«Ազատի» զինվորական կացարանի հոսանքի ծախսը իրենց գրպանից վճարել են սպաները, ոչ թե պետությունը. բացառիկ մանրամասներ. aravot.am
aravot.am-ը գրում է. Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր հարցաքննված մեղադրյալ Տիգրան Ղազարյանը ուշագրավ տեղեկություններ հայտնեց: Մասնավորապես՝ նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ Ազատի կացարանի պայմանների մասին ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը տեղյակ է եղել, բայց ոչինչ չի արել թերությունները վերացնելու համար:
Սպայական կազմն ինչքան բարձրաձայնել է խնդիրների մասին, ի պատասխան միայն լսել է՝ համբերեք, մոդուլային տնակներ կկառուցենք, կտեղափոխվեք:
Ղազարյանն այսօր պատմեց, որ տարվա վեց ամիսը Ազատ գյուղում ցուրտ էր ու ջեռուցման անհրաժեշտություն կար: Նույնիսկ խորը ձմեռվա ամիսներին, երբ վառարանն էին վառում, ննջասենյակում էլեկտրական հոսանքով տաքացուցիչներ են օգտագործել, սակայն ամսվա ծախսը՝ մոտ 60.000 դրամը, վճարել են սպաներն իրենց գրպանից, ոչ թե պետությունը:
«Շատ ենք ասել ղեկավարությանը, բայց այդ հարցը չի լուծվել: Չէինք վճարում, անջատում էին լույսը: Համարյա 1.5 տարի վճարել ենք, տարվա կեսը ձմեռ էր: Ուրիշ տարբերակ չենք ունեցել, զորամասի նախկին հրամանատար Դարբինյանին էլ, մյուսներին էլ զեկուցել ենք, ոչինչ չի փոխվել»,- դատարանում պատմեց Ղազարյանը:
Հարցին՝ ինչքան աշխատավարձ էր ստանում, պատասխանեց՝ մոտ 350.000 դրամ, որից 30.000-ը ինքն է հատկացրել, մյուս 30.000 դրամը մեկ այլ սպա՝ ամեն ամիս զինվորների կացարանի էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:
«Վառելափայտն էլ ենք մենք բերել, վառելիք չունեինք, դիմել ենք, հրամանատարին, ասել՝ թույլ կտա՞ք ոսկու հանքից բերենք փայտ, գնացել ենք շախտայի գերանները բերել, վառել»,- հավելեց Ղազարյանը:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը զարմացած հարցրեց՝ կարո՞ղ եմ արձանագրել, որ այդ կացարանում պետբյուջեի հաշվին ջեռուցման համար չի վճարվել, Ղազարյանը պատասխանեց՝ 2022 թվականի հուլիսից հետո է պետբյուջեից վճարվել, երբ ՊՆ-ն հաշվիչը փոխել է. «Մինչ այդ մենք ենք վճարել, իմ մոտ վճարման կտրոններն էլ կան, կարող եմ ցույց տալ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



