Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Կ․ Դեմիրճյան 25/2) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
– սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
– ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին և իրարից հնարավորինս հեռավորության վրա,
– սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի պատրաստման գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման աշխատանքների, ինչպես նաև միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
– սարքավորումները` մասնավորապես խոհանոցի գազօջախը և սառնարանը, չեն պահվել բարվոք վիճակում,
– սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։



