Ինչի՞ պետք է ձգտել հարաբերություններում. Միխայիլ Լիտվակ
Սերն ու փոխհասկացվածությունը մեր կյանքի ամենակարևոր կողմերից են։ Առանց նրանց՝ մենք մեզ լիարժեք երջանիկ ու բավարարված չենք կարող զգալ։ Ցանկալին ունենալու համար անհրաժեշտ է սովորել հակառակ սեռի հետ հարաբերություններ կառուցել։
Կնոջ և տղամարդու միջև՝ ինչպես գործնական, այնպես էլ՝ սեքսուալ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ սիրո հիման վրա։ Սիրել մենք կարող ենք միայն այն մարդուն, ով մեզ հավասար է իր սոցիալական ու հոգևոր զարգացմամբ։ Այլ դեպքերում մենք չենք սիրի, այլ կամ խղճանք, կամ կհիանանք։ Կարևոր է հասկանալ նաև, որ սերն ազատություն է ենթադրում։ Դուք չպետք է սահմանափակեք ձեր կեսի գործողությունները, այլ նրան իսկապես երջանկություն պետք է ցանկանաք ու օգնեք զարգանալ՝ ինչպես գործերում, այնպես էլ՝ հոգեպես։
Մարդիկ ավելի քիչ սխալներ կգործեին ու ողբերգություններ կապրեին, եթե իրենց զուր հույսեր չտային, չարդարացված ակնկալիքներ չունենային իրենց զուգընկերներից։ Դրա համար պետք է հասկանալ ու յուրացնել միմյանց հոգեբանությունը։ Կանայք պետք է հասկանան, որ տղամարդը միշտ չէ, որ պարտավոր է առաջինը հարաբերություններ սկսել, կարելի է կանոնից բացառություն անել։ Եվ մեկընդմիշտ պետք է մոռանալ զոհի դերի մասին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կինը կարող է ինքն իրեն ապահովել, տնտեսապես անկախ դառնալ, ինչպես նաև ինքնուրույն ընտրել նախընտրելի հակաբեղմնավորիչ միջոցները։
Մենք բոլորս սովորել ենք այն բանին, որ կնոջը պետք է հագուստ տալ, օգնել իջնել աստիճաններից, նրա առջև դուռ բացել։ Մասնակիորեն այդ ժեստերի մեջ կարելի է տեսնել կնոջ՝ որպես անհատականության նկատմամբ, հարգանքի բացակայություն այն իմաստով, որ վերջինս ինքն էլ կարող է ամեն ինչից գլուխ հանել։ Այդ պատճառով էլ իրենք իրենց նկատմամբ հարգանք դրսևորող կանայք զգուշորեն են մոտենում այն տղամարդկանց, ովքեր ուշադրության այդպիսի նշաններ են ցույց տալիս։ Կարծում եմ, որ մեր ժամանակներում թույլատրելի, եթե չասենք՝ պարտադիր է կնոջ հետ հավասարը հավասարին շփվելը։ Գեղեցիկ ժեստերը և չափազանց ընդգծված հոգատարությունը կարող են խոսել բոլորովին էլ կնոջ հանդեպ ոչ լավ վերաբերմունքի մասին։ Շատ ավելի լավ կլինի, որ տղամարդը չընկնի այդ պայմանական ձևականությունների հետևից ու կնոջն իսկապես գնահատի՝որպես անձի ու անհատականության։
Ամուր փոխադարձ հարաբերությունների հանգեցնող կարևորագույն գործոններից մեկն իրավահավասարությունն է։ Նկատի չունենք միատեսակությունը, որովհետև մենք բոլորս էլ անկրկնելի ենք ու անհատականություններ, և միմյանց նման լինելու իմաստ պարզապես չկա։
Իրավահավասար հարաբերություններում մարդիկ նման ձգտումներ ունեն, որոշումներ կայացնելիս և ընդհանրապես կյանքում նրանք միևնույն սկզբունքները, օրենքներն ու ստանդարտներն ունեն։ Իհարկե, նման օրենքները չպետք է որևէ մեկին որևէ բանում սահմանափակեն, այլ պետք է մեր բնույթի ու կյանքի հետ ներդաշնակ լինեն։ Իսկ երբ իրավունքները սկսում են ճնշել մեր ազատությունը կամ օրգանիզմի պահանջմունքները, մենք սկսում ենք ըմբոստանալ ու փորձել դուրս գալ ընդունված չափորոշիչներից, և այդ պատճառով էլ պետք է երկուստեք որոշել, թե ինչ կանոններ են առավել հարմար, որպեսզի դրանց հետևելը բացասական էմոցիաներ չհարուցի։ Առողջ, իրավահավասար հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է հիշել մի քանի կարևոր պահերի մասին։
Մեզնից շատերին մանկությունից սովորեցրել են ամեն ինչ անել ինչ-որ մեկի համար։ Բայց ըստ կյանքի օրենքի՝ ապրել կարելի է միայն ինքդ քեզ համար. միայն այդպես կարելի է իսկապես երջանկության հասնել, մնացած բոլոր տարբերակները ողբերգության են հանգեցնում։ Չէ՞ որ իրավահավասար հարաբերություններ կարող են կառուցել միայն այն մարդիկ, ովքեր միմյանց հետ հիվանդագին կապվածություն ու իրարից կախվածություն չունեն։ Մեզ սովորեցրել են, որ ինքդ քեզ մեծ ուշադրություն դարձնելը եսասիրություն է։ Բայց դա ևս մեծ մոլորություն է. ընդհակառակը, պետք է կարողանալ մենակ մնալ սեփական անձի հետ, զբաղվել ինքնակրթությամբ, գործերով, աշխատանքով, առողջությամբ ու միևնույն ժամանակ՝ չխանգարել զուգընկերոջը նույն բանն անել։
Սիրո մեջ շատ կարևոր է ազատությունը, բայց մեզ շատ դժվար է տրվում առանց հարցնելու՝ չխցկվելը, վերահսկել չփորձելը ու զուգընկերոջ բոլոր քայլերի մասին չիմանալը։ Որոշ իրավիճակներում օգնությունը նույնպես կարող է վնասել. այդ պատճառով էլ այն պետք է միայն այն ժամանակ, երբ այդ մասին խնդրում են, և այն ժամանակ, երբ լուծել եք ձեր բոլոր խնդիրները ու կարող եք օբյեկտիվորեն դատել ու օգնել։
Հաջողակ հարաբերությունների համար տղամարդիկ նաև պետք է մոռանան հայրիշխանության մասին, այն մասին, որ արական սեռը գերազանցում է իգականին։ Իհարկե, տղամարդկանց համար դա դժվար է անել, սակայն իմաստուն, բոլոր մարդկանց հարգանքով վերաբերվող, առաջին հերթին՝ նրա մարդկային որակներին, այլ ոչ թե՝ սեռին ուշադրություն դարձնող մարդու համար ոչինչ անհնար չէ։ Այդպիսի մարդը միշտ բաց է նոր գիտելիքների ու ծանոթությունների համար, հաճույքով նոր բաներ է սովորում, նույն հետաքրքրությամբ շփվում է սոցիալական տարբեր շերտերի ու ազգության պատկանող, ինչպես նաև՝ տարբեր գործի բնույթներ ունեցող մարդկանց հետ։ Հենց այս մարդիկ կարող են վատի մեջ առողջ հատիկ տեսնել։ Սա էլ հենց սերն է։
Կանայք նաև պետք է փորձեն ու կարողանան տղամարդուն ընդունել հավասարի պես ու ձգտել նրան հավասար դառնալ։ Հավասար հարաբերություններում ոչ ոք ոչ ոքի հաշվին չի ապրում, յուրաքանչյուրն ընտանիքում իր ներդրումն է ունենում, ու բյուջեն միասին են ձևավորում, ոչ ոք ոչ ոքի չի մեղադրում քիչ աշխատավարձ ստանալու համար։ Փոխադարձ մեղադրանքներն ուղիղ ճանապարհ են՝ դեպի վեճեր ու տարաձայնություններ։ Եթե դուք ընտրել եք մարդուն, դուք նրան ընդունել եք այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա։
Կինն ընտրում է տղամարդուն, իսկ տղամարդ ասելով՝ հասկանում ենք՝ արական սեռի, այսինքն՝ ֆիզիկապես ու հոգեպես առողջ, տնտեսապես անկախ մարդ։ Ֆիզիկապես առողջ տղամարդը պետք է որոշակի ուժի տիրապետի։ Կարող է վազել, ասենք, 15 կմ, սեփական քաշի հետ համադրվող ծանրություններ բարձրացնել, լողալ։
Առողջությունն ու ուժն ուղղակիորեն կապված են սեքսուալ հարաբերությունների, դրանց որակի ու տևողության հետ։ Առողջ տղամարդը նաև ալկոհոլ չի օգտագործում ու չի ծխում, քանի որ դրանք նրան բացարձակապես պետք չեն. նրա օրգանիզմում բավարար չափով տարրեր կան երջանկության, էմոցիաների ու գործերի համար։ Եվ, իհարկե, շատ կարևոր է այնպիսի որակը, ինչպիսին ինտելեկտուալությունն է։
Տղամարդը զբաղվում է ինքնակրթությամբ, նրա հետ միշտ հետաքրքիր է շփվել ու լսել նրա գրագետ խոսքը։ Տնտեսական անկախությունը երեխաներից ու կնոջից բաղկացած ընտանիքը կերակրելու կարողությունն է։ Եթե տղամարդը տվյալ պահին դա չի կարողանում անել, նա ընտանիք չի կազմի։ Մեծ դեր է խաղում գումար վաստակելու կարողությունը։
Առողջ հարաբերություններում տղամարդու վերաբերմունքը կնոջ նկատմամբ միայն լավանում է։ Եթե ձեզ մոտ հակառակն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է վերլուծել իրավիճակը, հասկանալ, թե ձեզնից ով՝ որտեղ է սխալվել։ Ամեն դեպքում, եթե դուք միմյանց հարմար չեք, և ձեր հարաբերությունները ձեզ միայն տառապանք են պատճառում, բաժանվեք ու ոչնչի համար մի զղջացեք։
Հարաբերություններ կառուցելու և զուգընկեր ընտրելու համար պետք է կանգ առնել նրանց վրա, ովքեր ձեզնից կախված չեն լինի, և ում հետ դուք կկարողանաք զարգանալ։ Եթե տղամարդը կնոջից սեր է ուզում, պետք է փնտրի տնտեսապես անկախ կնոջ, որպեսզի վստահ լինի, որ վերջինս իր հետ է հաստատապես ոչ փողի համար։
Տղամարդիկ և կանայք տարբերվում են միայն կենսաբանական մակարդակում։ Դա, անշուշտ, ազդում է վարքի ու մասնագիտության ընտրության վրա, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ տրամաբանության, հոգեբանության վերաբերյալ սխալ պատկերացումների։
Պետք է հասկանալ, որ մեզ մարդ է դարձնում մեր հոգևոր զարգացումը, առանց որի՝ մենք չենք կարող մարդ կոչվել։ Իսկ մեր առջև տեսնելով հակառակ սեռի մարդու՝ արժե ուշադրություն դարձնել միայն նրա հոգեբանական գծերի վրա։ Ձգտեք զարգացնել ձեր ունակությունները, և հակառակ սեռի հետ ունեցած խնդիրներն իրենք իրենց կհարթվեն։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը