Բաժիններ՝

Նազարբաեւի դուստրն իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի ընտրություններում

Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակը՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան չի պատրաստվում նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել հունիսի 9-ի վաղաժամկետ ընտրություններում: Այդ մասին հայտնել է kursiv. kz կայքը՝ վկայակոչելով խոսնակի օգնական Սաուլա Մուստաֆաեւային:

«Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը»,- հայտնել է Մուստաֆաեւան, որի խոսքը մեջբերել է տեղեկատվական պորտալը:

Դարիգա Նազարբաեւան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրն է: Ավելի վաղ հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հեռուստաուղերձում հայտնել է, որ Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան հունիսի 9-ին:

«Ես այդ առիթով խորհրդակցել եմ Ելբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների, երկրի վարչապետի հետ, իմ որոշումը համաձայնեցրել եմ Սահմանադրական խորհրդի հետ, հանդիպել եմ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հետ:

Վաղաժամկետ ընտրությունների վերաբերյալ որոշումը կարեւոր է ու անհրաժեշտ»,-Տոկաեւն ասել է իր ուղերձում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պետության ղեկավարի լիազորությունները վայր է դրել մարտի 19-ին: Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, նախագահի լիազորությունները անցվել են Սենատի նախագահ Տոկաեւին, որը Ղազախստանի ղեկավարի պարտականությունները պետք է կատարեր մինչեւ ընտրված նախագահի լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2020 թվականի ապրիլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս