«Եթե ես վաղը հրեշտակի դեր խաղամ, հեռուստադիտողն ինձ աստվածացնելո՞ւ է»
Ասում է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերակատար Տաթև Սարգսյանը
Տաթև Սարգսյանը սերիալում մարմնավորում է Էվայի կերպարը: Մասնագիտությամբ դերասան չէ, ավելին, դեռևս մասնագիտություն, որպես այդպիսին, չունի: Իր խոսքով` այժմ հեռակա կարգով սովորում է Մոսկվայի տնտեսության և ֆինանսների ինստիտուտի («Սիներգիա») կառավարման ֆակուլտետում:
– Ինչպե՞ս հայտնվեցիր «Արմենիա» հեռուստաընկերությունում:
– Նման` ֆիլմերում նկարահանվելու նպատակ չի եղել: Պարզապես ինձ միշտ հետաքրքիր է եղել դերասանական կյանքը, մանկուց հետևել եմ Հոլիվուդյան շոու-բիզնեսին և Ռուսաստանում ծնված բազմաթիվ ֆիլմերի պրեմիերաներին: Երբ Ռուսաստանից վերադարձանք Հայաստան, ես այստեղ չունեի ոչ ընկերներ, ոչ ընկերուհիներ: Ահավոր ձանձրալի էր, քաղաքին ծանոթանալուց բացի, ուրիշ անելիք չկար: Ինձ առաջարկեցին քասթինգի համար գրանցվել: Մի երկու անգամ զանգահարեցին, հրավիրեցին երգի տեսահոլովակներում նկարահանվելու: Ինձ համար բացարձակապես միևնույն էր, թե ո՞վ է երգիչը, որքա՞ն են վճարում… կարևորը գոնե ինչ-որ կերպ ցրվելն էր: Իհարկե, ճանաչվածություն ու եկամուտ չբերեցին այդ տեսահոլովակներում նկարահանումները, բայց մի օր նույն ստուդիայից զանգահարեցին մեր հեռուստասերիալի քասթինգի համար: Քասթինգից 3 ամիս հետո առաջարկեցին իմ այս դերը:
– «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկից հետո, կարդալով սցենարը, միանգամից համաձայնեցի՞ր խաղալ, թե՞ երկմտանքի առջև կանգնեցիր, քանի որ սերիալում քեզ տրված դերը «անպարկեշտ» աղջկա կերպար է: Արդյոք հե՞շտ էր հանդես գալ այդ կեպարում:
– Իմ մեջ կա գլխավորը, կարծում եմ` ոչ պակաս կարևոր, դա ներքին հավասարակշռվածությունն է, հանգստությունը և ինքնավստահությունը: Եվ այդ ամենը թույլ չի տալիս անհանգստանալ այն մասին, թե որքան բացասական է իմ մարմնավորած կերպարը, թե ինչ կասեն մարդիկ: Ես շատ ուրախ մարդ եմ, ով ապրում է էմոցիաներով լի, հագեցած կյանքով, և չեմ մտածում, թե ինչպես կընդունի ինձ որևէ մեկը: Իհարկե, հանդիսատեսի գովասանքի խոսքերն ու ծափահարությունները մեծ դեր ունեն այս մասնագիտության մեջ, բայց, ի՞նչ արած, մենք ապրում ենք Հայաստանում, և մարդկանց շատ փոքրիկ հատվածն է հասկանում՝ ի՞նչն ինչպե՞ս է: Ինձ միանշանակ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր գնահատում են իմ աշխատանքը՝ զուտ որպես աշխատանք: Ինքս էլ կլանում եմ ամեն հնարավորն ու անհնարը այս մասնագիտության մեջ` սեփական բնավորությանս գծերը թողնելով նկարահանման հրապարակից դուրս:
– Սցենարի որոշ դրվագների մասին խոսենք: Հետաքրքիր է քո կարծիքը: Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք մանկատան երեխան կարող է այդքան բացասական անձնավորություն լինել, ինչպես ներկայացված է սերիալում, որի մեջ դու մանկատանը մեծացած աղջկա կերպարով ես հանդես գալիս:
– Կապ չունի` որտե՞ղ ես մեծացել, մանկատա՞նը, թե՞ ընտանիքում: Եթե մարդը չար հոգի ունի` նշանակություն չունի, թե նա որտեղ և ինչպիսի ընտանիքում է մեծացել: Մանկատան երեխան, ով զերծ է եղել ծնողների ջերմությունից, կարող է նաև չարությամբ լցված լինել: Սակայն, իհարկե, ծնողներ չունենալը չի արդարացնում ո՛չ իմ կերպարը, ո՛չ էլ նրա նմաններին: Ինձ իրավունք չեմ վերապահում շարունակել պատասխանել այս հարցին, քանի որ չունեմ մանկատան երեխայի հոգեբանություն, ինձ դժվար է այդ մասին խոսել:
– Այս օրերին տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ ընդդեմ հեռուստասերիալների և ընդդեմ սերիալներում պրոպագանդվող` կանանց դեմ բռնության տեսարանների: Ի՞նչ ես կարծում, այդ ակցիաները կարո՞ղ են սերիալի գործունեության վրա անդրադառնալ, թե՞ դու այդ ակցիաներին ուշադրություն էլ չես դարձնում:
– Ի՞նչ կարող եմ ասել… պարապ երևույթներ են, անիմաստ ակցիաներ… անձամբ ես չեմ կարող ուշադրություն դարձնել, անհանգստանալ: Կարող եմ ընդամենը ասել, որ շատ ծիծաղելի էր… Այդ նույն ակցիաներին մասնակցող մարդիկ կարող էին հետաքրքրվել, թե իրական կյանքում ի՞նչ է կատարվում, և կարող էին փորձել որևէ բանով օգնել այդ մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն:
– Նկատել եմ` երիտասարդ տղաները երբեմն այնքան են «մխրճվում» սերիալներում ազատ, անկաշկանդ կյանքով ապրող հերոսուհիների կերպարների մեջ, որ երբեմն մտածում են, թե այդ աղջիկն իրական կյանքում էլ է նույն ձևով ապրում: Մոռանում են, որ տվյալ մարդը պարզապես դերասան է, որին տրվել է այդ դերը: Նման դեպքերի քո կյանքում հանդիպե՞լ ես սերիալում նկարահանվելու ընթացքում:
– Հանդիպել եմ, հանդիպում եմ և դեռ շատ կհանդիպեմ… Իմ կյանքում միշտ ձգտել եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս, որի պատճառով մշտապես բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Տվյալ դեպքում՝ նկատի ունեմ այս դերին իմ համաձայնվելը: Բայց կարծում եմ, որ այսպես ապրելն ավելի լավ է, երբ չես փորձում դուր գալ, հաճոյանալ բոլորին անխտիր: Թող ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ սերիալում…
Եթե ես վաղը հրեշտակի դեր խաղամ, ի՞նչ է` հեռուստադիտողն ինձ աստվածացնելո՞ւ է: Ո՛չ: Ուրեմն, ինչո՞ւ անհանգստանալ, թե ով` ինչ կասի: Մարդիկ միշտ էլ խոսելու են, նույնիսկ՝ առանց պատճառի: Դե, իսկ եթե արական սեռի ներկայացուցիչը քո մասին կարծիք է կազմում էկրանի միջոցով, այլ ոչ թե քեզ անձամբ ճանաչելով, ապա ես ոչինչ չունեմ ավելացնելու այդպիսիների մասին..
Ինձ այս մասնագիտությունը սիրեց, ես էլ սիրեցի իրեն: Ամեն բան փոխադարձ է: Այս աշխատանքն անհավանական ձգողական ուժ ունի, օգնում է զարգանալ, ավելի պահանջկոտ ես դառնում ինքդ քո նկատմամբ, ոգեշնչում է: Շատ նպատակներ ունեմ, բայց ամեն ինչ` հերթով: Թեև սովորում եմ Մոսկվայի տնտեսության և ֆինանսների «Սիներգիա» ինստիտուտում, բայց այդ ասպարեզի հետ կապված ծրագրեր չունեմ:
– Իրական կյանքում ինչպիսի ՞ մարդ ես:
– Իհարկե, չեմ սիրում իմ մասին խոսել, բայց կփորձեմ` առանց քաղցր-մեղցրության. որքան ակտիվ եմ, այնքան էլ հանգիստ եմ, երբեք համոզված չեմ վաղվա օրվա մեջ, տանել չեմ կարողանում երկերեսանիներին, նպատակասլաց եմ, փոքր-ինչ դյուրահավատ եմ, կենսուրախ եմ և երբեք չեմ հանձնվում…
-Կյանքումդ որևէ կարգախոսով առաջնորդվո՞ւմ ես:
– Չեմ սիրում կարգախոսներ, չէ՞որ մենք ամեն օր փոփոխվում ենք, փոխվում են մեր հայացքները, կարծրատիպերը: Պարզապես բազմաթիվ թևավոր մտքեր կան, որոնք ոգեշնչում են ինձ: Ինչպես, օրինակ, այս խոսքերը. «Դերասանը կարող է հիանալի խաղալ իր դերը, բայց տուն պիտի վերադառնա այնպիսին, ինչպիսին նա կա»: Իմ կարգախոսներից մեկը կարող եմ անվանել Բալթազար Գրասիանի խոսքերը. «Ժամանակին խաղից դուրս գալն ու արժանապատիվ ձևով նահանջելը պակաս կարևոր չէ, քան քաջաբար հարձակվելը: Երբ բավականաչափ բան է արված, շատ հաջողությունների ես հասել, կարող ես հանգիստ հաշվել վաստակդ ու պտուղները քաղել»: