Այո՛, սև ցուցակներ կային. Հանրայինից հեռացա, որովհետև չէի հաշտվում. Մանե Գրիգորյան

168TV«Ռանդևու» հաղորդման հյուրը Երգի պետական թատրոնի տնօրեն, հեռուստահաղորդավարուհի Մանե Գրիգորյանն է։

Զրույցի ընթացքում նա խոսեց հոր՝ Արթուր Գրիգորյանի թողած ժառանգության, հայկական երաժշտության խնդիրների, Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի տարիների, «սև ցուցակների», ինչպես նաև անձնական կյանքի մասին։

«Արթուր Գրիգորյանը երբեք չէր վախենում ասել ճշմարտությունը»

Կարդացեք նաև

Մանե Գրիգորյանի խոսքով՝ հայ երաժշտական դաշտն այսօր զգում է Արթուր Գրիգորյանի նման խիստ ու անաչառ մասնագետի պակասը։

«Այսօր շատ մարդիկ են ասում՝ կարիքը կա նրա խոսքի, նրա քննադատության, որովհետև այդ նկատողություններից հետո մարդիկ ավելի ուշադիր էին դառնում իրենց աշխատանքի նկատմամբ։ Նա երբեք չէր մտածում՝ այս մարդը նեղանալո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե վատն էր, ասում էր՝ վատ է»։

Նրա խոսքով՝ ամենախիստ քննադատությունը հաճախ բաժին էր հասնում հենց թատրոնի արտիստներին և սեփական սաներին.

«Նա ամենաշատը բարկանում էր հենց իր սաների վրա, որովհետև նրանցից ամենաբարձր արդյունքն էր սպասում»։

«Հիմա այդ տեղը դեռ ոչ ոք չի զբաղեցրել»

Խոսելով ներկայիս երաժշտական դաշտի մասին՝ Մանե Գրիգորյանը նշեց, որ այսօր չկա այն հեղինակությունը, որի խոսքը կկարողանա նույն ազդեցությունն ունենալ, ինչ Արթուր Գրիգորյանինը.

«Այն ժամանակ մարդիկ նույնիսկ վախենում էին, որ կարող է զանգել ու կարծիք հայտնել։ Հիմա այդ տեղը դեռ ոչ ոք չի զբաղեցրել»։

Նա համոզված է, որ հայկական երաժշտության գլխավոր խնդիրը որակի և ազգային ինքնության կորուստն է։

Բլից հարցերի ընթացքում, երբ նրան խնդրեցին մեկ բառով ասել, թե ինչ է պակասում հայկական երգարվեստին, պատասխանեց՝ «Հայկական երաժշտություն»։

 Հանրային հեռուստաընկերությունում «սև ցուցակներ» կայի՞ն

Հարցազրույցում խոսվեց նաև Հանրային հեռուստաընկերությունում գոյություն ունեցած, այսպես կոչված, «սև ցուցակների» մասին։ Մանե Գրիգորյանը հաստատեց, որ նման երևույթի առնչվել է իր աշխատանքային գործունեության ընթացքում.

«Այո, կային։ Իմ տպավորությամբ՝ շատ դեպքերում դրանք ոչ թե մասնագիտական, այլ մարդկային ամբիցիաների հետևանք էին»։

Նրա խոսքով՝ երբեմն հետաքրքիր հյուրերի մասնակցությունը հաղորդումներին անհնար էր դառնում ոչ թե մասնագիտական, այլ անձնական հարաբերությունների պատճառով. «Տուժում էր եթերի արտադրանքը, տուժում էր հեռուստադիտողը»։

 Ինչո՞ւ հեռացավ Հանրայինից

Մանե Գրիգորյանը պատմեց, որ Հանրային հեռուստաընկերությունից հեռացել է սեփական որոշմամբ.

«Ես հեռուստատեսության մարդ եմ։ Երբ տեսնում էի, որ գաղափարները չեն լսվում, ստեղծագործական մոտեցումները չեն գնահատվում, ինձ համար դժվար էր հաշտվել դրա հետ»։

Նրա խոսքով՝ հատկապես ցավում է, երբ Հանրայինի եթերում տեսնում է անորակ կամ հանրայինի առաքելությանը չհամապատասխանող բովանդակություն. «Սիրտս ցավում է, որովհետև ուզում եմ, որ Հանրայինում ամեն ինչ առաջինը լինի»։

«Ես երբեք չեմ պայքարել «Գրիգորիչի աղջիկ» պիտակից ազատվելու համար»

Հաճախ քննարկվող թեմային՝ հայտնի հոր ստվերում մնալու մասին, Մանե Գրիգորյանը հակադարձում է.

«Երբեք նման խնդիր չեմ ունեցել։ Ինձ համար միայն պատիվ է, երբ ինձ ասոցացնում են հորս հետ»։

Նրա խոսքով՝ այսօր իր գլխավոր առաքելություններից մեկն Արթուր Գրիգորյանի ստեղծագործական ժառանգությունը պահպանելն ու հանրությանը ներկայացնելն է.

«Գուցե դեռ շատ բան միայն իմ համակարգիչներում է պահված, բայց ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ տեսնեն, թե իրականում որքան մեծ էր Արթուր Գրիգորյանը»։

«Պապայից ամենաշատը նրա հոտն եմ կարոտել»

Մանե Գրիգորյանը խոստովանեց, որ մինչ օրս ամենաշատը կարոտում է հորը.

«Եթե հնարավորություն ունենայի հանդիպել, ոչինչ չէի ասի։ Ուղղակի կգրկեի ու շատ երկար նրա հոտը կքաշեի։ Ամենաշատը նրա հոտն եմ կարոտել»։

Նա նաև պատմեց, որ դուստրը՝ Կայան, մինչ օրս ծանր է տանում պապիկի կորուստը և շարունակում է ապրել նրա երաժշտությամբ։

Անձնական կյանքի մասին՝ առանց մանրամասների

Չնայած մեր փորձերին՝ Մանե Գրիգորյանը հերթական անգամ խուսափեց անձնական կյանքի մանրամասներից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր, որ իր կյանքում կա մարդ, ով օգնել է հաղթահարել դժվար շրջանը և «վերակենդանանալ»։ Հարցին՝ արդյոք առաջիկայում կարելի՞ է սպասել ամուսնության, նա կարճ պատասխանեց.

«Երբ տեսնեք, կիմանաք»։

Միևնույն ժամանակ խոստովանեց, որ դեռ ցանկանում է, որ իր դուստրը քույր կամ եղբայր ունենա. «Շատ կուզեի, բայց այս փուլում այնքան ծանրաբեռնված եմ, որ դեռ չեմ պատկերացնում»։

«Արցախը մեր հողն է»

Զրույցում առանձին տեղ զբաղեցրեց նաև Արցախի թեման։

Մանե Գրիգորյանը նշեց, որ չնայած Երևանում է ծնվել, իրեն արցախցի է համարում.

«Մարդը, որ գոնե մեկ անգամ եղել է Արցախում, չի կարող չսիրահարվել Արցախին»։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ նոր սերունդը ճանաչի Արցախի պատմությունը, մշակույթն ու հայկական ինքնության այդ կարևոր հատվածը։

«Ամոթ չէ ուրախանալ»

Հարցազրույցի ավարտին Մանե Գրիգորյանը կարևոր ուղերձ հղեց հասարակությանը.

«Վերջին տարիներից հետո մարդիկ դժվար են վերականգնվում։ Բայց պետք է հասկանալ՝ ամոթ չէ ուրախանալ, ամոթ չէ ժպտալ, ծիծաղել։ Բոլորին մաղթում եմ շատ երջանիկ օրեր»։

Այսպիսով, «Ռանդևու»-ի հերթական թողարկումը բացեց Մանե Գրիգորյանի կյանքի և մտածողության մի շարք փակ էջեր՝ ցույց տալով ոչ միայն տնօրենի ու հաղորդավարուհու, այլ նաև դստեր, մոր և արվեստի նկատմամբ անսահման նվիրված մարդու կերպարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930