Տուապսեում ԱԹՍ-ների հարձակումից վնասվել է Շահմելյանների տունը. մանրամասներ
Նավթավերամշակման գործարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Տուապսեի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի` Շահմելյանների տունը: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Տուապսեի շրջանի նախագահ Տիգրան Պողոսյանը՝ հստակեցնելով, որ նրանց տունը գտնվում է նավթագործարանի անմիջական հարևանությամբ:
«Կարևորը` մարդիկ չեն տուժել, ընտանիքում անչափահաս երեխաներ կան։ Վնասվել են պատուհանները, դռները և տանիքը։ Մեր համայնքն արդեն կապ է հաստատել նրանց հետ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Պողոսյանը։
Նա հավելեց` այն թաղամասում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շատ հայեր են ապրում։ Ընդհանուր առմամբ Տուապսեի շրջանում բնակվում է 23 հազար հայ։
Ինչպիսի՞ իրավիճակ է Տուապսեում
Ինչպես քաղաքում, այնպես էլ Տուապսեի շրջանում իրավիճակը էապես բարելավվել է: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել, ընթանում են տարածքի մաքրման ակտիվ աշխատանքներ:
«Կյանքը վերադառնում է բնականոն հուն: Մաքրման աշխատանքներ են տարվում, բայց դա, իհարկե, արագ գործընթաց չէ»,- ասել է Պողոսյանը։
Հետևանքների վերացմանը մասնակցում են փրկարարներ, հրշեջներ, կամավորներ և տեղի բնակիչներ:
Հայ համայնքը, այդ թվում` երիտասարդությունը, ակտիվ ներգրավված է տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Նրանք ստանում են մարդասիրական օգնություն, հագուստ և սննդամթերք: Այս ամենն արվում է իշխանությունների հետ սերտ համակարգմամբ:
«Բոլորս կապի մեջ ենք թե՛ շրջանի ղեկավար Սերգեյ Ալեքսանդրովիչ Բոյկոյի, թե՛ նրա տեղակալների հետ: Մշտապես ճշտում ենք, թե որտեղ է պետք օգնություն պետք հրշեջների և կամավորների համար ( ջուր, սնունդ), ամեն ինչ կազմակերպում և հասցնում ենք»,- նշել է նա։
Համայնքի ղեկավարի խոսքով` պայթյունների շարքից հետո առաջին ժամերին իրավիճակը ծայրահեղ ծանր էր. թանձր ծխով պատված քաղաք, գրեթե զրոյական տեսանելիություն, շնչելը դժվար էր: Բնակիչներին խորհուրդ էր տրվել դուրս չգալ տներից:
Հիմա նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում քաղաքի առանձին թաղամասերում. մարդիկ բժշկական դիմակներով են դուրս գալիս, արդյունաբերական գոտու շրջանում նույնիսկ բախիլներ են հագնում:
Տարածաշրջանում դեռևս գործում է արտակարգ իրավիճակների ռեժիմը, քանի որ նոր հարձակումների ռիսկը պահպանվում է։
«Ասում են, որ դա կարող է կրկնվել յուրաքանչյուր չորս օրը մեկ: Այժմ բոլոր ծառայությունները լիարժեք պատրաստվածության վիճակում են»,- եզրափակել է Պողոսյանը։



