Եթե Ֆրանսիայի նախագահը անտեսում է Մայր Աթոռը, ապա դա նշանակում է՝ անտեսել հայ ժողովրդին. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. « Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք Պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի, Մակրոնը բացի Փաշինյանի հետ հանդիպումից, կհանդիպի նաեւ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյանի հետ, նաեւ կայցելի Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, ինչպես նաեւ Գյումրի՝ այնտեղ կլինի նաեւ երաժշտական փառատոն: և
Դե, Գյումրի այցը պայմանավորված է թերեւս նրանով, որ նախագահների Պետական այցը ենթադրում է մայրաքաղաքից բացի այլ քաղաք այցելություն: 2006 թվականին Ժակ Շիրակի այցի դեպքում այդպիսին դիտվել է Էջմիածինը, ուր նա այցելել է Մայր Աթոռ, իսկ 2011 թվականին Սարկոզիի եւ 2014 թվականին Օլանդի դեպքում՝ ծրագրում ներառված է եղել Գյումրին:
Այստեղ կա մեկ այլ շատ կարեւոր հանգամանք: Ֆրանսիայի այդ երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում եւ հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Դա Հայաստանում միշտ եղել է պետական արարողակարգի մաս: Հիմա, գիտենք, որ պաշտոնական Երեւանը այդ իմաստով «քանդել» է պետական արարողակարգը:
Մակրոնի պետական այցի համատեքստում չի հաղորդվում Մայր Աթոռ այցի մասին: Բայց, այստեղ կա շատ էական մի բան: Եթե Երեւանը պետական արարողակարգը փոխել է, ապա դա դեռ չի նշանակում, որ փոխվել է հայ ժողովրդի պատմությունը, համաշխարհային քրիստոնեության պատմությունը: Իսկ, թե հայ ժողովրդի պատմության, ինքնության, թե համաշխարհային քրիստոնեական պատմության համատեքստում Հայ Առաքելական եկեղեցու դերի մասին խոսելը թերեւս ավելորդ է անգամ: Հետեւաբար, անկախ պետական արարողակարգից, հայ ժողովրդի հանդեպ հարգանքի եւ անգամ քրիստոնեական պատմության հանդեպ հարգանքի պարագայում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ինքը պետք է ցանկություն արտահայտի լինել Մայր Աթոռում: Եթե Ֆրանսիայի նախագահը հայտնի այդ կամքն ու ցանկությունը, որեւէ մեկը պաշտոնական Երեւանում չի կարող խոչընդոտել դրա իրականացմանը: Իսկ հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը՝ թերեւս իրապես կողջունի Մակրոնին այդ քայլի համար:
Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահները Հայաստան պետական այցի ընթացքում պատվել են հայ ժողովրդի նկարագիրն ու ինքնությունը՝ Մայր Աթոռ այցով, եւ ֆրանսիական քաղաքակրթական վայելչությամբ պատվել են համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի մեծագույն դերը, որ եղել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու միջոցով:
Իսկ Ֆրանսիան իր քաղաքակրթական հետագծի պարագայում մշտապես մեծ ուշադրության է արժանացրել քրիստոնեության պատմությունն ու նաեւ հատկապես արեւելյան քրիստոնյաների հանգամանքը, այդ թվում նաեւ ֆրանսիական աշխարհաքաղաքականության պարադիգմում:
Այդ իմաստով, Մակրոնի հայաստաննյան այցը դառնում է նաեւ որոշակի «քննություն», ու թող դա բոլորովին չհնչի մեծամիտ կամ սնապարծ:
Եթե Ֆրանսիայի նախագահը անտեսում է Մայր Աթոռը, ապա դա՝ ոչ ավելի եւ ոչ պակաս, նշանակում է անտեսել հայ ժողովրդին»:



