«ԱրՄաթը» Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու առաջարկ է ստացել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն օրերս ներկայացրել է Աբու Դաբիում տեղի ունեցած «Bett Middle East Leadership Summit & Expo» բրիտանական գիտաժողով-ցուցահանդեսին:
«Արմաթ» ծրագրի մեթոդաբանության և տեխնիկական գծով պատասխանատու Ավագ Սայանը նշում է, որ «ԱրՄաթը», առաջ անցնելով տասնյակ երկրներից, «Bett MEA Awards 2019»-ի «Նորարարության» անվանակարգի մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել Հորդանանի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի կրթական ծրագրերի հետ: «ԱրՄաթ» ցանցի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի և՛մասնակիցների, և՛ այցելուների շրջանում:
«Մեր ուսումնական ծրագրի բովանդակությունն ու աշակերտների ստեղծած պրոդուկտները դրա վառ ապացույցն էին: Այն, որ «ԱրՄաթը» արտաժամյա է և ուսումնական ծրագրի պարտադիր մաս չի կազմում, հանգեցնում է նրան, որ դպրոցականներն անկաշկանդ ու առավել ստեղծագործ են ինժեներության հիմունքների յուրացման պրոցեսում»,- նշում է Ավագ Սայանը:
Ավագ Սայանի խոսքով, առաջարկներ են ստացել «ԱրՄաթը» Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ, և այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
«ԱրՄաթի» մրցակցային առավելությունը նաև ճարտարագիտական կոմպլեքս գիտելիքներն են. ցուցահանդեսին «ԱրՄաթն» այն եզակի ծրագիրն էր, որ դպրոցականներին միաժամանակ սովորեցնում է մոդելավորում, ծրագրավորում և ինժեներություն»,- ԱՏՁՄ-ի փոխանցմամբ՝ նշում է «ԱրՄաթ» ծրագրի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը:
Աբու Դաբիում ապրիլի 22-ին և 23-ին «Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցել են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին «ԱրՄաթի» մասնակցությանն աջակցել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:
Նշենք, որ «ԱրՄաթ» ինժեներական կրթության անվճար ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն՝ ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: «ԱրՄաթ» ցանցն այժմ ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ախալքալաքի շուրջ 270 դպրոց: ԱՏՁՄ-ն բանակցություններ է վարում «ԱրՄաթ» հայկական կրթական մոդելը մի շարք երկրներ արտահանելու համար:
«ԱրՄաթը» միջազգային ասպարեզում հաղթանակներ է տարել Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի «WITSA Global Excellence Award» մրցանակաբաշխության «Կայուն զարգացման», Թբիլիսիում կայացած «GITI-2016» մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարար» անվանակարգերում, Եվրասիական թվային պլատֆորմներ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Nokia ընկերության մրցանակին:
Սիրարփի Աղաբաբյան