Բաժիններ՝

«Կառավարության կառուցվածքի փոփոխության ժամկետների և հաջորդականության վերաբերյալ չկա ռազմավարական ծրագիր». Տնտեսագետ

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությանը, որի արդյունքում 17 նախարարություններից 5-ը պետք է կրճատվեն, նկատեց, որ Կառավարության կառուցվածքը տնտեսության զարգացման և պետության վարած տնտեսական քաղաքականության իմաստով՝ կարևոր գործոն է, բայց՝ ոչ վճռորոշ։

«Բնականաբար, այստեղ կարող են լինել տարբեր մոտեցումներ մի քանի նախարարություններ մեկ նախարարության կազմում միավորելու վերաբերյալ, կամ ընդհակառակը՝ գործառույթներն ըստ ուղղությունների պատվիրակել։ Այստեղ կարևոր չէ՝ մենք 17, թե՞ 15 նախարարություն կունենանք: Կարևորն այն է, թե այդ նախարարություններն ու իրենց ենթակայության տակ գտնվող կառույցները որքանով արդյունավետ կաշխատեն։ Եվ պետական պաշտոնյան, որը գալիս է աշխատանքի, արդյո՞ք լիարժեքորեն իր գործառույթներն իրականացնում է»,- նշեց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է այդ կրճատումներով պայմանավորված գործազուրկների թվի աճին, Կառլեն Խաչատրյանը նկատեց, որ այստեղ մեծ խնդիր կա, սակայն Կառավարությունը չպետք է ուռճացնի պետական ապարատը և անհարկի մարդկանց ընդունի աշխատանքի՝ մտածելով, որ գործազուրկների թիվը երկրում շատ է, և նրանք ունեն աշխատանքի տեղավորման խնդիր։

«Եթե գնում ենք այդ ճանապարհով, ապա ունենում ենք այն պատկերը, որ մարդը գնում է աշխատանքի, սակայն արդյունավետ չի աշխատում, չի պատկերացնում իր գործառույթները։ Որպեսզի սոցիալական խնդիրները շատ սուր արտահայտված չլինեն, նախ՝ պետք էր նախադրյալներ ստեղծեին, միանգամից չգնային կրճատումների քայլին, գոնե դրան գնային փուլառփուլ, այլ ոչ թե՝ միանգամից կրճատեին մի քանի հազար մարդու։ Ընդ որում, այստեղ պետք է ունենային որոշակի ռազմավարական ծրագիր, թե քայլերի ինչ հաջորդականությամբ և ինչ ժամկետներում են այդ օպտիմալացումն իրականացնում»,- եզրափակեց Կ. Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս