«Նիկոլ Փաշինյանը «հավեսի» է ընկել և փորձում է ցույց տալ, թե ինքն ուժեղ տղա է». Նարեկ Սամսոնյանը՝ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան օգտատիրոջ ձերբակալության մասին
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին դիմել էր Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով քրգործ հարուցել «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի և «Բլոգնյուզ» լրատվական կայքի դեմ՝ կրոնական թշնամանք հրահրելու հիմքով հրապարակումներ անելու համար։
Այդ դիմումի հիման վրա հունվարին «Բլոգնյուզ» կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին վկայի կարգավիճակով կանչել էին ԱԱԾ հարցաքննելու։
Ապրիլի 10-ին էլ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ էջը վարող անձին՝ նշել էր, որ նրա մասին առայժմ որևէ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետին հանձնարարել էր հակահարված տալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածողներին, քանի որ այդ ամենն ազգային անվտանգության խնդիր է։
168.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն անդրադառնալով «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձի ձերբակալությանը, նշեց, որ ԱԱԾ-ի կարծիքով՝ տվյալ անձի գրառումներում հանցակազմ կա, և այժմ պետք է ապացուցի, թե ինչ հանցակազմ է առկա։
«Առաջին հայացքից այդ էջում գրված բոլոր գրառումներն ինձ զվարճալի են թվում, չեմ մտածել, որ այնտեղ ինչ-որ լրջություն կա կամ կարող է վնաս տալ։ Դրանք խիստ զվարճալի են թվացել, անգամ անհեթեթ, չեմ էլ հավատացել, որ որևէ մեկը կարող է այդ գրառումներին լուրջ վերաբերվել։ Բայց, ըստ էության, ԱԱԾ-ն վաղուց էր գործ հարուցել կրոնական ատելություն սերմանելու համար՝ «Կյանքի խոսք» եկեղեցու հետ կապված, որով, կարծում եմ՝ անցնում էր նաև այդ օգտատերը։ Երևի այդ էջը Նիկոլ Փաշինյանին ամենաշատ հայհոյող էջն էր, երևի կարողացել են ներքին գործակալական ցանցով բացահայտել, թե ով է նա, այլ կերպ հնարավոր չէր»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։
Նրա կարծիքով՝ տվյալ անձի ձերբակալությունը մեսիջ է բոլորին՝ ֆեյսբուքյան էջերին, կայքերին, որով ուզում են ասել, որ ցանկացած պահի նրանց նկատմամբ կարող են սանկցիաներ կիրառել։
Ըստ մեր զրուցակցի, այս ամենը վատ է, քանի որ խոսքի ազատությունը գնալով ավելի է սահմանափակվում։
«Չեմ կարծում, որ այս ամենը կարող է նախադեպ լինել, և նման ձերբակալությունները շարունակական լինեն, Նիկոլ Փաշինյանը «հավեսի» է ընկել և փորձում է ցույց տալ, թե ինքն ուժեղ տղա է, ինչը երբեք չի եղել ընդդիմադիր եղած ժամանակ։ Անկեղծ, վստահ եմ, որ ԱԱԾ-ում մարդիկ գոնե գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակահատվածում է լինելու «թամբի վրա», հետո իրենք այդ ամենի համար շատ լուրջ պատասխան են տալու, թող փորձեն գոնե իրենք հանգստացնեն Նիկոլ Փաշինյանին։ Նախկին իշխանությունների ժամանակ ԱԱԾ-ն ամենապասիվ կառույցն էր, երբևէ տեսե՞լ եք, որ այդ ծառայությունը ֆեյսբուքյան օգտատեր կալանավորի։
Օգտատեր ձերբակալելը դա ԱԱԾ-ի գործառույթը չէ, ԱԱԾ-ն պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի գնալուց հետո այս ամենի համար պետք է պատասխան տա, և գոնե իրենց պատիվն ու սպայական ուսադիրները հարգելով՝ փորձեն բացատրել, համոզել Նիկոլ Փաշինյանին, որ այս ամենին վերջ դնի։ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ տարբեր պետական կառույցներ և «թատրոններ» անել ու դրանով դուրս հանել իր էմոցիաները, հաղթահարել գերլարվածությունը, օրինակ՝ փողոցում կանգնի ու մարդկանց հրահանգի, որ զգաստ կանգնեն, բայց ոչ ԱԱԾ-ին նման կերպ խայտառակ անի, որը, ըստ էության, զբաղված է՝ չգիտեմ ինչով»,- շեշտեց Նարեկ Սամսոնյանը։
Նրա դիտարկմամբ, եթե այս գործելաոճը շարունակվի, չգիտի, թե հանրությանը ուր կհասցնի, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպքում կարող են լինել մի քանի հոդվածներ, որոնց դեպքում նա պետք է կրի պատասխանատվություն։
Հարցին, որպես ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր՝ այս ձերբակալությունից հետո արդյո՞ք իր գրառումներով կցուցաբերի զգուշավորություն, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց՝ նման բան չի լինելու, ավելի ազատ են գրելու և քննադատելու։
«Մեզ չեն կարող վախեցնել ԱԱԾ-ով կամ այլ ուժային կառույցով, որովհետև մենք, ի տարբերություն իրենց, որևէ քրեական տարատեսակ հարցերի մեջ և ՀՀ սահմանադրությունը խախտելու հետ կապ չունենք։ Ավելին՝ սա մեզ ավելի է պարտավորեցնում՝ ժողովրդին ցույց տալու, որ բոլորն իրենց էջերով կարող են բողոքել և պահանջել հարգել իրենց իրավունքները։ Որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն անցնում է մանրախնդիր վրեժխնդրության, ինչպես նեղացած երեխան է։ Ճիշտ է, քննադատությունը և այն ծայրահեղ դարձնելը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ իրենից որևէ մեկը չի վախենում, գուցե իր թիմը վախենում է, մենք՝ ոչ։ Մենք պատասրտ ենք մինչև անգամ Նիկոլ Փաշինյանի կամայականությունների հետևանքով ազատազրկվել, սակայն չեն սահմանափակի մեր խոսքի ազատությունը։ Այնպես որ՝ մեզանից ավելի սուր քննադատություններ սպասեք»,- եզրափակեց Նարեկ Սամսոնյանը։
Զվարթ Խաչատրյան