Պետք է ոգեշնչվեմ, որպեսզի ստեղծագործեմ

Ասում է կոշիկի մոդելավորող Մամիկ Մալխասյանը

Մամիկ Մալխասյանը կանացի և տղամարդու կոշիկի ինքնատիպ մոդելավորող է: Նա եզակի կոշիկներ է ստեղծում կոնկրետ պատվիրատուների համար: Նա կոշիկներ է կարել տարբեր պետությունների ղեկավարների, միջազգային ճանաչում ունեցող աստղերի, արաբական շեյխերի, հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների, գործարարների համար: Այժմ նա բացառիկ և ինքնատիպ կոշիկներ է ստեղծում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի և Քիմ Քարդաշյանի համար: Նա չափազանց համեստ անձնավորություն է: Տեսնելով նրա աշխատանքները` որոշեցինք լայն հանրությանը պատմել նրա մասին, ներկայացնել նրա ստեղծած բացառիկ կոշիկները: Փորձեցինք մեր ընթերցողի համար բացահայտել Մամիկ Մալխասյանին: Մամիկը կոշիկի դիզայնով զբաղվում է 1994 թվականից, դիզայների մասնագիտություն չունի: Անհրաժեշտ տեղեկություններ ստանում է համապատասխան նյութեր կարդալով, իսկ կոշիկի դիզայնի նրբությունները սովորել է իտալացի կոշկագործներից: Ի դեպ, ներկայացված լուսանկարներում պատկերված է Մամիկի վերջին ստեղծագործություններից մեկը, որն այլևս պատկանում է սիրված երգիչ Հայկոյին:

– Մամիկ, ինչո՞ւ չստացվեց քո` դերասանի կարիերան: Ի՞նչը ստիպեց թողնել Թատերական ինստիտուտը, որտեղ սովորում էիր:

– Ի սկզբանե թատերական ինստիտուտ ընդունվել եմ՝ բանակ չգնալու համար: Չեմ թաքցնում այդ փաստը: Բայց ունեմ դերասանի ձիրք, ես ինձ համարում եմ դերասան մարդ: Բայց հետո շատ բացականեր ունեի, դասերին չէի հաճախում: Հետո հասկացա, որ անիմաստ է շարունակելը: Գնացի բանակ, ծառայեցի՝ հետ եկա, ու արդեն ուշ էր, ինձ համար դա արդեն հետաքրքիր չէր:

Կարդացեք նաև

– Հայրդ ու եղբայրդ արհեստավորներ են, զբաղվում են մեքենաների վերանորոգմամբ, դրանով չէի՞ր հետաքրքրվում:

– Ես աշխատել եմ իրենց հետ: «Ավտոյի թյունինգ» հասկացությունը ես եմ մտցրել: Հայաստանում մինչ այդ չեն իմացել` ինչ է թյունինգը, ես եմ ստեղծել դա այստեղ: Հասցրել եմ դա այն գագաթնակետին, որ բոլորը սկսեցին անել, ուղղակի այն ժամանակ արդեն դա ինձ հետաքրքիր չէր: Չսիրեցի:

Փոփոխակա՞ն մարդ ես:

– Շատ: Ես կարող եմ տարիներով ինչ-որ բանի, բառիս բուն իմաստով, տենչալ հասնել, բայց հենց հասնեմ դրան` ինձ այլևս հետաքրքիր չլինի:

Հայաստանում ժամանակին կենտրոն ունեիր, հնարավո՞ր է՝ կրկին այստեղ բացես քո կենտրոնը:

– Բացարձակ, նման բան չի լինելու, չեմ էլ խոստանում: Ամենաշատը կփորձեմ կայքէջ ունենալ: Չգիտեմ՝ ինչո՞ւ է դա պետք: Բայց, որ բոլորն ունեն` ես էլ կունենամ: Դա էլ հարազատներիս, բարեկամներիս թելադրանքով պիտի անեմ: Ես չեմ հասկանում, երբ դիզայներներն ասում են, որ իրենք ունեն իրենց մտքերը, և, որ կայքն էլ իրենց մտքերը արտահայտելու միջոց է: Ես նման բան չունեմ: Ես ունեմ մեկը, ում գործերով ես ապրում եմ: Դա կոշիկի դիզայներ Բեռլուտին է: Երբ ես կարողանամ հասնել իրեն` այդ ժամանակ էլ մեծամտորեն կխոսեմ կամ կսկսեմ ինձ ցույց տալ:

Դրսում աշխատելը հե՞շտ է:

– Ես ուղղակի ստիպված եմ եղել դրսում աշխատել: Չեմ սիրում: Ես Հայաստանն եմ սիրում, սիրում եմ իմ երկիրը: Ես ոչ մի տեղ բիզնես, խանութ չունեմ: Ես կարում եմ միայն ինձ ճանաչող մարդկանց համար: Ամսվա կտրվածքով՝ ամենաշատը 20 կոշիկ եմ կարում: Ես ոչ մի տեղ իմ հեռախոսահամարը` կոնտակտները, չեմ թողնում: Առանց այն էլ իմ հաճախորդներին հազիվ եմ բավարարում: Չունեմ գովազդի կարիք: Եթե այսօր նույնիսկ ինձ համար բացեն ամենամեծ տարածքը` ես չեմ աշխատի, ես չեմ կարող մի քանի հոգու հետ աշխատել: Ես ունեմ մի վարպետ, ում հետ աշխատում եմ, ով անփոխարինելի է:

Կա՞ն մարդիկ, որոնց համար դու կոշիկ չես կարի:

– Այո, եթե առաջին հայացքից ես չսիրեցի տվյալ մարդուն: Պետք է, այսպես ասած` «սիմպատիաս» բռնի այդ մարդու հետ: Պետք է համակրանք լինի տվյալ մարդու նկատմամբ: Եթե ես չցանկացա կոշիկ կարել տվյալ մարդու համար` ո՛չ գումարի չափը կփրկի, ո՛չ ծանոթը, ո՛չ բարեկամը: Կոշիկ ստեղծելու, մոդելավորելու համար պետք է տրամադրվեմ, պետք է ոգեշնչվեմ, պետք է ապրեմ դրանով: Կոշիկ ստեղծելիս՝ հենց ամենասկզբից տվյալ մարդուն տեսնում եմ, հասկանում եմ, թե ինչ կաշվից, ինչ գույնով պետք է այն լինի, սիրելով եմ ստեղծում: Ուղղակի, հենց էնպես մի բան անել չեմ կարող: Ես ունեմ անգամ իմ` կոշիկի չափը որոշելու ձևը: Ես ոտքի ձևն եմ վերցնում`ֆորման: Այսինքն` կոշիկը կարում եմ հենց ոտքի վրա: Աշխարհում որևէ մեկը նման կերպ ոտքի չափ չի վերցնում: Ես ունեմ իմ` կաղապարը սարքելու լրիվ ուրիշ ձևը, մոտեցումը , որը բոլորից տարբերվում է: Ես չեմ սիրում ստանդարտ բաներ անել:

– Քո ստեղծած կոշիկները թանկ արժեն, ու բոլորը չեն կարող իրենց թույլ տալ՝ դա ունենալ:

– Ես սիրում եմ աշխատել այն մարդկանց հետ, ովքեր գնահատում են լավ, որակյալ, բացառիկ և թանկարժեք ապրանքը: Նրանց հետ, ովքեր ուզում են միջավայրում բացառիկ տեսք ունենալ: Թող մեծամիտ չհնչի, բայց իսկապես հոգնել եմ ինքնարժեքով նվերներ տալ, էժան հումքով կոշիկներ ցանկացող մարդկանցից հոգնել եմ:

– Անձա՞մբ ես կարում:

– Ես շատ բան կարող եմ անել, բայց համագործակցում եմ մի վարպետի հետ, ով անգերազանցելի է: Ես երբեք, նույնիսկ մտքովս չեմ անցկացնի անել այդ գործը: Ես կոշիկի մոդելի ստեղծման գործն եմ անում: Բացի այդ, կոշիկի փայլեցումը կամ մնացյալ գործերը ես ինքս, իմ ձեռքով եմ անում: Չկա մի բան, որ ասեմ` հես ա աշխատողը կանի` կհագնեք: Ես պետք է ավարտին հասցնեմ գործը:

– Որքա՞ն արժեն քո ստեղծած կոշիկները:

– Նվազագույնը 200.000 դրամից՝ մինչև մի քանի միլիոն դրամ, կախված` օգտագործված նյութերից, աշխատանքի ծավալից, և այլն:

– Քո ստեղծած կոշիկների գույները հետաքրքիր են, ի՞նքդ ես ստանում այդ գույները:

– Ես տեսնում եմ այդ գույները: Երբեք չի եղել, որ ասեն, օրինակ, կապույտ, ու ես ասեմ` հարց չկա, հես ա` կապույտը կլինի: Ես պետք է ինքս տեսնեմ այդ գույնը, հասկանամ-զգամ դա: Ներկերը ես ինքն եմ սարքում: Ոչ մի կոշիկ չունի բնական գույն, իմ մոտ եղած բոլոր կաշիները ես դրսից բերում եմ, ինքս եմ ներկում: Ներկերի գույնն ու համադրությունը ես եմ ստանում: Շատ նրբություններ կան, որ չեմ կարող բառերով բացատրել: Ես զգում եմ, տեսնում եմ այն, ինչ պետք է ստանամ: Վերջերս, օրինակ, մի հետաքրքիր կոշիկ էի կարել մեկ ամբողջական կաշվից…

– Քո ստեղծած կոշիկների տակ փորագրություններ կան, ինչո՞ւ է այդպես:

– Ամեն կոշիկի համար մի նկար եմ անում: Ես եմ նկարում, ես էլ փորագրում եմ: Կան գործեր, որ նկարում եմ, կան գործեր, որ փորագրում եմ: Ես այդ պահին զգում եմ` ինչ պետք է փորագրեմ: Ունեմ նաև կոշիկներ, որոնց տակ Անահիտ թագուհուն եմ փորագրել: Շատ երկար եմ աշխատել, շատ-շատ սիրուն էր ստացվել: Ես ինքս հավանել եմ:

Շա՞տ են դեպքերը, երբ ինքդ հավանում ես քո աշխատանքները:

– Բոլորն եմ հավանում: Ես ունեմ մի վատ բնավորություն, որն ինձ շատ է վնասում, բայց ես այդպիսին եմ: Եթե կոշիկը վերջացնում եմ ու տեսնում եմ, որ կոշիկն ինձ դուր չի գալիս` այդ կոշիկը մեջտեղից դանակով կտրում եմ: Ես այդ կոշիկը որևէ մեկին չեմ կարող տալ: Թող ինձ ներեն, բայց չեմ տալիս: Եղել են դեպքեր, որ դա տեսնելով`պատվիրատուներն ասել են, թե իմ գործը չի, և, որ իրենք կոշիկը հավանում են, ես այդ դեպքում ուղղակի տվյալ կոշիկի տակ «Մամիկ» չեմ դաջում:

– Հայտնի դեմքերից ո՞ւմ համար ես կոշիկներ կարում:

– Ուղիղ 8 ամիս է՝ աշխատում եմ Քիմ Քարդաշյանի կոշիկի վրա: Շուտով կավարտեմ, քիչ է մնացել, դրա համար կարող եմ արդեն այդ մասին խոսել: Շատ բարդ գործ է, շատ թանկարժեք պատվեր է՝ շատ մեծ մարդու կողմից: Կարում եմ, որպեսզի նվիրեմ Քարդաշյանին: 14 սմ երկարությամբ կրունկով, սև գույնի, ամբողջությամբ ադամանդներով, ոսկով և արծաթով պատված կոշիկ է, որի տուփը միայն արժե 3000 դոլար: Փայտյա տուփ է, որը ես եմ նախագծել:

