«Գաղտնի պայմանավորվածությունների մեջ են. Այս փուլում Ադրբեջանի պահանջները վերաբերելու են Տիգրանաշենին, Վերին Ոսկեպարին, Ազատամուտի հարակից տարածքներին». Մենուա Սողոմոնյան

Երեկ՝ ապրիլի 29-ին, Ադրբեջանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն էր ժամանել Հայաստան։

Հայաստանում այս մասին նախ իմացան ադրբեջանական լրատվամիջոցներից, այնուհետև Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց տեղեկատվությունը՝ այցի մասին մանրամասները չհայտնելով։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Մուտաֆաևի գլխավորած պատվիրակությանն Աղվերան էին տարել, որտեղ հանդիպում էր եղել նաև հայ գործարարների հետ։

Այսօր Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ և ադրբեջանցի գործարարների միջև փոխադարձ առևտրի ցանկը սկզբում փոխանցել են Հայաստանի և Ադրբեջանի Կառավարությունների միջոցով, սակայն հիմա երկուստեք առանց միջնորդների են շփվում։ Նա նաև ասաց, թե տեղյակ է, թե որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ, չթիրախավորելու պատճառաբանությամբ, սակայն անուններ չի կարող նշել։

Միջազգայնագետ, «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցի վերաբերյալ տեղեկատվություն չկա, հետևաբար՝ այցի նպատակի հետ կապված կարող են ենթադրություններ անել։

Կարդացեք նաև

«Մուտաֆաևն այն մարդն է, որը համակարգում է, այսպես կոչված, սահմանազատման ու սահմանագծման գործընթացներն ադրբեջանական կողմից։ Բնականաբար, այստեղ խոսքն ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է՝ այդ գործընթացը շարունակելու համար, բայց սա կարող է ենթադրություն լինել, քանի որ այցի հետ կապված որևէ տեղեկատվություն մեզ հայտնի չէ։ Բայց ենթադրելի է, որ ադրբեջանցիները, որոնք խաղադրույք են կատարում Փաշինյանի վրա և ամեն կերպ աջակցում են Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը՝ ստանալիք ունեն։

Այս փուլում Ադրբեջանի պահանջները վերաբերելու են Տիգրանաշենին, Վերին Ոսկեպարին, Ազատամուտի հարակից տարածքներին, որոնք պայմանականորեն անվանում են Սոֆուլու և Բարխուդարլու։ Սա իմ ռացիոնալ ենթադրությունն է, և օրակարգը պետք է որ այս հարցերի շուրջ լինի, ընդ որում, տեսնում ենք, որ ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մեջ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։

Ըստ մեր զրուցակցի, օգտագործելով ներկայիս մինչընտրական շրջանը, դրանում առկա իրադարձությունները, երբ տարբեր ուժեր կենտրոնացած են իրենց նախընտրական կազմակերպչական հարցերի վրա, հավանաբար հարմար շրջան են ընտրել Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ամրագրելու համար։

Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող այն լուրերին, որ Մուստաֆաևը ցանկություն էր հայտնել լինելու Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, որտեղ ծնվել է Խորհրդային Միության ժամանակ, և այս համատեքստում դիտարկելով արցախահայերի խնդիրը, որոնք հնարավորություն չունեն գնալու Արցախ և այցելելու  հանգուցյալների շիրիմներին, Մենուա Սողոմոնյանն ասաց՝ հայ ազգն ընկել է Փաշինյան-Ալիև կառուցած մեծ թակարդի մեջ, և այդ թակարդը մատուցվում է հանրությանն իբրև խաղաղություն։ Մուստաֆաևի այցն էլ Հայաստան ներկայացվում է  հենց այդ խաղաղության «սոուսի» մեջ։

«Անթույլատրելի է համաձայնություն տալ Մուստաֆաևի այցին Ջուջևան, անթույլատրելի է բոլոր մակարդակներով։ Հայրենասեր, պետականության զգացողություն ունեցող մարդիկ համաձայնություն չեն տա, իսկ եթե համաձայնություն չեն տալիս, ամեն ինչ տեղի է ունենում բռնությամբ։ Երևի թե այս ամբողջ շրջանում պրոադրբեջանական ինչ ծրագրեր անցկացրել են, անցկացրել են բռնության միջոցով։ Թեև եղել է դիմադրություն, բայց կարողացել են անցկացնել։ Հիմա էլ օգտվում են այս նախընտրական շրջանից ու իրենց օրակարգը ևս մեկ անգամ ժողովրդի վզին են ուզում փաթաթել»,- շեշտեց միջազգայնագետը։

Նա նաև ընդգծեց՝ Փաշինյանն ու Ալիևն այսօր ուզում են ամեն ինչ փաթեթավորել «խաղաղության» մեջ, այդ թվում՝ եվրոպական համայնքի ներկայացուցիչների առաջիկա այցը Երևան և այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930