«Ավելի է ամրակայվում այն մոտեցումը, որ հնարավոր է՝ այս ԱԺ-ն լինի անցումային, 1-2 տարի հետո նոր ընտրություններ կազմակերպեն». Նարինե Դիլբարյան
Լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը կարծում է, որ հասարակությունը չի գիտակցում խորհրդարանի կարևորությունը:
«Ինձ զարմացրել է այն, որ սոցիալական ցանցերում օգտատերերն ուրախացել էին՝ լսելով, որ քարոզարշավը 12 օր է տևելու: Ձևակերպումն այսպիսին էր՝ քիչ զահլա կտանեն: Այսինքն, հասարակության մի զգալի շերտ, կարելի է ասել՝ չի գիտակցում խորհրդարանի կարևորությունը քաղաքական դաշտում, և ավելի է ամրակայվում քաղաքական ուժերի այն մոտեցումը, որ հնարավոր է՝ այս ԱԺ-ն լինի անցումային, 1-2 տարի հետո նոր ընտրություններ կազմակերպեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարինե Դիլբարյանը;
«Ընտրազանգվածը երբեք էլ չի հասկացել խորհրդարանի կարևորությունը, որովհետև եթե հասկանար՝ չէր գնա սարսափելի քանակով փող վերցնելու: Տարիներ շարունակ ընտրություններից առաջ բակերում հավաքվում, քննարկում էին, թե ո՞վ է գալու, ինչքա՞ն է վճարելու: Այս անգամ մի քիչ ուրիշ է»,- նկատեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք 1-2 տարի հետո ԱԺ նոր ընտրություններ կազմակերպելու խոսակցությունները տեղին են, գուցե սա արդեն ավանդո՞ւյթ դառնա, Կարեն Քոչարյանը պատասխանեց.
«Այդ խոսակցությունը սկսել են ոչ թե քաղաքական կուսակցությունները, այլ այն գործիչները, որոնք սպասում էին, որ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» իրենց առաջարկ կանի: Դա չեղավ, որից հետո, իրար հերթ չտալով, սկսեցին ասել, որ 1-2 տարվա կյանք ունի այս խորհրդարանը: Նման բան չկա: Ինչի՞ց ելնելով են այդպես ասում: Թող բացատրեն, ես դա չեմ հասկանում: 1999 թվականի ԱԺ ընտրություններից առաջ այս նույն վիճակն էր»:
Հարցին, թե ո՚՞ր ուժերը հնարավորություն ունեն հայտնվել ԱԺ-ում, Նարինե Դիլբարյանն ասաց.
«Հուսեր կան, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ակտիվացված ՀՀԿ-ն կկարողանան գրավել ընդդիմության դաշտը: ՀՀԿ-ն հաջող ընտրարաշավ կազմակերպելու դեպքում կարող է հաղթահարել անցողիկ շեմը»:
Նրա հետ համաձայնեց Կարեն Քոչարյանը՝ շեշտելով.
«ՀՀԿ-ն անցողիկ շեմը կանցնի, որովհետև վերջին 20 տարում, երբ իշխում էր, կա մի զանգված, որ իրեն լավ են զգացել ՀՀԿ-ի ժամանակ»:
Ինչ վերաբերում է կուսակցությունների դժգոհություններին, թե ժամանակը քիչ է, չեն կարողանում պատրաստվել, քաղտեխնոլոգը նկատեց.
«Կուսակցությունները որ դժգոհում են, թե ժամանակը կարճ է, միշտ ուզում եմ ծիծաղել. անընդհատ ասել ենք, որ ընտրություններին չեն պատրաստվում 2-3 ամիս առաջ, այն սկսվում է անմիջապես հաջորդ օրը: Մայիսից բոլոր ուժերը պետք է փորձեին բանակցել, դաշինքներ կազմել, աշխատեին ընտրազանգվածի հետ: Ոչ ոք ոչինչ չարեց. նստել սպասում էին, թե երկնքից ե՞րբ երեք խնձոր կընկնի, ու մեկը կբռնեն»:
Անդրադառնալով բիզնեսմենների՝ ԱԺ-ում հայտնվելուն, Կարեն Քոչարյանը նշեց.
«Հիմա խաղի կանոններն այլ են, շատերը կուզեն գլուխներն առնել, գնալ իրենց բիզնեսով զբաղվել: Վախենում են նրանք, ովքեր ոչ թե բիզնեսմեն են եղել, այլ ունեցել են պետության քվոտան»:
Անի Կարապետյան