Վիճծառայությունը որոշել է տնտեսական ակտիվությունից դուրս թողնել գյուղատնտեսությունը
Վիճակագրական ծառայությունը չի դադարում զարմացնել քաղաքական իրավիճակի փոփոխություններին արագ հարմարվելու իր ունակությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ այս կառույցն իրենից կախված ամեն ինչ անում է երկրում տեղի ունեցող տնտեսական գործընթացների վերաբերյալ իշխանությունների ակնկալիքներն արդարացնելու համար։
Առավել ևս՝ հիմա, որ երկրի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Բնական է, չէ՞, որ տնտեսական ցուցանիշներն էլ պետք է համապատասխանեն հեղափոխության տրամաբանությանը։
Որ Վիճակագրության ծառայության հրապարակումների նկատմամբ Հայաստանում միշտ էլ հավատ չի եղել, փաստ է։ Դա գալիս է շատ դեպքերում հենց այդ կառույցի գործունեությունից։ Հրապարակումների հետ կապված հաճախ կատարվող փոփոխությունները տարբեր մեկնաբանությունների և եզրակացությունների տեղիք են տալիս։ Բացառություն չէ նաև այս անգամ։
Չհաշված այն, որ նախորդ տարիների համեմատ Վիճակագրական կոմիտեն վերջին շրջանում սկսել է ավելի ուշ հրապարակել տնտեսական ակտիվության ցուցանիշները, հիմա էլ որոշվել է ամենամսյա հրապարակումներից դուրս թողնել գյուղատնտեսությունը։ Ամսվա փոխարեն, ինչն արվում էր մինչև այժմ, այսուհետ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները կհրապարակվեն եռամսյակը մեկը։
Իր այս քայլը Վիճծառայությունը պայմանավորել է «գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»։
Սրանով վիճակագիրները որոշել են հերթական լավությո՞ւնն անել կառավարությանը, թե՞ պարզապես այդպես ավելի նպատակահարմար է, դժվար է ասել։ Ամեն դեպքում, տպավորությունն այնքան էլ միանշանակ չէ։
Չնայած Հայաստանի տնտեսությունը ոչնչով չի փայլում բարձր ակտիվությամբ, այնուհանդերձ, պարզվում է՝ տարեսկզբին տնտեսական գործընթացները լավ էլ աշխույժ են եղել։ Իսկ թե հատկապես որ ոլորտներում է դրսևորվել այդ աշխուժությունը, կանդրադառնանք ներքևում։
Մինչ այդ նշենք, որ Վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ հունվարին օպերատիվ տվյալներով Հայաստանում արձանագրվել է բավական բարձր` 6,1 տոկոս տնտեսական ակտիվություն։ Իհարկե, առանց գյուղատնտեսության։
Ինչպիսի՞ն են եղել զարգացումները գյուղատնտեսության մեջ, հայտնի չէ։ Վիճծառայությունը խուսափել է հրապարակել այդ ցուցանիշը։ Այն պարզ կլինի հավանաբար ապրիլին, եթե ոչ՝ ավելի ուշ։ Թե առանց գյուղատնտեսության Վիճծառայությունն ինչպե՞ս է համադրել այս և անցած տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշները, պարզ չէ։
Մի բան, ամեն դեպքում, փաստ է, որ վերջին մեկ-երկու տարիներին գյուղոլորտի զարգացումները չեն առանձնում ակտիվությամբ։ Անցած տարվա հունվարին այստեղ գրանցվեց 0,4 տոկոսանոց անկում։ Հետագայում այդ միտումը գնալով խորացավ, և տարեվերջին անկումը հասավ 7,6 տոկոսի։
Ինչի՞ հաշվին է հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել 6,1 տոկոս։
Դա արտահայտվել է հիմնականում շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտների կտրուկ զարգացումներով։ Բոլոր երեք հատվածներում արձանագրվել է երկնիշ աճ։ Եթե ծառայությունների նախորդ տարվա ցուցանիշը հաջողվել է գերազանցել՝ 15,6, առևտրինը` 19,3, ապա շինարարությանը` 22,1 տոկոսով։
Չխորանալով այս ցուցանիշների մեջ, ուղղակի արձանագրենք, որ տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը տարեսկզբին շարունակել է մտահոգիչ լինել։ Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսում է ներառական տնտեսական աճի մասին, առայժմ զարգացումները հակառակն են։ Թե առևտրի կամ ծառայությունների երկնիշ աճը որքանո՞վ է նպաստում հասարակության եկամուտների ավելացմանը, դժվար չէ պատկերացնել։
Անկում է գրանցվել տնտեսության երկու առանցքային ոլորտներում։ Խոսքն արդյունաբերության և էներգետիկայի մասին է։ Նախորդ տարվա համեմատ՝ արդյունաբերության անկումը կազմել է 0,4 տոկոս։ Ավելի քան 26 տոկոսով կրճատվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Նվազել է արտաքին առևտրի շրջանառությունը։ Դա առավել կտրուկ է արտահայտվել՝ հատկապես արտահանման ոլորտում։ Նախորդ տարվա հունվարի համեմատ՝ արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումները պակասել են գրեթե 16 տոկոսով։ Հայաստանից արտահանվել է 145 մլն դոլարի ապրանք։
Կրճատվել է նաև ներմուծումը։ Թեև այս դեպքում տարբերությունը շատ մեծ չէ` 3,3 տոկոս։
Ապրանքաշրջանառության ոլորտում տեղի ունեցած դրսևորումները հերթական անգամ հանգեցրել են արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի հետագա խորացմանը։ Ներմուծումը հունվարին գրեթե 2,2 անգամ գերազանցել է արտահանմանը։
Հստակ է, որ սա որևէ կերպ չի տեղավորվում կառավարության հայտարարած արտահանման խթանման քաղաքականության տրամաբանության մեջ։
Մեկ տարի առաջվա համեմատ՝ Վիճծառայությունը միջին աշխատավարձի աճ է գրանցել։ Բայց դա շատ քիչ է արտահայտվել՝ հատկապես մասնավոր հատվածում, որտեղ աճի տեմպն էապես նվազել է։ Միջին աշխատավարձն այս հատվածում ավելացել է ընդամենը 1,8 տոկոսով։
Այս հանգամանքը մտահոգիչ է հատկապես նրանով, որ աշխատավարձերի բարձրացումն ուղղակիորեն կապված է տնտեսական գործընթացների հետ։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսական իրավիճակն անցած տարվա ընթացքում այնքան էլ բարվոք չի եղել։
Ի տարբերություն մասնավորի` պետականում գրանցվել է միջին աշխատավարձի ավելի ինտենսիվ բարձրացում։ Այն կազմել է 6,5 տոկոս, որքան էլ բյուջետային համակարգում վարձատրության մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Ինչևէ, առաջին հայացքից՝ հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում բավական բարձր է եղել։ Բայց թե դա որքանով է նպաստել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը, մնում է միայն գուշակել։ Ու դեռ հարց է, թե ինչ կմնար տնտեսական ակտիվությունից, եթե ներառվեր նաև գյուղատնտեսությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