Կարս-Գյումրի ուղղության ակտիվացումը նվազեցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «բացառիկությունը». սա կարող է լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում. Շիրազ Խաչատրյան

Ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած այս հայտարարությանը հաջորդել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունները, որ ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերը։

Ամերիկյան կողմից, բացի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, այս իրադարձությանն արձագանքել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը և Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման շուրջ պայմանավորվածությունները համարելով կարևոր հանգրվան տարածաշրջանային կապի և խաղաղության համար։

Կարդացեք նաև

«Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպել են Կարսում՝ Թուրքիայում, որպեսզի հայտարարեն Կարս-Գյումրի երկաթուղու վերանորոգման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին, կենսականորեն կարևոր առևտրային և տարանցիկ կապ, որը տարածաշրջանը միավորել էր ավելի քան մեկ դար, մինչև վերջին գնացքը հատեց Թուրքիա-Հայաստան սահմանը 1993 թվականի հուլիսին»,- X-ի իր էջում նշել է նա:

Իսկ թե ի՞նչ հարց է լուծում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումը Հայաստանի, Թուրքիայի և ամբողջ Հարավային Կովկասի համար, արդյո՞ք սա զուտ տնտեսական նախագիծ է, թե՞ աշխարհաքաղաքական, և վերջապես, արդյո՞ք Գյումրի-Կարս երկաթգիծը կամ, ինչպես նույնիսկ ժամանակին խոսվում էր, Բաքու-Գյումրի-Կարսը վտանգի տակ չի դնելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը:

Նշված հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Պարզ է, որ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումն աշխարհաքաղաքական խաղ է առաջին հերթին, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ փորձում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում։

Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացվող «լավատեսական» օրակարգն իրականում բախվում է գեոպոլիտիկայի կոշտ տրամաբանությանը, որտեղ ցանկացած ենթակառուցվածք այլ դերակատարների համար առաջին հերթին վերածվում է ազդեցության գործիքի, իսկ մեզ համար չգիտես թե՝ ինչի՞՚:

Ըստ էության, Հայաստանով անցնող ցանկացած տեսական ուղի Արևմուտքի համար դիտարկվում է Ռուսաստանն ու Իրանը շրջանցող կապուղու տեսանկյունից: Իսկ այստեղ Հայաստանի համար ստեղծվում է երկակի իրավիճակ. մի կողմից՝ տնտեսական ակտիվացման մասին խոսակցություններ, և նոր կախվածություններ՝ մյուս կողմից։ Հատկապես զգայուն է Թուրքիայի գործոնը, երկաթգծի գործարկումը կարող է ձևավորել անհամաչափ փոխկախվածություն, որտեղ Անկարան տեսականորեն ստանում է լծակ՝ ազդելու Հայաստանի տնտեսական կենսունակության վրա։

Միևնույն ժամանակ, նախագիծը կարող է վերաձևակերպել տարածաշրջանային հավասարակշռությունը՝ հատկապես Վրաստանի համար։ Կարս-Գյումրի ուղղության ակտիվացումը նվազեցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու «բացառիկությունը», ինչն անխուսափելիորեն անդրադառնալու է Թբիլիսիի տարանցիկ դերակատարության վրա և կարող է լարվածություն մտցնել հայ-վրացական հարաբերություններում: Սակայն առանցքային հարցը շարունակում է մնալ վերահսկողության հարցը. քանի դեռ Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարվում է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերով, «ինքնիշխան ենթակառուցվածքի» մասին խոսույթը սահմանափակ է դառնալու։

Տեխնիկական և օպերացիոն վերահսկողության բացակայությունը նշանակում է, որ ցանկացած աշխարհաքաղաքական ճնշում կարող է արագ վերածվել գործնական սահմանափակումների։ Ամեն դեպքում, եթե ապաշրջափակումը չի ուղեկցվում հստակ քաղաքական երաշխիքներով, անվտանգության մեխանիզմներով և ենթակառուցվածքների նկատմամբ իրական վերահսկողությամբ, ապա այն կարող է վերածվել ոչ թե զարգացման, այլ կախվածության նոր ձևի։

Անցած տարի ԿարսԻգդիրԱրալըքԴիլուջու երկաթուղու շինարարության ծրագրի համատեքստում մեկ այլ հարցազրույցում խոսել ենք ԳյումրիԱխուրյան հատվածի վերականգնման անհրաժեշտության մասին: Այդ ժամանակ Դուք նկատել էիք, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու շինարարության ծրագրի վերաբերյալ տեղեկություններին զուգահեռ՝ պաշտոնական հայտարարություններում Գյումրի-Ախուրյան հատվածի մասին լռություն է պահպանվում, ինչը հակասում է հենց Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի բաղադրիչներից մեկը հենց այդ երկաթգծի վերագործարկումն էր։

Ավելին, նշել էիք՝ եթե ադրբեջանա-թուրքական ծրագրով հնարավոր է դառնում շրջանցել Հայաստանը՝ Թուրքիայից անմիջական երկաթուղային ելք ունենալով Նախիջևան, ապա այդ դեպքում Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային լոգիստիկ քարտեզից, իսկ խոստացված, այսպես ասած, խաղաղության խաչմերուկն իրականում վերածվում է միակողմանի անցումային գծի, որի շահառուն Հայաստանը չէ։

Ավելի ուշ՝ այս տարվա փետրվարին, հայկական կողմը ռուսական կողմի հետ քննարկել էր ԳյումրիԱխուրիկԹուրքիա և ԵրասխՆախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցերը: Թե վերջնահաշվարկում ինչն ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա:

– Ձեր նշած նախագծերը տեղավորվում են Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարության մեջ, որոնք ուղղված են Հարավային Կովկասում իր ազդեցության խորացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների վերահսկման ընդլայնմանը։ Պարզ է, որ Անկարան այսօր ձգտում է ոչ միայն բացել նոր կապուղիներ, այլև ձևավորել այնպիսի տրանսպորտային ճարտարապետություն, որտեղ ինքն է հանդիսանում առանցքային հանգույցն ու միջնորդը՝ կապելով Անդրկովկասը Կենտրոնական Ասիայի և ավելի լայն թուրքալեզու աշխարհին։ Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան, ստեղծելով շրջանցիկ հաղորդակցության ուղիներ, փորձում է նվազեցնել Հայաստանի աշխարհագրական «մեկուսացման» գործոնը ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ սեփական տարածաշրջանային դիրքերն ամրապնդելու նպատակով։

Այսինքն՝ Հայաստանը դուրս է բերվում «մեկուսացումից», բայց միաժամանակ ներգրավվում է այլ կախվածությունների համակարգի մեջ, որտեղ վերահսկողության առանցքային լծակները գտնվում են արտաքին կենտրոններում։

Գյումրի-Ախուրյան ուղղությունն այս տրամաբանության մեջ դիտվում է՝ որպես Թուրքիայի համար լրացուցիչ մուտք դեպի Հայաստանի տարածք և տարածաշրջան, մինչդեռ Երասխ-Նախիջևան հատվածն ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապի ապահովման հետ։ Այս երկրորդ ուղղությունն արդեն ընդգրկվում է այն գործընթացների մեջ, որոնք հաճախ բնորոշվում են՝ որպես «միջանցքային քաղաքականություն», որտեղ առաջնային է ոչ թե տվյալ պետության սուվերեն վերահսկողությունը, այլ արագ և անխափան տարանցումն արտաքին դերակատարների համար։ Այս ամենի համատեքստում Հայաստանի մեկուսացման հաղթահարման մասին հռետորաբանությունն իրականում կարող է վերածվել նոր աշխարհաքաղաքական դասավորության, որտեղ երկիրը ոչ թե ազատվում է սահմանափակումներից, այլ հայտնվում է տարբեր, հատկապես՝ թուրքական ուժերի միջև բաշխված ազդեցությունների խաչմերուկում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930