«Կասպից ծով-Սև ծով» նոր միջանցք ձևավորելու համաձայնագիրը ստորագրվեց. Հայաստանը շարունակում է մեկուսանալ տարածաշրջանային պրոյեկտներից

Վրաստանը, Ռումինիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը «Կասպից ծով-Սև ծով» միջազգային բեռնափոխադրման  միջանցք ձևավորելու մասին համաձայնագիր  ստորագրեցին: Այսօր չորս երկրների ԱԳ նախարարները հանդիպել են Բուխարեստում գործարքը ստորագրելու համար: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգի էջում գրառում է կատարել հանդիպման և գործարքի մասին՝ նշելով, որ միջանցքը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային, ինչպես նաև՝ Արևմուտք-Արևելք կապերի զարգացման համար:

Նախարարներն իրենց խոսքում նշել են, որ Կենտրոնական Ասիան Եվրոպային երկու ծովերի միջոցով կապող նոր միջանցքը լինելու է ամենակարճն ու ամենաշահութաբերը: Նոր երթուղին զարգացնելու նպատակով փորձագիտական խումբ է ձևավորվելու, որը զբաղվելու է  տարիֆների նույնականացմամբ և մաքսային գործընթացների դյուրացմամբ:

Վրաստանի պատվիրակությունը շեշտել է, որ Վրաստանը տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն դարձնելը  կառավարության առաջնահերթությունն է, և տարբեր ծրագրեր են իրականացվում այդ նպատակով:  Չորս երկրների ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու և անցկացվելու են տարին մեկ անգամ: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Թուրքմենստանում:

Տեսանյութեր

Լրահոս