարարը ներկայացրեց նաև կլինկերից արտադրվող ցեմենտի գնագոյացումը: Բուռն քննարկում առաջացրած հարցի վերաբերյալ փոփոխություն չի կատարվել, ներկրվող կլինկերի վրա պետտուրք չի սահմանվել:Խաչատրյանը նաև նշեց, որ շարունակում են առաջարկը պահել ուժի մեջ, որ օրենքի նախագիծն ընդունվի և գործի մինչ 2020-ի ապրիլը: Փաթեթում ներառել են նաև Հարկային օերնսգրքում փոփոխություն` պարտադիր վճարների հատվածում լրացում կատարելով, որ օրենքն ուժի մեջ մտնի անմիջապես:

Առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր ներկրվող ցեմենտի վրա սահմանել 22 հազար դրամ պետական տուրք: Նախագիծն ԱԺ լիագումար նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել` ներկայացնելով իրենց դիտարկումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս