ՀՅԴ-ն նոր իշխանությանը մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ. Քայլերի են պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով: Ընդ որում` այդ գործընթացի թիկունքում նկատելի են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի նկրտումները:

Ինչպես հայտնի է, օրերս նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց` առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը:

Եվ, ահա, ՍԴ որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»:

Պատահական չէ, որ Ռուստամյանն իր խոսքում օգտագործում էր հենց «հակասահմանադրական գործողություններ» հասկացությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՅԴ-ականներն ակտիվ քննարկումների մեջ են, որպեսզի այս հարցով դիմեն ՍԴ կամ ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ արձակման գործընթացը, անցկացված արտահերթ ընտրությունները եւ վերականգնել նախորդ խորհրդարանի լիազորությունները:

Ասել է թե` նրանք փորձելու են գործող իշխանությանը մեղադրել սահմանադրական կարգը տապալելու համար, քանի որ վստահ են՝ կլինեն մեծ թվով պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում սպառնալիքների եւ ճնշման տակ են գնացել այդ քայլին: Պատահական չէ, որ Ռուստամյանն էլ ասել է, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։

«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, սակայն նա այս պահին ձեռնպահ մնաց մեկնաբանություններից. «Այժմ ընթանում է ԳՄ ժողովը. այն տեւելու է երեք օր։ Դրա ավարտից հետո կլինի ծավալուն հայտարարություն՝ մեր հետագա ծրագրերի, հետագա անելիքների վերաբերյալ եւ նաեւ այդ հարցի շուրջ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս