Սիփան սարի ֆոնին ձևավորված գեղեցիկ ամպի պատկերը հիացրել է Բիթլիսի բնակիչներին
Նոյեմբերի 20-ին Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռան՝ Սիփանի և դրա հարևանությամբ ձևավորված գեղեցիկ ամպի լուսանկարները հեղեղել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները: Բիթլիսի նահանգի Ադիլջեվազ շրջանի բնակիչները, նկատելով տեսարանը, այն լուսանկարել են, իսկ ավելի ուշ պատկերը տարածվել է լրատվամիջոցներում:
4058 մ. բարձրություն ունեցող Սիփան լեռը Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռն է Արարատից (5165. ներկայիս Թուրքիա), Սաբալան/Սավալան (4811մ. ներկայիս Իրան), Ջիլոյից (4168մ. ներկայիս Թուրքիա) և Արագածից (4065մ հյուսիսային գագաթ) հետո:
Սիփանը գտնվում է Վանա լճի հյուիսային ափին: Այն հին հայկական աղբյուրներում կրել է Նեխ Մասիք (Փավստոս Բյուզանդն անվանում է Մեծ Լեառն Մասիք), Մասիաց լեռ, Ծիպան և ուրիշ այլ անուններ:
Ժողովրդական հին հավատալիքներում Սիփանը հանդես է գալիս որպես Հայկի խորհրդանիշը, իսկ Նեմրութը՝ Բելի: Սրվանձտյանանցն այդ երկու լեռների մասին գրել է «..Որպես թե Նեմրութն լիներ Բելը և Սիփանը մեր Հայկը, որ զԲելն իր ոտքին տակ կապած է»:
Սիփան սարը իր գեղեցկությամբ գրավել է նաև հայ նկարիչների ուշադրությունը: Փանոս Թերլեմեզյանի բնանկարների շարքում իրենց առանձնահատուկ հմայքով, տեղանքի ճանաչելի պատկերավորմամբ են առանձնանում հեղինակի ծննդավայրի` Վանի և Վանա լճի տեսարանները: 1915 թ. հայ ժաղովրդի պատմության օրհասական պահերին է վրձնել գեղանկարիչը «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը: