«Նա մտադիր չէր շարունակել աշխատել». Ագնեսա Շահնազարյանի մայրը՝ դստերն աշխատանքից ազատելու մասին
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունն օրերս բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրել են թատերաշխարհի համբերության բաժակը։
«ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն՝ հակաօրինական և հակամշակութային որոշումներով խոչընդոտել է թատրոնների բնականոն աշխատանքը։
ՊՈԱԿ-ի մասին տխրահռչակ օրենքը լրջորեն խոչընդոտում է թատրոնների գործունեությունը, սակայն Մշակույթի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում ոլորտի զարգացմանը նպաստելու համար։ Թատերաշխարհի գործիչների խորին համոզմամբ` այն անձնավորությունը, որը համարում է, որ «օպերան թատրոն չէ», գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական հաստիք չէ, որը ոստիկանություն է հրավիրում՝ թատրոնի դռները բացելու համար, որն առանց երկնչելու՝ ազատում է աշխատանքից Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոֆեսիոնալ աշխատող տնօրենին, որը հաղորդակցվելու լուրջ խնդիրներ ունի թատրոնների ներկայացուցիչների հետ և չի տիրապետում ոլորտի խնդիրներին, չի կարող ղեկավարել Մշակույթի նախարարությունը։ Հայաստանի բոլոր թատրոնները՝ միանալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը և ակնկալում համարժեք մշակութային քաղաքականություն»,- գրված էր նամակում:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական մասի ղեկավար Նելլի Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սպասում են վարչապետի պատասխանին:
«Նա հայտարարել է, որ, եթե իրեն ներկայացված խախտումներից որևէ մեկով պարզվի, որ անճշտություն կա, դրանք իրեն ներկայացնող անձը կհեռացվի պաշտոնից: Պարոն Փաշինյանի կադրային քաղաքականության հետ անձամբ ես խնդիր ունեմ: Մի տեղ՝ մշակույթի փոխնախարարը, մյուս տեղում՝ Արարատի մարզպետը… շատերն իրենց տեղում չեն և ոլորտը չեն պատկերացնում: Վարչապետը հայտարարել է, որ ոչ ոք իր տեղում սոսնձված չէ, ու եթե անհրաժեշտություն լինի՝ կփոխի նրանց»,- նշեց Նելլի Շահնազարյանը:
Նա անդրադարձավ նաև իր դստերը՝ Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցին: Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ մարտի 28-ի հրամանով նա ազատվել էր աշխատանքից:
«Ագնեսան մտադիր չէր շարունակել աշխատել, որովհետև ընտանեկան խնդիրներ կային, երեխային մոտ լինելու հարցը կար: Մենք երբեք որևէ պաշտոնից չենք կառչել: Ագնեսան որոշել էր, որ պայմանագիրը լրանալուց հետո, եթե դա անգամ երկարաձգեին, ինչն ակնկալում էր, մոտենալու էր Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և ասելու էր՝ որպեսզի ցնցում չլինի թատրոնում, կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչև հարմար թեկնածու գտնեն»,- հայտնեց Նելլի Շահնազարյանը:
Անի Կարապետյան