– Հայերն այստեղ հիմնականում ինչպիսի՞ կոշիկներ են հագնում:

– Ամենաքոսոտ ձևով: Բառիս բուն իմաստով: Որովհետև շատ վատ որակի կոշիկներ են բերում Հայաստան: Խոսքը մասսայական վաճառվող կոշկեղենի մասին է: Ով կուզենա վիճել` հարցրեք նրա կոշիկի գինը: Չի կարող լավ կոշիկն արժենալ 15.000 դրամ: Ու պետք չի, որ պատասխանեն, թե՝ «Թեթև, ամառային կոշիկ է, հագնում ենք, էլի…»: Ոչ, բա վատ, անորակ կոշիկներից առաջացող հո՞տը: Հարցրեք ցանկացած աղջկա, եթե նա առել է իր կոշիկը պատալոկ 40.000 դրամի սահմաններում, ուրեմն իր ոտքերին վերքեր ունի, ինքը չի կարողանում լավ քայլել, ու իր կոշիկներից հոտ է գալի…

– Այդ դեպքում ի՞նչ գնի ու որակի կոշիկ պետք է հագնել: Գի՞նն է որոշում:

– Կոշիկի գինը այդքան էլ կարևոր չի: Կոշիկը, նախևառաջ, պետք է լինի կաշվից: Կոշիկի որակը կարող է լինել միջին, բայց մեր Հայաստանում բոլորովին այլ շուկա է: Ոչ մի տեղ, բացի Հայաստանից, նման բան չես գտնի: Մեր մոտ գնում են գերշահույթի ետևից: Եթե նա իր կոշիկը դրսից կարողանում է գնել մինիմում 10 դոլարով, Հայաստանում վաճառողը դրա արժեքը դնում է, ասենք, 50.000 դրամ, ու մարդիկ դա գնում են, որովհետև չկա կոշիկներին, կամ, թեկուզ, հագուստին հետևող, չկա ճաշակ թելադրող մեկը, չկա մարդ, որ գնա-ասի` ինչի՞ ես էս զիբիլը մտցնում իմ երկիր: Ինչի՞ պետք ա ասի, որովհետև ինքը մաքսազերծում է, իսկ դա պետությանը օգուտ է բերում: Պետք է ուշադիր լինել երկիր մուտք գործող կոշիկի որակի հանդեպ: Օրինակ, տարիներ առաջ Ռուսաստանի նախագահ Պուտինը, դեռևս մինչև Մեդվեդևի իշխանության գալը, արգելեց Չինաստանից Ռուսաստան ընդհանրապես կոշիկ մտցնելը: Եթե մտնում էլ է, ապա՝ միայն կաշվից պատրաստված ապրանքն է: Դա շատ ճիշտ է: Այս քայլին գնալով` այստեղ ոչ միայն մարդիկ կունենան աշխատանք, այլև որակյալ կոշիկ կհագնեն: Չի կարելի, որպեսզի երիտասարդ, գեղեցիկ աղջկա ոտքերից հոտ գա: Նկատել եմ, եթե աղջիկը ամռանը գնում է 100.000 դրամ արժեքով կոշիկ, ու դա իր համար շատ հանգիստ, հարմար կոշիկ է, չի ցավեցնում, կոշիկը տեսքից չի ընկնում: Բայց կողքից նայողները տեսնում են, որ տվյալ աղջիկը ամբողջ ամառ նույն կոշիկն է հագնում: Ու որպեսզի նույն կոշիկը չհագնի` նա, ստիպված, գնում է 10.000 դրամանոց 3 զույգ կոշիկ`փոփոխության համար: Դա պետության բարձիթողի վիճակից է, չինացիների պաշտամունքից է գալիս: Հայ ազգը գժվում է չինական ապրանքի համար:

Տարվա կտրվածքով՝ որքա՞ն կոշիկ է մտնում մեր երկիր: Նույնիսկ թանկարժեք, բրենդային խանութներից գնած կոշիկնե՞րը օրիգինալը չեն:

– Տարեկան 350.000-400.000 զույգ կոշիկ միայն խանութներն են ներմուծում Հայաստան: Օրինակ, Հյուսիսային պողոտայի խանութներում վաճառվող ցանկացած կոշիկ կարելի է ուրիշ տեղ վաճառել 3000 դրամով:

Զեղչ ասվածը Հայաստանում ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

– Երևանի կենտրոնի ցանկացած խանութի ապրանք այն չէ, ինչ ասում են: Երևանյան խանութների տերերի հոգեբանությունն ինչպիսի՞ն է: Խանութը բացելու գործի մեջ, ասենք, դրել են 20.000 դոլար գումար: Այդ գումարով բերել են 2000 զույգ կոշիկ: Կոշիկի հատի համար վճարել են 10 դոլար: Բոլոր ծախսերը հաշված, եթե մեկին`մեկ արժեքով էլ վաճառեն, ապա ծախսը հանում են, դեռ մի բան էլ օգուտ են ունենում: Բայց էդպիսի բան չի կարող լինել, 20 դոլարով ո՞վ է կոշիկ գնելու: Դրա գինը դնում են, ասենք, 56.000 դրամ, որպեսզի խելքին մոտ լինի, որպեսզի մարդն ինքը չասի, թե 10.000 դրամանոց կոշիկն ի՞նչ պետք է լինի: Իսկ որ գինը ասում են՝ 56.000 դրամ, մտածում են` ուրեմն դա լավը կլինի: Սկզբի ժամանակը 56.000 դրամով վաճառվում է 500 զույգ կոշիկ: Վերջ, ինքն իր ծախսած փողը հանել ա: Որպեսզի ապրանքը «չքնի» խանութում ու պահեստում, այդ դեպքում խանութի վրա գրվում է՝ 70% զեղչ, ակցիա է արվում, որպեսզի վաճառվի: Մարդն էլ մտածում է` 56.000 դրամ էր նախկին գինը, հիմա էժանացել ա` գնամ-առնեմ: Զեղչի տակ մտցրած ապրանքի գինն այն գինն է, որով պետք է վաճառեին իրականում, դեռ մի բան էլ ավելի է: Հայաստանում թող մեկը գա ու ինձ ասի, թե ավել-պակաս խոսում եմ: Թող ինձ մի խանութ ցույց տան, ուր ապրանքն այն է, ինչ ասում են: Կենտրոնի ցանկացած խանութի ապրանք այն չէ, ինչ ներկայացնում են: Երբ ասում են՝ ապրանքն իտալական է, թող ինձ ցույց տան գոնե անձնագրերի մեջ մի անգամ խփված վիզան, որ իրենք Իտալիա են գնացել: Խոսքը հիմնականում մասսայական կոշիկների խանութների մասին է: Ես պատասխան եմ տալիս իմ ասածների համար: Հայաստան մտած ամեն ինչ շատ հեռու է որակից: Բրենդ ներկայացնող խանութները մինիմում մեկ տարի անցած մոդելներ են բերում: Ոչ մեկը տվյալ բրենդի նոր հավաքածուն չի բերում Հայաստան, որովհետև սպասում են զեղչերին, որ զեղչերով բերեն: Նորից նույն հարցն է առաջանում` գնորդը չի իմանում, թե կոլեկցիայում իրականում ինչ էր ցուցադրվել: Իմացողները դրանք գնում են դրսերից: Իսկ Երևանում օգտվողը շատ չի խորանում, ասում են` սա է նոր կոլեկցիան, դա են գնում: Վերահսկողություն չկա: Այդ իմաստով շատ անգրագետ ժողովուրդ ենք մենք: Շատ լավն ենք, բայց շորի, կոշիկի մեջ շատ անգրագետ ենք: Տեղեկացված չենք: Բայց ով մտնի մեր քաղաք` կապշի: Hermès-ն ի՞նչ ա մեզ համար, բոլորը կեղծ Hermès-ներ են բռնում, իսկ Louis Vuitton-ի պայուսակներն արդեն ձմերուկի պես են վաճառվում Երևանում: Այդ բրենդերը ամեն մեկի համար չեն: Թող վերահսկեն, թող ճաշակով, գեղեցիկ բաներ կարեն կամ ներկրեն: Թող ճաշակ թելադրեն մեր հասարակությանը:

Ըստ քեզ՝ հայ երիտասարդությունը, մասնավորապես` աղջիկներն, այսօր ճաշակո՞վ են հագնվում:

– Ես պաշտում եմ մեր հայ աղջիկներին: Չեմ ցանկանա՝ ասածս ուրիշ կերպ հասկանան, բայց ինձ համար հայերից սիրուն աղջիկներ չկան: Ես շատ աղջիկներ եմ իմ կյանքում տեսել, ու հայ աղջիկներն ինձ համար բոլորից գեղեցիկ են, ու նկատում եմ, որ ավելի են գեղեցկանում: Կա հատված, որ միշտ մնում է նույն վատ հագնվողը, բառիս բուն իմաստով, կապ չունի, որ իրենք աշխարհի ամենաթանկ շորերն են հագնում: Բայցև կան, որ շատ գեղեցիկ, շատ ճիշտ ու գրագետ են հագնվում:

Ասացիր` գրագետ ու գեղեցիկ հագնվել: Հայերը գրագե՞տ են հագնվում:

– Օրինակ, ես տեսել եմ մի տղայի, Աստված տա, իմ այս խոսքերը նա կարդա, Zilli-ից շալվար էր հագել, Burberry-ի գոտի էր կապել՝ Burberry-ի վերնաշապիկի հետ: Դա ուղղակի խայտառակություն է: Zilli-ին, որպես տղամարդկանց հագուստի բրենդ, բարձր` առաջնային կարգի բրենդ է: Բացի այն, որ այդ Zilli-ն «պոդդելկա» էր, չի կարելի այդ երկու բրենդերն իրար հետ համադրել: Zilli-ին պետք է հագնել միայն Zilli-ի հետ: Կոպիտ ասեմ` չի կարող ոտքով քայլող, կապույտ գույնի 6000 դրամանոց չարոխներով մարդը հագնի Zilli-ի շալվար, այդ գոտին ու վերնաշապիկը, ու իրեն ձև տա, թե թանկարժեք բրենդի հագուստ է կրում: Յուրաքանչյուր կենսակերպ իր հագուստն է թելադրում, իր ոճը: Հակառակ դեպքում՝ դա ոչ միայն անճաշակություն է, այլև ծիծաղելի է: Ինչպե՞ս բացատրեմ: Կան տղերք, որ ճիշտ ու գեղեցիկ են հագնվում: Եթե չես կարող քեզ թույլ տալ թանկարժեք ապրանք գնել, ուրեմն պետք չէ ընկնել բրենդերի` կեղծ «յառլիկների» հետևից, դա ծիծաղելի է կողքից նայելիս: Ժողովրդին այնքան սխալ, այնքան վատն են սարքել, որ միայն բրենդերի հետևից են գնում, ընդ որում` կեղծ բրենդերի, «պոդդելկաների»:

Ամառ է: Այս տարի ավելի շատ գունավոր հագուստին է տեղ տրվում, արդյո՛ք այդ գույները համապատասխանում կամ սազում են մեզ:

– Այս տարին նեոնային գույների տարի է համարվում: Կապույտը, դեղինը, կանաչն ու մնացյալ նեոնային գույները շատ մոդայիկ են, բայց՝ ոչ Հայաստանի համար: Որովհետև նեոնային երանգները ծովափնյա երկրների բնակիչների համար են: Մենք ծով չունենք: Կապ չունի, որ աղջիկը հագնում է տվյալ գույնից զգեստ ու փողոցում կանգնած` սպասում է, ասենք, երթուղային տաքսուն: Դա նրան չի սազում, նույնիսկ, եթե նա գեղեցկուհի է` դա մերը չի:

Տեսանյութեր

Լրահոս