Գերմանիան դադարեցրել է իրաքցի զինվորականների ուսուցումն Իրանի շուրջն ստեղծված իրադրության պատճառով
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է Իրաքի զինված ուժերի վարժեցման եւ ուսուցման առաքելությունը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Նշվում է, որ Բեռլինն այդ որոշումը կայացրել է մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ առաջացած լարվածության պատճառով:
Գերատեսչությունում նշել են, որ Գերմանիան նման որոշումներ ընդունելիս «կողմնորոշվում է տարածաշրջանում իր գործընկերներով»: «Ոչ մի կոնկրետ սպառնալիք չկա»,- նշել է նախարարության ներկայացուցիչ Ենս Ֆլոսդորֆը: Ըստ որում նա հավելել Է, որ առաքելությունը կարող է վերսկսվել մի քանի օրվա ընթացքում:
Գործակալությունը հիշեցնում է, որ ներկայում Իրաքում տեղաբաշխված է 160 գերմանացի զինծառայող, որոնցից 60-ն զբաղվում է իրաքյան ուժերի պատրաստմամբ Բաղդադից դեպի հյուսիս գտնվող ռազմակայանում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: