Բաժիններ՝

Լուծել սեփական քաղաքի խնդիրները՝ bug-երը՝ հայկական CityBugs-ի միջոցով

Սեփական քաղաքի խնդիրների մասին բարձրաձայնելը և դրանց լուծումը պահանջելն այժմ ավելի հեշտ է և արագ՝ հայկական CityBugs հարթակի միջոցով: CityBugs.am կայքը, ինչպես նաև Android և iOS հավելվածները թույլ են տալիս, որքան հնարավոր է, կարճ ժամանակահատվածում լուծում տալ քաղաքի խնդիրներին:

CityBugs-ի բովանդակության ղեկավար Արթուր Տեր-Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ գաղափարը ձևավորվել է Hackathon Yerevan 2011-ի ընթացքում։ Մասնակցելով այս մրցույթին՝ X-Tech ընկերության թիմը ներկայացրեց CityBugs-ի գաղափարը, որը հաղթեց լավագույն սոցիալական Startup նախագիծ անվանակարգում։ Իսկ 2012 թվականին արդեն պաշտոնապես գործարկվեց CityBugs.am կայքը՝ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ»:

«Գաղափարը հետևյալն է․ քաղաքը համակարգ է, իսկ առկա բոլոր խնդիրները՝ bug-եր։ Ծրագրավորման մեջ bug է կոչվում ցանկացած խնդիր, սխալ, բացթողում, որը խոչընդոտում է համակարգի բնականոն աշխատանքը: Իսկ ինչպե՞ս ֆիքսել բոլոր bug-երը։ Ցանկացած քաղաքային իշխանություն կարող է օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, եթե դրանց մասին տեղեկացնեն բնակիչները։ Բնակիչն է, որ գիտի, թե ինչն է իրեն խանգարում, և ունի լուծման կարիք։  Ֆիքսելուց բացի, bug-երի հեղինակները պետք է կարողանան հետևել ընթացքին և տեսնել, թե ինչպես են դրանք լուծվում»։

Կայքի համահիմնադիրներն են Հովհաննես Աղաջանյանն ու Արման Աթոյանը, ովքեր որպես գաղափարի հիմք՝ վերցրել էին սեփական բակերի և փողոցների խնդիրները:

Կարդացեք նաև

Այժմ այս նախագծի վրա աշխատում է  X-Tech ընկերության թիմը՝ ծրագրավորողներ, որակի ապահովման ինժեներներ և դիզայներներ: Նախագիծը ղեկավարում է CityBugs սոցիալական հարթակի համահիմնադիր Արման Աթոյանը, ով հանդիսանում է նաև X-Tech ընկերության հիմնադիրը և ARLOOPA ընկերության համահիմնադիրը, բովանդակության ղեկավարն է Արթուր Տեր-Գրիգորյանը:

CityBugs-ը գլոբալ նախաձեռնություն է։ Սկիզբ առնելով Երևանից՝ այն տարածվեց Հայաստանի և Արցախի մի քանի այլ քաղաքներում․ Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Արմավիր և այլն։ Այժմ CityBugs-ը հնարավոր է կիրառել աշխարհի բոլոր քաղաքներում՝ դարձնելով ավելի լավը։

«Մեր հարթակը վերագործարկվելուց հետո դարձել է գլոբալ: Այսինքն, եթե նախկինում ամեն քաղաքի համար գոյություն ուներ առանձին կայք, հիմա օգտատերերը կարող են գրանցվել և մեկ հարթակի միջոցով աշխարհի ցանկացած կետից հայտնել իրենց բնակավայրում առկա խնդրի կամ առաջարկի մասին: Մենք կփորձենք հասցնել այն տեղական իշխանություններին և համապատասխան մարմիններին»:

Այս պահի դրությամբ հարթակում արձանագրվել է 612 խնդիր, որոնցից լուծում է տրվել 225-ին:

Արթուր Տեր-Գրիգորյանը նշում է, որ իրենք ընդլայնում են համագործակցության շրջանակը:

«Նախկինում՝ վերագործարկումից առաջ, համագործակցություն եղել է (քաղաքապետարանի հետ), և խնդիրներին տրվում էր պաշտոնական պատասխան: Այս պահին պաշտոնապես համագործակցություն չկա, բայց այն չի կարելի համարել դադարեցված: Քաղաքապետարանը որոշ խնդիրներին արձագանքում է Facebook-ի միջոցով, որոշ դեպքերում նաև արձագանքում են վարչական շրջանները՝ կրկին Facebook-ում: Աշխատանքներ ենք տանում նախկին ֆորմատին վերադառնալու և այն ավելի խորացնելու և արագացնելու ուղղությամբ:

Նաև համագործակցում ենք ճանապարհային ոստիկանության հետ: Առաջարկների և խնդիրների առաջին խմբաքանակը՝ մոտ 10 հատ քանակով, արդեն ուսումնասիրվում է ՃՈ-ի կողմից: Մոտ ժամանակում ակնկալում ենք ստանալ պատասխանները:
Ոչ հեռու ապագայում ընդլայնելու ենք մեր համագործակցության շրջանակը: Սպասեք թարմացումներին»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս